Մատչելիության հղումներ

Սարկոզի. «Պատմական փաստերի ժխտումը անհնար է դարձնում տեւական հաշտեցումը»


Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2011թ.
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2011թ.
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուրբաթ օրը Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան կատարած այցը կարեւոր է իր համար:

Սարկոզիի փոխանցմամբ` Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ հետեւում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, հաշվի առնելով հայկական մեծ համայնքի առկայությունը, որը մեծ դերակատարություն ունի Ֆրանսիայում։

Նիկոլա Սարկոզին ընդգծեց, թե հայերը լավ գիտեն, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Ֆրանսիան ձեռք մեկնեց հայերին, եւ այսօր` 2011-ին էլ Հայաստանը մենակ չէ, քանի որ Ֆրանսիան առանձնահատուկ կապեր ունի Հայաստանի հետ:

«Ես ասացի, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր ճանապարհը շարունակի դեպի խաղաղություն` խաղաղություն Ադրբեջանի հետ, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Իհարկե, ես նաեւ Հայաստանի նախագահին քաջալերեցի շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ: Անընդունելի է, որ 2011 թվականին Թուրքիայի հետ սահմանը փակ մնա», - ասաց Նիկոլա Սարկոզին` հավելելով, որ կաջակցի խաղաղության հաստատմանն ուղղված Սերժ Սարգսյանի ջանքերին:

Պատասխանելով Les Nouvelles d’Armenie հանդեսի հարցին, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ի՞նչ քայլերի կարող է գնալ Ֆրանսիան, Սարկոզին ասաց, որ հավաքական ժխտումը ավելի ցավալի է, քան անհատական ժխտումը: Դա չի նշանակում, որ անձնական ժխտումը ընդունելի է: Բայց եթե Թուրքիայի նման մեծ երկիրը ճանաչեր իր պատմության սեւ օրերը եւ, իհարկե, ցեղասպանությունը. ապա Ֆրանսիան եւ Հայաստանը դա կհամարեին հաշտությանն ուղղված քայլ։

«Տեւական հաշտություն չի կարող լինել` ժխտելով մյուսի տառապանքները, տեւական հաշտություն չի կարող լինել պատմական փաստերի ժխտման հիման վրա։ Եթե Թուրքիայի նման մեծ երկիրը իր մեջ ուժ գտներ այս քայլին գնալու համար, ապա Ֆրանսիայի համար դա բավարար կլիներ, քանի որ օրենքի ուժով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Իսկ եթե Թուրքիան այդ քայլին չդիմի եւ շարունակի ժխտել ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան այդ ժամանակ կցանկանա ավելի հեռուն գնալ եւ փոխելով իր օրենսդրությունը` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ կսահմանի», - ասաց Ֆրանսիայի նախագահը` հավելելով. - «Իմ պատասխանը, կարծում եմ, շատ պարզ է, բայց, իհարկե, ժամանակացույցի տեսանկյունից Ֆրանսիան չէ, որ պետք է ուլտիմատում ներկայացնի Թուրքիային կամ որեւէ այլ երկրի: Մանավանդ որ այդ կերպ հնարավոր չէ նպաստել հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։

Նիկոլա Սարկոզին նշեց, որ ժամանակը անսահման չէ` 1915 թվականից մինչեւ այսօր` 2011 թվականը բավական ժամանակ է անցել խորհրդածելու համար։ «Ես ժամկետային սահմանափակում չեմ մատնանշում, որովհետեւ հույս ունեմ, որ թուրք հասարակությունն ու ղեկավարությունը ճիշտ կարձագանքի։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս ամենը տեղի կունենա իմ մանդատի ժամանակահատվածում», - ասաց Ֆրանսիայի նախագահը։

Սարկոզին պատասխանեց նաեւ այն հարցին, թե ի՞նչ է անում Ֆրանսիան, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի հրահրումը: Հանրային հեռուստաընկերության լրագրողը նշեց, որ տարածաշրջանում Եվրամիության կողմից իրականացվող էներգետիկ ծրագրերը Ադրբեջանը օգտագործում է ի վնաս տարածաշրջանի եւ այդ ծրագրերից ստացված եկամուտները ուղղում է մեծ քանակությամբ սպառազինությունների ձեռք բերմանը:

Ֆրանսիայի նախագահը նշեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հայերն ու ադրբեջանցիները պետք է շարունակեն բանակցել, ընդգծելով, որ երկու կողմին էլ անհրաժեշտ է խաղաղությունը:

