Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը շուրջօրյա հավաքի մասնակիցներին կոչ է անում «հանել տեղադրված վրանները»


«Հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչեւ հավաքի ցրումը»,- նշված է այսօր Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանության փոխանցմամբ, սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ժամը 19.00-ից անցկացված հանրահավաքը, ըստ ի գիտություն ընդունված իրազեկման, պետք է ավարտվեր ժամը 23.00-ին, սակայն «սահմանված ժամին հանրահավաքի կազմակերպիչները չեն ավարտել հանրահավաքը»:

«Ընթացող հավաքն անօրինական է եւ դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը»,- հայտարարում է Ոստիկանությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ՝ «քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը եւ դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը եւ այլոց սահմանադրական իրավունքները»:

«Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված վրանները»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այսօր օրվա ընթացքում Ազատության հրապարակում կայանված ոստիկանական մեքենայից իրավապահները պարբերաբար բարձրախոսով հայտարարում էին, որ ակցիան ապօրինի է:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից իր ելույթում անհամաձայնություն հայտնեց հավաքի ապօրինի լինելու մասին ոստիկանության պնդումների առնչությամբ՝ հայտարարելով, որ այն ինքնաբուխ միջոցառում է եւ ինքն է միջոցառման պատասխանատուն։

«Այսինքն այդ զգուշացումը մեզ է ուղղված` կազմակերպիչներիս: Անձամբ` ինձ։ Ես դա գիտեմ, ես այդ ճանապարհն անցել եմ 1988 թվականից: Թեեւ ես համաձայն չեմ, որ մեր միջոցառումն անօրինական է. սա տեղավորվում է օրենքի շրջանակներում: Բայց եթե իրենք որոշել են, որ դա անօրինական է, դատարանն էլ է իրենց ձեռքում, դատախազությունն էլ: Կապացուցե՞ն՝ թող ապացուցեն, դրա պատասխանատվությունը` գիտեմ, ընդամենը դրա համար տուգանք է հասնում, ես այդ տուգանքը կվճարեմ` պատրաստ եմ: Գորբաչովն ինձ երեք անգամ տուգանել է` երեք անգամ»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:

ՀԱԿ մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ դիմեց բարձրախոսով խոսող ոստիկանին. - «Եղբայր, բա էս ընտրություններում, էս իշխանությունն օրենքո՞վ է հաղթել։ Բա էդ ժամանակ ինչու էդ մեքենան չէիր քշում, կանգնեիր ասեիր` ընտրություններն օրենքով չեն… բա որ մարտի մեկին էդ անմեղ տղերքին փողոցում կրակում էին, ինչո՞ւ օրենքի մասին չէիք խոսում, էդ միկրոֆոնիցդ ինչու չէիր հայտարարում… Դե երբ որ դա կասես, էն ժամանակ կգաս ինձ կասես, որ անօրեն միտինգ եմ անում»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ եթե իշխանությունները որոշեն բիրտ ուժով ցրել հավաքը, դա նրանց շատ ծանր դրության մեջ կդնի, քանի որ հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ում քննարկվում է Հայաստանի հարցը, շուտով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին է գալու Հայաստան: Հայաստանի իշխանությունները նրանց առաջ պատասխանատու են իրենց արարքների համար:

ՀԱԿ-ի շուրջօրյա հավաքը Ազատության հրապարակում շարունակվում է: Տեղակայված են 20-ից ավելի վրաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG