Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 15-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Հանրապետության նախագահը համարում է, որ քաղաքական մրցակցությունը պետք է ընթանա քաղաքական համագործակցության հետ ձեռք ձեռքի տված, եւ որ դա է երկիրը դեպի լավագույն ուղի մղելու բանաձեւը: Բայց ասելը մի բան է, գործողություններով այն կենսագործելը՝ բոլորովին այլ բան: Եվ այդ բանաձեւի կենսագործման նախաձեռնողն ու իրականացման պատասխանատուն հենց իշխանությունն է: Մինչդեռ առ այսօր ավելի շատ բաժանարար գծեր են ստեղծվել, քան ընդհանուր ուղեգծեր: Երբ պետության ռազմավարական օրակարգը ձեւավորված չէ ու չկա դրա շուրջ համահասարակական պատկերացում, ձեւախեղված ու նսեմացված են արժեքները, մրցակցությունը ընտրություններում, դատաիրավական դաշտում, հասարակական, մարդկային հարաբերություններում ամեն գնով, թեկուզ դիմացինին տրորելով, հաղթելը դառնում է գերնպատակ, այս ամենը հանգեցնում են ընդհանուր բարոյալքման ու չափանիշների անկման: Ահա այստեղ է, որ իշխանությունը պարտավոր է սահմանել եւ առաջինն ինքը հարգել վարքագծի կանոնները»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը իր ելույթներում չի խոսում այն մասին, թե ինչ է արել իր նախագահության երեքուկես տարիների ընթացքում: Փոխարենը խոսում է այն մասին, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը, որ լավ լինի: Թե ինչու Սերժ Սարգսյանը իր արածների մասին չի խոսում` հասկանալի է. խոսելու բան չկա: Իսկ ահա Խոսրով Հարությունյանի մտքերը խիստ բնորոշ են այս քարոզարշավի համար: Այդ մարդը հայտարարում է, թե ե'ւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձը, թե' Կոնգրեսի հետ երկխոսությունը բարձրացրել են Սերժ Սարգսյանի վարկանիշը: Ուշադրություն դարձրեք` երկու դեպքում էլ խոսքը ձախողված գործընթացների մասին է: Այսինքն` Սերժ Սարգսյանը երկու անգամ փորձել է լավ բան անել, երկու անգամ էլ ոչինչ չի ստացվել, բայց արդյունքում նրա վարկանիշը բարձրացել է»:

«168 ժամ» թերթը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ նախագահի հրաժարական չեք պահանջում, բավարարվում եք վարչապետի կամ արտգործնախարարի հրաժարականները պահանջելով»: Պատասխան. - «Մենք ասել ենք` իշխանափոխություն, ինչը նշանակում է, որ գործողները հեռանան վերեւից ներքեւ: Հրաժարականը դա պրոցեդուրային հարց է, իշխանափոխությունը բովանդակային խնդիր է, քաղաքական կոնկրետ գործընթաց: Հրաժարականը ամենահեշտ ճանապարհն է, որովհետեւ ես կարող եմ իմ գործն ավարտված համարել` հայտարարելով, թե հրաժարական եմ պահանջում, դրանից ավելի ինչ անեմ: Բայց ամբողջ անկախության շրջանի մեր պատմությունը ցույց է տվել, որ հրաժարական են տալիս միայն այն դեպքում, երբ տեսնում են, որ իրենց համար ավելի վատ սցենար կա: Դրանից խուսափելու համար են հրաժարական տալիս: Եթե դա չես առաջացրել, նա երբեք հրաժարական չի տալու: Դրա համար ասում ենք, թե մենք պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ հեռանալը լինի անխուսափելի»:

Իսկ «Ժամանակ»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: Հարց. - «Խոսում ենք արտահերթ ընտրության հնարավորության մասին, իշխանությունները շարունակում են թմբկահարել, որ արտահերթ ընտրության հիմքեր չկան, բայց գնալով հասկանում ենք նաեւ, որ իշխանությունները կարծես երկարաձգում են այս ամբողջ ժամանակը»: Պատասխան. - «Ժամանակին մենք ասում էինք, որ երկխոսությունը կարող է դառնալ ուղղակի ժամանակ ձգելու միջոց: Իսկ ժամանակ ձգելը, բնականաբար, ձեռնտու է իշխանություններին: Ի դեպ, վերջերս խոսակցություններ են գնում այն մասին, որ եթե ՀԱԿ-ը չշարունակի երկխոսությունը` կմարգինալացվի, սակայն ճիշտ հակառակը` ՀԱԿ-ը կտուժի, կկորցնի իր աջակիցներին, եթե խրվի անվերջ, անպտուղ եւ անարդյունք երկխոսության մեջ: Ասել եմ եւ ասում եմ` թե' երկխոսությունը, թե' նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը, համակարգային փոփոխությունները, ինչի մասին շատ է խոսվում` պետք է սկսել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց: Խոսքեր պետք չեն, պարզապես պետք են արդար ընտրություններ»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, օրեր առաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան` պատիժը վերանայելու պահանջով. - «Նախ, նա միջնորդել է ունենալ հանրային պաշտպան, ում միջոցով պետք է ստանար իրավաբանական օգնություն: Հանրային պաշտպանի գրասենյակը նրան էր տրամադրել փաստաբան Տիգրան Գրիգորյանին: Պատժի հետ կապված` դատապարտյալի դիմումը մերժվել է»: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պատժի վերանայման հետ կապված մի դիմում էլ պատրաստում է նույն ահաբեկչության գործով ցմահ ազատարկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը երեկ հաստատել է այդ լուրը:
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG