Մատչելիության հղումներ

Քաղտեխնոլոգը հավանական չի համարում շուրջօրյա հանրահավաքների ցրումը ուժով


Ազատության հրապարակ, 1-ը հոկտեմբերի, 2011թ.
Ազատության հրապարակ, 1-ը հոկտեմբերի, 2011թ.
«Գործնականում շատ դժվար կլինի բանակցային գործընթացը կանխել, որովհետեւ ուժային մեթոդով շուրջօրյա հանրահավաքի ցրումը նշանակում է հարված երկխոսությանը, իսկ երկխոսությունը միայն ՀԱԿ-ի [Հայ ազգային կոնգրես] պահանջը չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Միաժամանակ, նա տեսականորեն չբացառեց նաեւ նման տարբերակը։

«Մի տեսակ անհասկանալի է մյուս քաղաքական ուժերի կեցվածքը, վարքագիծը։ Ի՞նչ զարգացումներ եք սպասում առաջիկայում», - այս հարցին Բադալյանը արձագանքեց. - «Նախ, ՀԱԿ-ի առաջարկությանը բանակցային գործընթացը սկսելու մասին դրական կամ բացասական կարող է պատասխանել ընդամենը մեկ անձ` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որովհետեւ կոալիցիան չի որոշելու` գնա՞լ բանակցությունները սկսելուն, թե՞ չսկսել բանակցությունները, ուժային մեթոդներով ցրե՞լ այս շուրջօրյա հանրահավաքները, թե՞ չցրել»։

«Մյուս քաղաքական ուժերը, ասենք` փաստացի գոյություն չունեցող ՕԵԿ-ը [«Օրինաց երկիր» կուսակցությունը], թե ինչ կորոշի` դա էական չէ։ «Բարգավաճ»-ը [«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը] իր առանձին քաղաքականությունն է իրականացնում։ «Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը չունեն քաղաքական դաշտում այն ազդեցությունը, որպեսզի կարողանան միջամտել այս բանակցային գործընթացին», - նշեց քաղաքական տեխնոլոգը` հավելելով. - «Սակայն նրանց վերաբերմունքը, վերջնական տեսակետից, էական չէ, էական է միայն հանրապետության նախագահի որոշումը, որովհետեւ իշխանության ճամբարում միայն նա է որոշումը կայացնելու»։

«Եթե նա չգնաց բանակցային գործընթացի վերսկսմանը եւ շուրջօրյա հանրահավաքները ուժային ճանապարհով ցրեց, բավականին լուրջ խնդիրներ է ունենալու, որովհետեւ, ինչպես գիտենք, դեռեւս ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը երբ քննարկվում էր Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում, նա այդպիսի մի արտահայտություն արեց, որ այս բանակցային գործընթացների կայացմանը աջակցել է նախկին դեսպանը։ Այսինքն` սա նաեւ ԱՄՆ-ի կառավարության ցանկությունն է` բանակցային գործընթացը շարունակել», - ամփոփեց Արմեն Բադալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG