Մատչելիության հղումներ

Մասնակիցներն ամփոփում են Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը


Համաժողովի մասնակիցների ամփոփիչ ասուլիսը:
Համաժողովի մասնակիցների ամփոփիչ ասուլիսը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեքշաբթի օրը աշխատանքն ավարտեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համաժողովը հռչակել է համազգային ամենագլխավոր խնդիրները. - «Հայոց պետության հզորացում, ուժեղացում: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ եւ միջազգային նորմերին համապատասխան վերջնական լուծումների գտնում: Երրորդը` Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հարցի հետեւողական լուծում: Չորրորդը` հայապահպանություն եւ պայքար ուծացման դեմ Սփյուռքում: Եվ վերջապես հինգերորդը` հայ եկեղեցու դերի բարձրացում եւ նրա շուրջը մեր համախմբում»:

Համաժողովի ընթացքում հնչել է 115 ելույթ, որոնք ներառել են համահայկական սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային հարցեր:

Այս կապակցությամբ Սփյուռքի նախարարը խոստացավ հետեւյալը. - «Առաջիկա ամիսներին կմշակենք հստակ ծրագրեր այս հարցադրումները իրականություն դարձնելու համար, այդ ամենը կուղարկենք համահայկական կազմակերպություններին, կստանանք նրանց վերջնական կարծիքը: Եվ կդարձնենք օրացուցային ծրագիր մեր աշխատանքները իրականացնելու համար»:

Համաժողովի ընթացքում մասնակիցները մտահոգություն հնչեցրեցին արտագաղթի վերաբերյալ:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գնահատմամբ` ամենաբարդ խնդիրներից մեկը աշխատատեղերի ստեղծումն է, որով պետք է զբաղվի կառավարությունը:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի մոտեցումը արտագաղթի վերաբերյալ այսպիսին էր. - «Ճիշտ է, որ արտագաղթ լինում է: Բայց նրանք, ովքեր մեր ժողովրդի պատմությանը ծանոթ են [գիտեն], որ դարերի ընթացքում միշտ արտագաղթ եղել է հայրենիքից: Եվ այսօր ժողովուրդների կյանքում արտագաղթը երեւույթ է… Բայց դա չի նշանակում, որ երբ մեկը իր հայրենիքից արտագաղթում է, նա իր հայությունից արտագաղթում է: Անշուշտ, լավ կլիներ, որ չարտագաղթեին, բայց մենք այնքան էլ չահազանգենք»:

Հակառակ կարծիքին է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը. - «Դժբախտաբար, ես, որպես հայաստանաբնակ հոգեւորական, կարծում եմ, որ արտագաղթը բավականին ողբերգական երեւույթ է… Նույն Գլենդեյլի հայությունը. մենք դեռեւս նրանց հետ շփվում ենք որպես առաջին սերունդ: Չգիտեմ, թե երրորդ սերունդը ինչ կդառնա»:

«Հայաստանում արդեն իսկ կա եւ շատ է խոսվում, որ ամենակարեւոր գործոններից մեկը [բացի աշխատատեղերից] հատկապես քաջալերությունն է պետության, կառավարության եւ օրենքի կողմից մանր գործարարությանը: Սրան հակառակ պիտի լինի այսօրվա մենատիրության հրեշի վերացումը», - հավելեց նա:

Հաջորդ համաժողովը, ինչպես հայտարարեց Սփյուռքի նախարարը, նախատեսվում է կազմակերպել 6000 հոգանոց դահլիճում:
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG