Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը բարձրացնում է Գերմանիայում թուրք միգրանտների իրավունքների հարցը


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ
Այսօր մեկնարկում են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական հանդիպումները Գերմանիայի ղեկավարության հետ: Գյուլը Բեռլին է ժամանել նախօրեին՝ նշելու Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ 1961 թվականին ստորագրված համաձայնագրի 50-ամյակը, որը ճանապարհ հարթեց հազարավոր թուրք էմիգրանտների համար դեպի Գերմանիա։

Ներկայումս այդ երկրում, մոտավոր հաշվարկներով, ավելի քան 2.5 միլիոն թուրք է բնակվում։ Ընդ որում, պաշտոնական Անկարան շարունակ բողոքում է նրանց նկատմամբ Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքից եւ կոչ է անում առավել մեծ լիազորություններ տրամադրել թուրքական համայնքին։

Այդ առումով բացառություն չի կազմել նաեւ Գյուլի այս քառօրյա այցը։ Բեռլին ժամանելուց առաջ Թուրքիայի նախագահը հարցազրույց է տվել գերմանական լրատվամիջոցներին, եւ կրկին պնդել, թե Բեռլինը սխալ քաղաքականություն է վարում ներգաղթյալների նկատմամբ եւ ոտնահարում է նրանց իրավունքները։ Որպես ասվածի ապացույց Գյուլը վկայաբերել է 2007 թվականին ընդունված օրենքը, որի համաձայն, ամուսնու կամ կնոջ մոտ՝ Գերմանիա մեկնող թուրքերը պարտավոր են գերմաներենի քննություն հանձնել։

«Ժամանակին թուրք ներգաղթյալները օգնեցին վերականգնել Գերմանիայի տնտեսությունը։ Գերմանիայում ապրող թուրքերը աշխատասեր են ու պարտաճանաչ, սակայն Բեռլինը, կարծես, անտեսում է այդ հանգամանքը», - ըստ «Անադոլու» գործակալության, գերմանացի լրագրողներին ասել է Գյուլը։

«Գերմանիայի նախագահը պետք է հիշի, որ ինքը նաեւ իր երկրում ապրող միլիոնավոր թուրքերի նախագահն է։ Ես Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների՝ գերմանացիների, քրիստոնյաների, հրեաների ու հայերի նախագահն եմ, նշում եմ նրանց տոները, այցելում եմ նրանց սրբավայրերը։ Որպես էթնիկ փոքրամասնություններ՝ նրանք երբեմն մոռացության են մատնվում, բայց ոչ երբեք՝ իմ կողմից», – հավաստիացրել է Թուրքիայի առաջնորդը։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Գերմանիայում ապրող թուրքերի իրավունքները պաշտպանելուց բացի Գյուլը պատրաստվում է նաեւ այցի ընթացքում քննարկել Եվրամիությանը իր երկրի անդամակցության գործընթացը արագացնելու, ինչպես նաեւ տարածաշրջանում՝ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում կայունություն հաստատելու հնարավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG