Մատչելիության հղումներ

Գյուլը շարունակում է հայ - թուրքական գործընթացը կապել Ղարաբաղի հետ


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ
Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ձեռք բերված առաջխաղացումը դրական ազդեցություն կունենա հայ - թուրքական գործընթացի վրա: Այս մասին ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Հինգշաբթի օրը հրապարակված հարցազրույցում Գյուլը նշել է, որ պաշտոնական Անկարան տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունները ուղղակիորեն կապում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ:

«Ինչպես գիտեք, ղարաբաղյան խնդիրը Հարավային Կովկասում բարենպաստ կլիմայի հասնելու հիմնական խոչընդոտն է, եւ այս առումով Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները նույնն են: Այն առաջընթացը, որին մենք կարող ենք հասնել, այս տեսանկյունից որոշիչ նշանակություն կարող է ունենալ», - ասել է Թուրքիայի նախագահը:

Նա հավելել է, թե իր երկիրը պատրաստ է աջակցել այն գործընթացին, որին անձամբ մասնակցում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ պատրաստ է հնարավորը անել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար:

«Մենք իսկապես ուզում ենք, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը հասնի իր վերջնակետին», - հայտարարել է Գյուլը` միաժամանակ հավելելով, թե հայ - ադրբեջանական եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տարածաշրջանային անվտանգության համատեքստում դիտարկել:

Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահը պետք է ելույթ ունենա ռուսաստանյան Յարոսլավլ քաղաքում նախօրեին բացված քաղաքական համաժողովում: Յարոսլավլում նախատեսված է նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպումը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը լինելու է Ղարաբաղի խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG