Մատչելիության հղումներ

Թուրք-իսրայելական հարաբերությունները օր օրի սրվում են


«Թուրքիան` մահմեդական աշխարհում Իսրայելի նախկին միակ ու ամենավստահելի գործընկերը, դուռը շրխկացրեց` արտաքսելով իր երկրից Իսրայելի դեսպանին, սառեցնելով ռազմատեխնիկական համագործակցությունն այդ երկրի հետ։ Թուրքիայի վարչապետը, այսքանով չբավարարվելով, այսօր նոր պատժամիջոցներով է սպառնացել` չմանրամասնելով, սակայն, թե խոսքը հատկապես ինչի մասին է», - այսօր նկատել են արտասահմանյան առաջատար պարբերականները` իրենց էջերում անդրադառնալով թուրք-իսրայելական օր օրի սրվող հարաբերություններին։

Սրված հարաբերությունների առիթը դարձավ այն, որ Իսրայելը հրաժարվեց ներողություն խնդրել անցած տարի հումանիտար օգնություն հասցնելու նպատակով Գազայի հատված ուղեւորվող թուրքական նավատորմի վրա հարձակման համար։

«Ֆայնենշլ թամս»-ը, օրինակ, իր խմբագրականում խորհուրդ է տվել Իսրայելին վերանայել դիրքորոշումը, ներողություն խնդրել անցած տարի 8 թուրքերի եւ թուրքական ծագումով մեկ ամերիկացու մահվան համար, նաեւ հայտարարել, որ Գազայի հատվածի շրջափակումը տեւական բնույթ չի կրում։

«Միեւնույն ժամանակ Թուրքիայի հայտարարություններն էլ հարաբերությունների բարելավմանը չեն նպաստում», - գրել է թերթը` նկատի ունենալով Անկարայի կողմից հնչած հայտարարությունները, թե նավատորմի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը «ուժը կորցրած է»։

Բրիտանական պարբերականի գնահատմամբ` կողմերից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ տարածաշրջանի վրա ազդեցության իմաստով իր ամենաազդեցիկ մրցակիցը Իրանն է, ուստի նրանցից ոչ մեկն էլ այս պայքարում չի հաղթի, եթե վերջնարդյունքում Իրանը դառնա հաղթող։

Ինչպես Թուրքիան, այնպես էլ Իսրայելը այս օրերին փնտրում են միմյանց դեմ դուրս գալու նորանոր լծակներ: Օրինակ, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պետք է քննարկվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցը: Թուրքիայի վարչապետը, ինչպես սպասվում է, ներկա կգտնվի այդ նիստին, որտեղ նպատակ ունի աջակցել պաղեստինցիների խնդրանքին եւ կողմ արտահայտվել Պաղեստինի անկախության ճանաչման հարցին։

Իսրայելը եւս այս օրերին ձեռքերը ծալած չի նստում եւ ցանկանում է Թուրքիային մշտական լարվածության մեջ պահել։

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այս առումով Իսրայելը չի մոռանա Հայաստանին, սակայն, հիմնականում տարածաշրջանային գործոններով պայմանավորված, դժվար թե հայ-իսրայելական հարաբերությունները ռազմավարական բնույթ ստանան։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանի գնահատմամբ էլ, հայերին ու հույներին Իսրայելը իսկապես դիմել է, եղել են հայ-իսրայելական շփումներ, որոնք, անշուշտ, պայմանավորված են թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող բարդություններով, սակայն Իսրայելը Թուրքիայի դեմ լծակներ բանեցնելու առումով, կարծես թե, հունական աջակցությունը ստացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG