Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 14-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - « Հնարավո՞ր է ապրել այնպես, որ անխոցելի լինես՝ եթե քեզ գաղտնալսեն, բանալուդ անցքից 24 ժամ հետեւեն, քո բոլոր արարքներն ու խոսքերն արձանագրեն: Կարո՞ղ ես ապրել այնպես, որ այդ ամենում ոչ մի մեղադրելի բան չլինի, որից կարելի է ամաչել, եւ որը քեզ կստիպի արդարանալ: Աջուձախ լսում ենք՝ այսինչի հեռախոսազանգերի վերծանումն են հանել, այնինչի հարբած խոսակցություններն են ձայնագրել ու դրել համապատասխան սեղաններին: Եվ արդյունքում այլեւս չենք զարմանում, երբ բարձրաստիճան պաշտոնյան մի քանի օրում զրկվում է ե'ւ պաշտոնից, ե'ւ ունեցվածքից, ե'ւ ազատությունից: Սակայն երբ այս ամենը տեղի էր ունենում խորհրդային կագեբեական անցյալ ունեցող Հայաստանում, դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ նույն մեթոդներն են սկսում աշխատել ամբողջ աշխարհում, երբ պարզվում է՝ ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերը ոչնչով չեն տարբերվում «կագեբեի» նյութերից, հասկանում ես, որ մարդը հայտնվել է ափի մեջ»:

«Առավոտ»-ի խմբագիրը տեղեկացնում է. - «Երեկ «Իզվեստիան» հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կզբաղվի սոցիալական ցանցերում «կարգուկանոնը վերականգնելով»: ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդությամբ ստեղծված այս կառույցը իբր մտահոգված է անդամ երկրներում իրավիճակի ապակայունացման վտանգով եւ «կիբեռանվտանգությամբ»: Տեղեկատվությունը, լուսանկարը, տեսագրությունը համացանցում դնելը վայրկյանների հարց է: Այդ ի՞նչ պատնեշներ են պատրաստվում դրա դեմ դնել: Հորդառատ գետը կանգնեցնելու համար լուցկու չոփե՞ր են տնկելու: 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Հայաստանի իշխանությունը արգելել էր պրովայդերներին սպասարկել ոչ պաշտոնական տեսակետ արտահայտող կայքերը: Ի՞նչ է, դրա հետեւանքով համացանցից օգտվողները զրկվեցի՞ն լրատվություն ստանալու հնարավորությունից: Իսկ 3,5 տարում Հայաստանում շատ բան է փոխվել թե' տեխնոլոգիապես, թե' քաղաքականապես»:

«Երկիր»-ը գրում է. - «Կարապետյանի հեռացումը լրջագույն ահազանգ է նաեւ հայաստանյան օլիգարխիայի համար, որը Գագիկ Բեգլարյանից հետո կորցնում է իր չափազանց ազդեցիկ երկրորդ դեմքին իշխանության ամենավերին էշելոններում: Օլիգարխիայի դեմ այս արշավանքն իսկապես հետաքրքիր դրսեւորումներ է ստանում: Սկզբից, ինչպես հայտնի է, որդեգրվել էր այս համակարգը գլխատելու տարբերակը, եւ սլաքներն ուղղվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Վերջինիս ստիպելով մնալ կոալիցիայում, այնուամենայնիվ, ամբողջությամբ դիմազրկել այդպես էլ չհաջողվեց: Ծառուկյանը շարունակում է մնալ հարաբերականորեն անկախ եւ ինքնուրույն գործիչ, որն էլ դրդում է իշխանությանը գնալ օլիգարխներին անհատապես չեզոքացնելու ճանապարհով»:

Անդրադառնալով նույն թեմային` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում աղմկահարույց պաշտոնանկությունների շուրջ 90 տոկոսը «մուտիլովկաների» արդյունքում է տեղի ունենում, հետեւանքն էլ, որպես կանոն, լինում է սեփականության կամ ազդեցության ոլորտների (այսինքն` ստվերային եկամուտների) վերաբաշխումը: Որեւէ մեկը չի հավատում, չէ՞, որ Հայաստանում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են նստել սրճարանում եւ բանավիճել, ասենք, երկրի ռազմավարական զարգացման տարբեր հայեցակարգերի շուրջ կամ քննարկել հասարակության բարոյահոգեբանական արժեհամակարգը կատարելագործելու ուղիները: Հայաստանում դա բացառված է: Բարձրաստիճան պաշտոնյաները լավագույն դեպքում իրար հետ քննարկում են, թե ում բիզնեսն ինչքան եկամուտ է բերում, ով է իրենցից հարուստ եւ ոնց անեն` նրա ունեցվածքը խլեն»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. -«Նախընտրական շրջանին մոտ մենք, ամենայն հավանականությամբ, ավելի ու ավելի ենք ականատես լինելու ներիշխանական ճամբարի լուրջ վերադասավորումների: Եվ դրանք սխալ կլինի զուտ նախընտրական իմիտացիայով պայմանավորելը, քանի որ դրանից բացի, Սերժ Սարգսյանը ունի բոլորովին այլ եւ առավել կարեւոր ռազմավարական խնդիրներ: 2012-13 թվականների ընտրական փուլը Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, լինելու է իր առաջին ընտրական փուլը, քանի որ նախորդը կամ նախորդները Քոչարյանի ընտրություններն էին: Ներկայումս Սերժ Սարգսյանը ունի իր ընտրությունները անցկացնելու խնդիր: Եթե նա այդ խնդիրը չլուծեց, ապա եթե անգամ հաջողեց ընտրական փուլի արդյունքում իշխանությունը պահել, այնուհանդերձ, հետագա տարիներին նա լինելու է այդ իշխանության դե յուրե պատասխանատուն, բայց ոչ դե ֆակտո կրողը: Իսկ այդ հակադրությունը դե յուրեի եւ դե ֆակտոյի միջեւ վերածվելու է իսկական մղձավանջի` նկատի ունենալով այն համակարգային ներքին ու արտաքին խնդիրները, որ գրեթե բոլոր ոլորտներում կան Հայաստանում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG