Մատչելիության հղումներ

Վայքից Երեւան տեղափոխված նորածինը մահացել է


Մահացած նորածնի տատը՝ Համեստ Գրիգորյանը
Մահացած նորածնի տատը՝ Համեստ Գրիգորյանը
Վայքի հիվանդանոցից շաբաթներ առաջ Երեւանի Մուրացանի անվան համալսարանական հիվանդանոց տեղափոխված նորածինը մահացել է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Մուրացանի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Հրանտ Կալանտերյանը, մահվան պատճառը եղել է սուր թթվածնային քաղցը: Փոքրիկը սուր թթվածնային քաղցով էր տեղափոխվել Երեւան, եւ շուրջ 20 օր բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար:

«Ըստ բժշկական փաստաթղթերի եւ ըստ Վայքի բուժանձնակազմի տվյալների` ասֆիքսիայի պատճառը եղել է պորտալարի եռակի փաթաթումը: Այսինքն ներարգանդային ծննդաբերության ընթացքում արյան հոսքը մոր եւ պտուղի միջեւ խանգարվել է», - ասաց բժիշկը:

Կալանտերյանը ձեռնպահ մնաց ենթադրություններից այն մասին, թե որքանով է կատարվածի համար պատասխանատու ծնունդն ընդունող բժիշկը` ասելով, թե պատճառներն ուսումնասիրում է Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովը: Կալանտերյանը միայն փաստեց, որ տարեկան աշխարհում թթվածնային քաղցով շուրջ 1.5 միլիոն երեխա է ծնվում:

Մինչդեռ մահացած նորածնի հարազատները, որոնք Վայոց ձորի Գնդեվազ գյուղի բնակիչներ են, շարունակում են կատարվածի համար մեղադրել Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին` պահանջելով նրան հեռացնել աշխատանքից եւ ենթարկել քրեական պատասխանատվության:

Նորածնի 20-ամյա մայրը շոկի մեջ էր, հայրը` Արկադի Գրիգորյանը, տատը` Համեստ Գրիգորյանը եւ կատարվածին ականատես բոլոր հարազատները պնդում էին, որ եթե բժիշկը չուշացներ, ժամանակին տանից գար հիվանդանոց եւ ընդուներ ծնունդը` երեխան կապրեր: Ծննդաբերող կնոջը օգոստոսի 14-ին են տարել հիվանդանոց, սակայն հարազատների պնդմամբ` Հովհաննիսյանը տանից հրահանգել է ձգձգել ծնունդը:

«Տարել ենք, մնաց այնքան, մինչեւ քույրն ասաց` երեխայի գլուխն երեւում է, կանչենք, թող գա, ինքն էլ բրդեր էր մշակում, չէր գալիս, գնում էինք մեքենայով տնից բերում, տանում-բերում, 5 րոպե էլ չէր մնում հիվանդանոցում: Ասում էր` առանց այդ էլ մենք ամբողջ օրը հիվանդանոցում ենք, մեր տան գործը ե՞րբ անենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Համեստ Գրիգորյանը:

Նորածնի տատի պնդմամբ` երեխան կապրեր, եթե ծննդաբերական բաժանմունքում թթվածին լիներ: Նրա խոսքով` երեխայի ծնունդից մոտ 40 րոպե հետո թթվածին չի եղել, հետո երեխայի հայրը գնացել հիվանդանոցի այլ բաժանմունքում պառկած հիվանդ տարեց մի մարդուց խնդրել է նրան հատկացված թթվածինը:

Հայրը` Արկադի Գրիգորյանը պատմեց, որ ծննդաբերությունից հետո, երբ ինքը իր զայրույթն էր արտահայտել, բժիշկն ասել էր` թող երեխան մահանա, ես կգամ կդիահերձեմ, կտեսնեք, որ թոք չունի: Գրիգորյանը նաեւ պատմեց, որ կատարվածը տարբեր լրատվամիջոցներով բարձրաձայնելուց հետո սկսել է հեռախոսով սպառնալիքներ ստանալ անհայտ անձանցից:

Վայքի հիվանդանոց «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին Առողջապահության նախարարության հանձնաժողովը ստուգումներ էր անցկացնում: Հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը հերքեց իրեն հասցեագրվող բոլոր մեղադրանքները:

«Իմ բժշկական մեղքը այդտեղ չեմ տեսնում: Ես վարել եմ ծննդաբերությունը նորմալ, ուղղակի այդ պահին կողքս նեոնատոլոգ չի եղել, որովհետեւ չունենք այդ մասնագետը մեր շրջանում: Ծնվելուց հետո պետք է բարձրակարգ բուժօգնություն ցուցաբերվեր երեխային, չի ցուցաբերվել», - ասաց Հովհաննիսյանը, ով դեռ շարունակում է աշխատել որպես ծննդաբերական բաժանմունքի վարիչ:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ծնողները իրեն մեղադրում, բժիշկը պատասխանեց. - «Ծնողները կարող է շատ բան չհասկանալով մեղադրեն: Դա եղել է պորտալարի երեք գալարների փաթաթման պատճառով, այդ գալարները ես չէի փաթաթել երեխայի պարանոցի վրա»:

Կատարվածի առիթով դեռ քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում:
please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG