Մատչելիության հղումներ

Ինքնասպանության արտառոց դեպքի պատճառները դեռ անհայտ են


Տեսարան Դիլիջանից
Տեսարան Դիլիջանից
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի Գայանե Մնացականյանը սեպտեմբերի 25-ին ինքնասպան է եղել: Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նրա 25-ամյա որդին եւ 23-ամյա դուստրը: Իրենց կյանքին նրանք փորձել են վերջ տալ նախաբազուկներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով:

Դիլիջանի բժշկական կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ տղայի վերքերը համեմատաբար խորն են եղել, սակայն հիմա ե'ւ քույրը, ե'ւ եղբայրը կայուն վիճակում են: Բժշկական կենտրոնի հոգեբույժ Ալբինա Սերոբյանը դեպքի հաջորդ օրը զրուցել է տղայի հետ, եւ ինքասպանության փորձ կատարած տղան ասել է, որ զղջում է իր արարքի համար:

«Երեք օր ես նրա հետ զրուցել եմ, եւ նա ինձ ասել է` բժշկուհի ջան, ես այնպիսի պատասխանատվություն ունեմ քրոջս առաջ (նաեւ ունի սիրած աղջիկ, որին չափազանց ջերմ է վերաբերվում), որ նման քայլ այլեւս չեմ անի», - պատմեց Սերոբյանը:

Մարտիրոսյանների հայրը արդեն մոտ երկու տարի իր ընտանիքի հետ չի բնակվում, հիվանդության պատճառով տեղափոխվել է հարազատների տուն` Սպիտակ քաղաք: Տղան հոգեբույժին փոխանցել է, որ հայրը հաճախ խմում էր, եւ ինքը տարիներ առաջ հորը դաս տալու համար փորձել է նրա աչքի առաջ սուր գործիքով վնասել ձեռքերը:

«Արել է նման բան` ոչ թե ինքնասպանություն գործելու համար, ինչպես այս անգամ խորը վերքեր, այլ` քերծվածքներ է առաջացրել: Ինքը դա չի ժխտում դա, ասում է` երբ հայրս գալիս տուն խմած վիճակում, ես արել եմ դա` որպես բողոք, որ հայրս զգա, որ սթափվի», - ասաց Սերոբյանը:

Հոգեբույժը չի կարողացել բացահայտել, թե որն է եղել ընտանիքին ինքնասպանության դրդող պատճառը:

«Իմպուլսիվ, միանգամից պատճառ չէր, երկար տարիների նստվածքն էր, որպես նստվածք` նա հիմնականում իր հոր հետ շփումները նշեց, ասաց, որ իրենք երեքով ոչ մի պրոբլեմ` ոչ բարեկամի, ոչ հարեւանի, ոչ ընկերոջ հետ չեն կիսել, եղել են ինքնամփոփ, խիստ պարփակված ընտանիք», - ասաց հոգեբույժը:

Տղան ու աղջիկն ասել են, որ հոր հետ որեւէ կապ չունեն: Նրանք, հոգեբույժի խոսքով, հոր մասին տհաճությամբ են խոսել:

Մարտիրոսյանների տուն «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին տան դարպասները փակ էին, իսկ տան վրա այն վաճառելու մասին ցուցանակ էր փակցված: Հարեւանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ որեւէ կապ չեն ունեցել Մարտիրոսյանների ընտանիքի հետ, տեսնելիս բարեւել, անցել են: Ինքնասպան եղած Գայանե Մնացականյանը հարեւաններից շփվել է միայն Նատալյա Ենգիբարյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ենգիբարյանն ասաց, որ Մարտիրոսյանների ընտանիքը թաղամասում միշտ օրինակելի է համարվել, 20 տարի մտերիմ հարեւաններ են եղել, սակայն [Գայանե Մարտիրոսյանի] ամուսնու հետ ապրելու ժամանակ էլ չի նկատել, որ վիճեն եւ սոցիալական լուրջ խնդիրներ ունենան:

«Ոչ մի խնդիր էլ չունեին, ինքը չէր աշխատում, երեխաներն էին աշխատում, կազմակերպված... գործի տեղն էլ միշտ դրական են արտահայտվել: Իրենք բաժանված չեն եղել, ամուսինը հիվանդ է եղել, դիալեզի պատճառով գնացել է Սպիտակ, որ մոտ լինի Լենինականին, գնա այնտեղ գա, որ ասեմ խմող էր, չէ, ես չեմ նկատել», - ասաց Ենգիբարյանը:

Ենգիբարյանը նաեւ ասաց, որ երբ ընտանիքի հայրը հիվանդացել է, բուժման կարիք է ունեցել, ասել է, որ տունը վաճառեն եւ եկամտի իր բաժինը իրեն տան:

Դիլիջանի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Մարտիրոսյանները ոչ մի անգամ չեն դիմել սոցիալական օգնություն ստանալու համար. նրանք ընդհանրապես որեւէ խնդրով քաղաքապետարանին չեն դիմել: Ինքնասպանության փորձ կատարած Մարտիրոսյան քույրն ու եղբայրը երեքշաբթի օրը Դիլիջանի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Նոր Նորքի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց, որտեղ, բժիշկների խոսքով, հոգեբանական համալիր ստուգում անցնելուց հետո միայն, հավանաբար պարզ կլինի ինքնասպանության փորձի իրական պատճառը:

please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG