Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը


Հայաստանի ազգային պատկերասրահում չորեքշաբթի օրը բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի մշակույթի նախարարության եւ Հայաստանում Բրազիլիայի դեսպանության աջակցությամբ` բրազիլահայերի նախաձեռնությամբ:

«Միջոցառումը տեղի է ունենում հայ-բրազիլական մշակութային համագործակցության շրջանակներում` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը` հավելելով, որ վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են հայ-բրազիլական մշակութային կապերը:

«Թեկուզ ցուցահանդեսը ֆոտոներով է ներկայացված, բայց մենք միանգամից ծանոթանում ենք, թե Բրազիլիայում ինչպես է ստեղծվել համայնքը, որ տարածքներից են մեկնել Բրազիլիա եւ ինչպիսի մեծ ներդրում ունի հայ ազգը Բրազիլիայում` ե'ւ մշակույթի, ե'ւ քաղաքականության, ե'ւ տնտեսության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան մշակութային կցորդ Ֆլորիանո Ռեջիսը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դեսպանատունը հպարտ է, որ այս ցուցահանդեսը կազմակերպվել է Բրազիլիայի հայկական համայնքի ջանքերով, եւ ցույց է տալիս այն կարեւոր դերը, որ հայերն ունեն Բրազիլիայում: Հայկական համայնքը չնայած փոքրաթիվ է, բայց շատ միասնական է ու շատ ակտիվ, եւ իրոք շատ լուրջ տեղ է զբաղեցնում գործարար աշխարհում, դիվանագիտության մեջ, բժշկության, իրավաբանության, քաղաքականության մեջ: Առնվազն 4 կոնգրեսմեն ունենք»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Սոսի Ամիրաղլյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, թե ինչպես են նախապատրասել ցուցադրությունը` հատուկ առանձնացնելով Հայաստանում Բրազիլիայի դեսպանի եւ դեսպանության մշակութային կցորդի ջանքերը:

Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես շեշտեց հայերի մեծ դերակատարությունը Բրազիլիայում. - «Շատ ոլորտներում հայտնի են հայերը, շատ մեծ հարգանք ունեն այդ երկրում: Բնականաբար, նրանք բավականին լուրջ հեղինակություն ունեն այդ երկրում, նրանց ներդրումը Բրազիլիայի զարգացման գործում բոլորը ընդունում են»:

Հայկական համայնքը Բրազիլիայում ձեւավորվել է 19-րդ դարի վերջերից, առավել հիմնավոր հաստատվել, իհարկե, 20-րդ դարասկզբին` Հայոց ցեղասպանությունից հետո: Այսօր Բրազիլիայում բնակվում են շուրջ 40 հազար հայեր, որոնք նախորդ սերունդների հետ միասին լուրջ ներդրում են ունեցել երկրի հասարակական կյանքում, տարբեր ասպարեզներում:
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG