Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. «Ընդառաջ ենք գնալու ժողովրդի ցանկություններին»


ՀՀՇ-ի վարչության նախագահ Արամ Մանուկյան
ՀՀՇ-ի վարչության նախագահ Արամ Մանուկյան
«Այսօրվա օրակարգը ձեւավորվել է նախորդ միտինգում, այն է` առաջիկայում` օգոստոս-սեպտեմբերի մասին էր խոսքը, իշխանությունները պետք է պատասխանեն մեկ հարցի` իրենք ընդունո՞ւմ են մեր առաջարկը արտահերթ ընտրությունների մասին, թե՞` ոչ», - հայտարարեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)` ուրբաթ երեկոյան նախատեսվող հանրահավաքի մասին:

«Իմ տպավորությունը երեկվա եւ այսօրվա վիճակով այն է, որ իշխանությունը գնում է դեպի «ոչ»-ին: Ես կարծում եմ` դա սխալ է, ողջամիտ չէ», - ասաց Մանուկյանը` հավելելով. - «Թող սա լինի, այսպես ասած, իմ վերջին լավատեսությունը, որ իրենք խոհեմ կլինեն, ողջամիտ կլինեն, երկխոսությամբ կփորձեն լուծել մեր երկրի առաջ կանգնած խնդիրները: Եթե ոչ` իրենք էլ շատ լավ գիտեն մեր ժողովրդի պահանջը, այսօր կտեսնեն այդ պահանջը, կտեսնեն ժողովրդի քանակը, ճնշումը եւ այն զգացողությունը, մոտիվացիան, որով ժողովուրդը ուզում է փոփոխություններ Հայաստանում»:

«Մենք ընդառաջ ենք գնալու ժողովրդի ցանկություններին, մենք այլեւս երկար ժամանակ չունենք` ժողովրդին մերժելու անընդհատ, սեպտեմբերը հայտարարված է ավարտ երկխոսության, որից հետո հստակ կդրվի իշխանությունների հրաժարականի հարցը», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսը երկարաձգի այդ ժամանակը` հաշվի առնելով, որ իշխանության հետ երկխոսությունը առկախել է իր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված, իսկ այժմ այդ գործով նախաքննությունը վերսկսվել է, Արամ Մանուկյանը արձագանքեց. - «Չեմ կարող կանխատեսել, ես ուղղակի գիտեմ տրամադրությունները, գիտեմ ժողովրդի մասնակցությունը, գիտեմ ժողովրդի պահանջները եւ տրամադրվածությունը»:

Իսկ թե որքանով են համընկնում ժողովրդի եւ ընդդիմության ակնկալիքները, սպասելիքները եւ խնդիրները` այս առնչությամբ ՀՀՇ-ի ղեկավարը ասաց. - «Ժողովուրդը ավելի պահանջատեր է, ավելի մեծ եւ ավելի արագ հեղափոխություն էր ուզում, քան անգամ Հայ ազգային կոնգրեսը: Մերը մի քիչ հաշվարկների ավելցուկ կա, նրանց մոտ` մի քիչ զգացմունքների: Այդ երկուսը գումարելով բայց նորմալ կոմպրոմիսի գալիս ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG