Մատչելիության հղումներ

Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրվեցին տարվա լավագույն մանկավարժները


Անցյալ տարի Ազգային ժողովը ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը` այդպիսով պաշտոնական տոնացույցում ամրագրելով Ուսուցչի օրը, որը հոկտեմբերի 5-ին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի 100 երկրներում:

Ուսուցչի համաշխարհային օրը որպես ուսուցչի եւ ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994 թվականին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից եւ ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում:

Այսօր Կրթության եւ գիտության նախարարության կողմից օրվա առիթով պարգեւատրվեցին ոչ միայն ուսուցիչները, այլեւ տնօրեններն ու մանկապարտեզների դաստիարակները:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ուսուցիչը պետության եւ հասարակության կողմից միաժամանակ ե'ւ գնահատված է, ե'ւ ճիշտ հակառակը. - «Մանկավարժները պետք է լինեն ամենահարգված մարդիկ, դպրոցներ ամենադժվար ընդունվողները, լավագույնները պետք է գնան մանկավարժական կրթություն ստանալու: Մենք մանկավարժական կրթության մեծ բարեփոխումների առջեւ ենք կանգնած: Ուսուցչի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է բանաձեւենք ամեն օր»:

Իհարկե կան մանկավարժներ, որոնք, ըստ նախարարի, արժանի չեն կոչմանը եւ պախարակում են այդ անունը:

Ոսուցիչները, տնօրենները եւ դաստիարակները մրցանակների եւ պատվոգրերի արժանանալուց առաջ նախ մասնակցել են նախարարության հայտարարած մրցույթի մարզային, ապա հանրապետական փուլերին, ինչի արդյունքում էլ ընտրվել են լավագույնները:

40 տարվա մանկավարժական փորձ ունեցող, արդեն 23 տարի, որպես տնօրեն աշխատող Յուրի Ջիլավյանը պետության կողմից ստացավ առաջին պատվոգիրը: Ըստ նրա, մանկավարժն այսօր արժանի ուշադրության չի արժանանում պետության կողմից:

«Մանկավարժն այսօր միջինից ցածր է ապրում, շատ հոգսեր ունի, որոնք այսօրվա աշխատավարձով հնարավոր չէ լուծել: Պետությունը պետք է կարողանա հոգսերը գոնե մասամբ թեթեւացնել», - ասաց Ջիլավյանը:

Սիսիանի թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանի համոզմամբ, սակայն, լավագույնները միշտ էլ գնահատվում են, եթե ոչ պետության, ապա գոնե աշակերտների եւ նրանց ծնողների կողմից:

«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աշտարակի «Հովիկ» մանկապարտեզի դաստիարակ Հռիփսիմե Ներսիսյանը: Նրա կարծիքով` պետք է այսօր սիրես աշխատանքդ, երեխաներին, որպեսզի կարողանաս այդ չնչին գումարով աշխատել. - «Աշխատավարձը պարզապես սիմվոլիկ կարելի է համարել»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ մի շարք երկրների համեմատ Հայաստանում կրթության վրա ծախսվում են չնչին գումարներ, եւ ստանում ենք որակ, որը շատ վատը չէ:
XS
SM
MD
LG