Նույն հարցին անդրադարձավ նաեւ Հայաստանի նախագահը, ասելով, որ, իհարկե, հարգանքով եւ ըմբռնումով են մոտենում էներգետիկ անվտանգություն եւ էներգակիրների բազմազանեցում ապահովելու` Եվրամիության երկրների ցանկությանը, «բայց այդ ծրագրերը պետք է լինեն այնպես, որ դրանից եկած արդյունքները ծառայեն խաղաղությանը եւ ոչ պատերազմին»:

«Այդ ծրագրերը այնպես պետք է իրականացվեն, որպեսզի, Աստված մի արասցե, չդառնան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ», - ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Նիկոլա Սարկոզին անդրադարձավ նաեւ Հայաստանի ատոմակայանի խնդրին` ասելով, որ մի քանի շաբաթից հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստան կգա մի խումբ, որը կփորձի օժանդակել Հայաստանին` ատոմային էներգետիկայի բնագավառում:

Ասուլիսի սկզբում ներկայացնելով իր եւ Ֆրանսիայի նախագահի հանդիպման ժամանակ քննարկված թեմաները, Հայաստանի նախագահը, մասնավորապես, փոխանցել էր. - «Հատուկ անդրադարձ կատարեցինք հարաբերությունների առեւտրատնտեսական բաղադրիչին, եւ շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահն իր հաստատակամությունը հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը խրախուսելու գործում: Արդյունավետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում մեզ հաջողվում է առարկայացնել ֆրանսիական ընկերությունների առավել ընդգրկուն մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Հատկապես ուրախալի էր Ֆրանսիայի պատրաստակամությունը ներգրավվելու էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային կայանի նոր էներգոբլոկի կառուցման աշխատանքներում, ինչպես նաեւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերում»։

Համատեղ ասուլիսից հետո երկու երկրների նախագահները, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի մասնակցությամբ, ներկա գտնվեցին Կասկադում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը։

Թանգարանի կառուցման վրա պետբյուջեից ծախսվել է մոտ 1 միլիոն
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
300 հազար եվրո: Նախատեսվում է, որ Հայաստան ժամանելիս հենց այս տանը պետք է բնակվի շանսոնիեն: Տուն-թանգարանում միաժամանակ նաեւ կազմակերպվելու է Ազնավուրին պատկանող իրերի` գրքերի, սկավառակների, պարգեւների ցուցադրություն¸ որոնք շանսոնիեն անձամբ ուղարկել է թանգարանին։

Այնուհետեւ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլա Սարկոզին եւ Սերժ Սարգսյանը միասին բացեցին Օգյուստ Ռոդենի հեղինակած` նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին։

Ֆրանսիայի նախագահին դիմավորելու համար հրապարակում հավաքվել էին բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ եւ պարզապես հետաքրքրասեր քաղաքացիներ։

Ողջունելով հավաքվածներին` Նիկոլա Սարկոզին նշեց, որ Ռոդենի քանդակը բարակամության խորհրդանիշ է։

«Ի սկզբանե Հայաստանը ֆրանսիացիների սրտում է, մեր երկու երկրները նման են իրար եւ իրենք դա լավ գիտեն», - ասաց Ֆրանսիայի նախագահը` խոսելով նաեւ Հայոց ցեղասպանությունից։ «Անցյալ դարի սարսափելի փորձություններն են, որ վերջնականապես միավորեցին մեր ժողովուրդների անխախտ բարեկամությունը։ Ֆրանսիան ճանաչեց մի ողջ ժողովրդի դեմ կատարված մահվան դատավճիռը` այն կոչելով իր իսկական անունով` ցեղասպանություն», - ասաց Սարկոզին` արտաբերելով ցեղասպանություն բառը հայերեն։

Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
«Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան», - հայերեն ասաց Ֆրանսիայի նախագահը, ապա նույնը կրկնեց ֆրանսերեն. - «Vive l'Armenie, et vive la France»։

Մինչ Ֆրանսիայի հրապարակը լքելը, Նիկոլա Սարկոզին մոտեցավ հրապարակում հավաքված մարդկանց եւ ձեռքսեղմումներով ջերմորեն ողջունեց առաջին շարքերում կանգնածներին:


please wait

No media source currently available

0:00 0:05:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG