Մատչելիության հղումներ

Շուշին հատակագիծ կունենա


Պատերազի հետեւանքով ավերված շինություն Շուշիում
Պատերազի հետեւանքով ավերված շինություն Շուշիում
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը առաջին անգամ կունենա իր հատակագիծը: Այսպիսով մասնագետները փորձում են Շուշին փրկել քաղաքաշինական աղավաղումից, սակայն տեղական իշխանության ներկայացուցիչները ընդդիմանում են այդ փորձերին:

Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության վարչության կողմից պատվիրված այդ նախագիծը ներկայացվեց շահագրգիռ մարմիններին: Նախագծի հեղինակ, ճարտարապետ-վերականգնող Հովհաննես Սանամյանը, բացասական գնահատելով երբեմնի մշակութային կենտրոն Շուշիի այսօրվա արտաքին տեսքը, փորձում է լուծումներ առաջարկել:

Սակայն եթե Շուշիում գտնվող մի շարք կառույցներ մասնագետները գնահատում են որպես արժեքավոր հուշարձաններ, ապա տեղական իշխանությունների դիտարկմամբ, դրանք զուտ մարդկանց կյանքին վտանգ սպառնող շինություններ են: Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը, ով նախագծի հիմնական ընդդիմախոսն է, պնդում է, որ Շուշին նախ եւ առաջ պետք է այնտեղ ապրող մարդկանց համար հարմար լինի եւ հետո միայն մտածել զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին:

«Մեզ պետք է չէ քաղաք սիրուն շինություններով, որտեղ մարդիկ չեն ապրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

Հետպատերազմյան տարիներին ի հայտ եկած մի շարք նոր շենքեր որոշ մասնագետների գնահատմամբ, փչացնում են քաղաքի կոլորիտը: Գլխավոր հատակագծի բացակայության պայմաններում քաղաքային իշխանությունները ի զորու չեն եղել կանխարգելել այնտեղ կառուցվող բազմաթիվ շինություններ: Արդյունքում Շուշիում այսօր գրեթե բոլոր տարածքները սեփականաշնորհված են, եւ սեփականատերերն են որոշում ինչ եւ ինչպես կառուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG