Մատչելիության հղումներ

«Իրենց նման ենք, ինչ կապ ունի՝ սայլակով, թե ձեռնափայտով ենք»


Հայաստանի բասկետբոլի հաշմանդամների թիմի ավագ Արշակ Հովհաննիսյանը ոտքերը կորցրել է 20 տարեկանում բանակում՝ ականի պայթյունից:

Երկար տարիներ բուժվելուց հետո, իմանալով «Փյունիկ» հաշմանդամների միության մասին, սկսել է այնտեղ հաճախել ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզումների: Մինչեւ բանակ գնալը զբաղվել է թեթեւ ատլետիկայով, բայց հիմա ասում է, որ բասկետբոլն ավելի հարազատ է դարձել:

30 տարեկան էր, երբ սկսեց զբաղվել բասկետբոլով եւ հիմա շաբաթը երեք անգամ երկուական ժամով մարզվում է: Բասկետբոլի թիմում կան 9 անդամներ, մոտ 2 տարի է` խաղում են անփոփոխ կազմով:

Արշակի խոսքերով, հաշմանդամ մարզիկները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնցից մեկը անհրաժեշտ սարքավորումներով ապահովված չլինելն է. - «Հաշմանդամային սպորտը օրեցօր զարգանում է, բայց մեր սայլակները, օրինակ, այլեւս չափանիշներին չեն համապատասխանում, արդեն հին են: Եթե դրանցով գնանք մրցումների, հնարավոր է՝ չթողնեն մասնակցենք»:

Ամեն տարի Ազգային պարալիմպիկ կոմիտեին պետությունը հատկացնում է 3 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ դա մի փոքր պակաս է սեպտեմբերի 18-ին կայանալիք խորովածի փառատոնին տրամադրված գումարից, որին պետությունը հատկացրել է 3 մլն 200 հազար դրամ:

«Հաշմանդամ մարզիկներն ունեն մարզումների խնդիր. նրանք որեւէ արտոնություն չունեն, որ, ենթադրենք, նրանց զեղչեր տրամադրվեն, կամ անվճար կարողանան պարապել այդ մարզասրահում: Նույն լողավազանները բավականին թանկ են, եւ լողորդները չեն կարող իրենց թույլ տալ մարզվել», - ասաց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը:

Ամեն տարի հունիսի սկզբին տեղի է ունենում հաշմանդամային սպորտի փառատոն, որի ժամանակ մոտ 95 մարզիկեր ամբողջ Հայաստանից մրցում են 6 սպորտաձեւերում` բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ եւ լող:

Ռուզաննա Սարգսյանի խոսքերով, պետության կողմից հատկացված գումարը հազիվ բավարարում է այդ փառատոնը կազմակերպելուն:

Բազմաթիվ առաջնություններ մեր մարզիկները բաց են թողնում ֆինանսավորման բացակայության պատճառով: Հայաստանի հաշմանդամային առագաստանավային սպորտի թիմը վերջին անգամ 2000 թվկականին է մասնակցել միջազգային մրցումների:

Այս տարի միայն հովանավորների օգնությամբ կարողացան մասնակցել Անգլիայում տեղի ունեցած Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի ընտրական փուլին:

Մեկ այլ մրցմանը՝ փետրվարին տեղի ունեցած Սլավոնական երկրների լեռնադահուկային սպորտի բաց առաջնությանը, որից առաջ ընդամենը մեկ շաբաթ էին մարզվել, մեր մարզիկները նվաճեցին ոսկե եւ արծաթե մեդալներ:

«Մեր մարզիկներն իրենց ֆիզիկական տվյալներով շատ ուժեղ են, եթե հնարավորություն ընձեռվի լուրջ մարզումներ ունենալ, մենք լուրջ ակնկալիքներ կարող ենք ունենալ իրենցից: Եթե մեկ շաբաթ մարզվում են ու կարողանում են մեդալներ ունենալ, պատկերացրեք, որ ստաբիլ մարզվեն տարվա կտրվածքով, ինչ արդյունքների կարող ենք սպասել», - ասաց Ռուզաննա Սարգսյանը:

Այդուհանդերձ, 2012 թվականին հաշմանդամային սպորտի զարգացման համար, նրա փոխանցմամբ, կրկին 3 մլն դրամ է տրամադրվելու:

Արշակի խոսքերով, հաշմանդամ մարզիկների մյուս խնդիրը այն է, որ ինտեգրված չեն մեր հասարակությանը.

«Երեւի մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք. քիչ ենք դուրս գալիս, որ մարդկանց աչքը սովորի մեզ, հասկանան, որ իրենց նման ենք, ի՞նչ կապ ունի՝ սայլակով, թե ձեռնափայտով ենք: Նույն կերպ գիտակցում ենք, աշխատում ենք, կրթություն ենք ստանում: Կան տեղեր, որտեղ հաշմանդամներ են աշխատում եւ նույն աշխատանքն են կատարում, ինչ որ ոչ հաշմանդամները, եւ ոչ մի տարբերություն չկա», - նկատեց Արշակը:


please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG