Մատչելիության հղումներ

Լրացավ Սեպտեմբեր 11-ի գրոհների տասնամյակը


Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը Նյու Յորքում, 11-ը սեպտեմբերի, 2011թ.
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը Նյու Յորքում, 11-ը սեպտեմբերի, 2011թ.
Կիրակի օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները նշեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցը։ Սգո արարողությունը Նյու Յորքում մեկնարկեց լռության րոպեով` տեղական ժամանակով առավոտյան 8։46-ին։

«Ալ-Ղաիդա»-ի մահապարտ ահաբեկիչների առեւանգած չորս օդանավերից առաջինը տասը տարի առաջ ճիշտ այդ պահին է մխրճվել Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերներից Հյուսիսայինի մեջ։ Իսկ մոտ քսան րոպե անց երկրորդ օդանավն ավերել է Հարավային աշտարակը։

Արարողության սկզբում նախագահ Բարաք Օբաման ընթերցեց Աստվածաշնչի 45-րդ սաղմոսը. - «Աստված ապավենն ու զորությունն է մեր, եւ մեր օգնականը մեզ հասած նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխվեն: Դղրդացին ու ալեկոծվեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկությունից»:

Սգո արարողությանը նախագահի հետ մասնակցեցին առաջին տիկին Միշել Օբաման, նախորդ նախագահ Ջորջ Բուշը տիկնոջ` Լորայի հետ, եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին երրորդ օդանավը վայր է ընկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի` Պենտագոնի մի հատվածի վրա։ Վաշինգտոնում հանդիսավոր արարողությանը մասնակցել են փոխնախագահ Ջո Բայդենը, պաշտպանության նախարար Լեո Փանեթան եւ զինվորական ղեկավարներ։

Չորրորդ օդանավը վայր է ընկել Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ ավանին մերձակա դաշտում։ Ենթադրվում է, որ այդ օդանավն առեւանգած ահաբեկիչների եւ անձնակազմի անդամների ու նրանց օգնության հասած ուղեւորների միջեւ տեղի է ունեցել բախում։ Ահաբեկիչներին չի հաջողվել ինքնաթիռն ուղղել որեւէ կառույցի վրա։

Նյու Յորքում` Մանհեթենի այդ շրջանում, որտեղ նախկինում վեր էին խոյանում Առեւտրի համաշխարհային կազմակերպության զույգ երկնաքերները, այսօր կառուցված է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր` քառակուսի ջրավազան, որի սեւ գրանիտե չորս պատերի պարագծով փորագրված են սպանվածների անունները։

Ջուրը հազարավոր բարակ շիթերով ներքեւ է լցվում` կարծես խորհրդանշելով երկու երկնաքերների փլատակներում կործանված մոտ 2800 անմեղ մարդկանց ազգականների եւ բարեկամների արցունքները։

ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունները պարզել են, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի գրոհն իրականացրել են 19 ահաբեկիչներ։ Գրոհի հետեւանքով ընդհանուր հաշվով զոհվել է մոտ երեք հազար մարդ։

Գրոհների համար պատասխանատվությունը ստանձնած «Ալ-Ղաիդա» ընդհատակյա ահաբեկչական կառույցը սպառնացել է նոր հարձակումներով ավերել արեւմտյան մայրաքաղաքները։

«Ալ-Ղաիդա»-ի ղեկավար Ուսամա Բին Լադենն աշխարհի մահմեդականներին կոչ է արել սրբազան պատերազմ` «ջիհադ» հայտարարել Արեւմտյան աշխարհին։

Արդեն 2001 թվականի աշնանը ԱՄՆ-ը եւ դաշնակիցները պատերազմ են հայտարարել Աֆղանստանի թալիբներին, գահընկեց են արել նրանց վարչակազմը եւ իշխանությունը փոխանցել են Համիդ Քարզային։

Ապա սկսվել է Իրաքի պատերազմը, որի ընթացքում տապալվել է Սադամ Հուսեյնի իշխանությունը, իսկ Սադամը 2006 թվականի տարեվերջին կախաղան է հանվել։

ԱՄՆ-ը այլեւս չի ենթարկվել ահաբեկչական լայնածավալ հարձակումների, սակայն Բալիում, Մադրիդում, Լոնդոնում եւ այլ քաղաքներում տեղի են ունեցել խոշոր գրոհներ, որոնց արդյունքում սպանվել են հարյուրավոր անմեղ մարդիկ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը հսկայական գումարներ է հատկացրել պատերազմ մղելու համար եւ հայտնվել է տնտեսական բարդ կացության մեջ, ինչը, իր հերթին, նպաստել է ամբողջ աշխարհում սկսված տնտեսական-ֆինանսական ճգնաժամի խորացմանը։

Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի դեսանտայինները ոչնչացրել են Պակիստանում ապաստանած Ուսամա Բին Լադենին։

Մինչդեռ Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմները դեռ չեն ավարտվել։ Երկու պատերազմներում զոհվել է շուրջ յոթ հազար ամերիկացի զինծառայող, զոհվել են նաեւ տասնյակ հազարավոր իրաքցիներ եւ աֆղանստանցիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG