Մատչելիության հղումներ

Թոմաս դե Վաալը` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին


Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի անկախության 18-ամյակի տոնակատարությունների ժամանակ, Ստեփանակերտ, 2-ը սեպտեմբերի, 2009թ.
Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի անկախության 18-ամյակի տոնակատարությունների ժամանակ, Ստեփանակերտ, 2-ը սեպտեմբերի, 2009թ.
The National Interest հանդեսը հրապարակել է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Վլադիմիր Պուտինը եւ Հարավային Կովկասը» վերտառությամբ հոդվածը։

Հեղինակը գրում է, որ Ռուսաստանի հարեւանները այժմ փորձում են գուշակել, թե իրենց համար ինչ կարող է նշանակել Կրեմլ վերադառնալու Պուտինի մտադրությունը։ Այդպիսի տարածաշրջաններից մեկը Հարավային Կովկասն է։

Վերլուծաբանի համոզմամբ` Պուտինի ազդարարած վերադարձը հարավկովկասյան լիդերներին վստահաբար կստիպի վերանայել հաշվարկները։ Հայաստանում այդ լուրն անպայման կուրախացնի Ռոբերտ Քոչարյանին` եւս մեկ նախկին նախագահի, ով ստվերում էր։ Կան ակնհայտ զուգահեռներ` երկուսն էլ երկու անգամ անընդմեջ պաշտոնավարելուց հետո 2008 թվականին են հեռացել նախագահական նստավայրից եւ աթոռը հանձնել են վստահելի գործիչներին։ Ինչպես եւ Պուտինը, Քոչարյանն էլ ունի կոշտ եւ անզիջում անձնավորության համբավ։ Ուստի, նա կարող է իր երբեմնի դաշնակցի վերադարձը դիտել որպես իր հանրային կարիերան վերսկսելու պատեհություն։

Սակայն այս խնդրում, ընդգծում է դե Վաալը, կան նաեւ հստակ տարբերություններ։ Մասնավորապես, նշում է վերլուծաբանը, ի տարբերություն Դմիտրի Մեդվեդեւի` Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետը 2013 թվականին է սպառվում, իր նախորդի հետ հավասար դիրքի է. երկուսն էլ մոտ երեք տասնամյակ համագործակցել են, իրենց քաղաքական կարիերաները անցած դարի 80-ականների սկզբին են սկսել, ընդ որում` Ստեփանակերտի կոմերիտական կազմակերպությունում Սարգսյանը Քոչարյանից ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել։

Այդուհանդերձ, ըստ Թոմաս դե Վաալի, հիմնական տարբերությունն այն է, որ եթե Ռուսաստանում կայանան արդար ընտրություններ, այլ ոչ թե ձեւական թագադրություն, ապա մեծ ժողովրդականություն վայելող Պուտինը, ամենայն հավանականությամբ, իսկապես կհաղթի, մինչդեռ ժողովրդի կողմից ծայրաստիճան չսիրված Քոչարյանը վերադարձի փորձ անելու դեպքում կհանդիպի հանրության հզոր հակազդեցությանը։ Սերժ Սարգսյանը դա գիտակցում է, եւ Քոչարյանի վերադարձի փորձը նրան նույնիսկ կարող է ընդդիմության լիդերների լռելյայն աջակցությունն ապահովել, քանի որ նրանք կցանկանան նստավայրում Քոչարյանի փոխարեն Սարգսյանին տեսնել, կարծիք է հայտնում վերլուծաբանը։

Լեռնային Ղարաբաղի հարցում, Թոմաս դե Վաալի համոզմամբ, կարելի է ակնկալել, որ Պուտինը Մեդվեդեւից ավելի քիչ կմիջամտի։ Ըստ որոշ տվյալների, 2004 թվականին Աստանայում Պուտինը խիստ զայրացել է, նա փորձել է միջնորդել Ղարաբաղի հարցով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախ ուշացել են հանդիպման, ապա Պուտինի ներկայությամբ ներքաշվել են տհաճ վիճաբանության մեջ։ Պուտինը, ըստ դե Վաալի, այլեւս չի ցանկանում հայտնվել նման կացության մեջ, ի տարբերություն Մեդվեդեւի, ով Սարգսյանի եւ Ալիեւի 9 հանդիպում է կազմակերպել։

2007 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ասուլիսում պատասխանելով Ղարաբաղի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին` Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որեւէ որոշում չի պարտադրի։ «Դուք` հայերդ եւ ադրբեջանցիներդ, չպետք է այս հարցը մեր վրա բարդեք, էդ դուք պետք է լուծում գտնեք»,- հայտարարել էր նախագահ Պուտինը։

Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, այդ ասուլիսին նա դրանով չի բավարարվել եւ ավելի թեթեւ թեմա է զարգացրել` հիշեցնելով ներկաներին, թե ինչ լավն էր «Աղդամ» անունով էժան պորտվեյնը, առաջարկել էր, որ հայերն ու ադրբեջանցիները վերականգնեն Աղդամ քաղաքը եւ վերսկսեն այդ անվամբ գինու արտադրությունը։

Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, Պուտինը, կարծես, միտումնավոր ցանկանում էր նկատել տալ, որ այդ խնդիրը իր համար մեծ նշանակություն չունի եւ ընդամենն առնչվում է իր ուսանողական տարիների էժան խմիչքի հետ։

Միխեիլ Սահակաշվիլիի հարցում ավելի պարզ պատկեր է, նա եւ Պուտինն իրար ատում են։ Վլադիմիր Պուտինը Նիկոլա Սարկոզիին ժամանակին բավական կոպիտ ասել է, թե կցանկանար «Սահակաշվիլիին ամորձիներից կախել»։ Սահակաշվիլին էլ արձագանքել էր, թե «Կրեմլում կա մի Լիլիպուտին մարդ»։

Երկու երկրների միջեւ 2008-ին տեղի է ունեցել պատերազմ։ Վստահաբար կարելի է ենթադրել, որ Կրեմլ Պուտինի վերադարձի դեպքում ռուս-վրացական վատ հարաբերությունները կդառնան վատթարագույն։ Մինչդեռ, Վրաստանն առ այսօր խոչընդոտում է Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։

Ամփոփելով հոդվածը` վերլուծաբանը գրում է. - «Այս ամենը, իհարկե, առանձնապես խոստումնալից չէ։ Սակայն Պուտինի վերադարձի մասին բոլոր կանխագուշակումներն էլ վերջնական համարել չի կարելի։ Ի վերջո, Պուտինը իրատես է, ով գործ կունենա ավելի թույլ Ռուսաստանի հետ, քանի որ ներկայիս հանգամանքները տարբերվում են 2008 թվականի քաղաքական եւ տնտեսական իրավիճակից։ Ուստի, հնարավոր է, որ Պուտինը փորձի օգտագործել իր ազդեցությունը եւ Ռուսաստանի անունից առաջարկել ռազմավարական մեծ հաշտություն հարավային փոքր հարեւաններին։ Սա հնարավոր է, բայց քիչ հավանական»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG