Մատչելիության հղումներ

Օգոստոսի 31-ի մամուլ


Անդրադառնալով Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությանը` «Ժամանակ»-ը գրում է. - «Խնդիրն այն չէ, որ Մարգար Օհանյանին չպետք է ձերբակալեին, այլ այն, թե ինչու չեն ձերբակալվում մյուսները, ոստիկանության մյուս այլ օղակների ղեկավարները եւ պետական կառավարման համակարգի այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները: Սա հուշում է, որ ի դեմս ՃՈ պետի ձերբակալման` հանրությանը մատուցվում է հերթական շոուն, ինչպես, ասենք, Հովիկ Թամամյանի դեպքում, երբ ներիշխանական ինտրիգը հանրությանը փորձ արվեց մատուցել որպես «անբարո» ոստիկանի դեմ պայքար, այն դեպքում, երբ ոստիկանությունում այդօրինակ «անբարոները» համատարած են: Եթե ձերբակալում են «ընտրովի» անբարոների, ապա դա վկայում է, որ ընդամենը փորձ է արվում հանրության մոտ թողնել արդարության համար պայքարի տպավորություն` իրականում, սակայն, դրանով կոծկելով անարդար եւ ապօրինածին համակարգի մեղքերը»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի ամրապնդման դրսեւորումներից մեկը Հանրապետության նախագահը համարում է այն, որ «մեր տեսակետներն ու դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին…»: Փաստորեն հայկական դիվանագիտության գործունեության հիմնական չափորոշիչը դառնում է այն, թե որքանով է հաջողվում այս կամ այն հարցի հետ կապված միջազգային հանրության դիրքորոշումներին համահունչ գործել: Մինչդեռ միամիտները կարծում էին, թե դիվանագիտության արդյունավետության չափորոշիչն այն է, թե որքանով է տվյալ պետությունը կարողանում միջազգային հանրության կարծիքը ավելի ընկալողունակ դարձնել սեփական ազգային, պետական շահի, հետաքրքրությունների, դիրքորոշումների նկատմամբ եւ այն իրացնել` երկրի համար վերջնական, առարկայական, շոշափելի ձեռքբերումներ ապահովելով»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսող իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Անդրադառնալով Տիգրան Առաքելյանի ձերբակալությանը` նա ասում է. - «Իրավախախտում կատարելու պատճառով հարուցված է քրեական գործ, եւ տվյալ իրավախախտումը կատարած անձի նկատմամբ օրենքի պահանջին համապատասխան իրականացվում է քրեական հետապնդում: Ինչ վերաբերում է այդ առնչությամբ արտահայտվող քաղաքական գնահատականներին, ապա մեր աշխատանքային խումբը ե՛ւ երկխոսության հանդիպումների ժամանակ տեղի ունեցած քննարկումների ընթացքում, ե՛ւ այլ առիթներով բազմիցս կրկնել ու հիմնավորել է, որ քաղաքական ու իրավական գործընթացները իրար խառնելը, մեկը մյուսով շփոթելը մենք նպատակահարմար չենք համարում»: Լրագրողը հարցնում է. - «Ակնկալո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը կշարունակի երկխոսությունը»: Պատասխան. - «Ես շատ եմ ցանկանում, որ այդպես լինի: Այս եւ հասարակությանը, մեր ժողովրդին հուզող բազմաթիվ այլ համանման հարցերի պատասխանը պետք է տա հենց ՀԱԿ-ը»:

Իսկ Կոնգրեսի բանակցող պատվիրակ Ֆելիքս Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասում է. - «Լեւոն Զուրաբյանի նախորդ հանդիպման հայտարարությունը, որ ասաց` թե ես համոզված եմ, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի, հիմնված էր Դավիթ Հարությունյանի հետ խոսակցության վրա: Բայց մեր իշխանավորների բնավորությունը դուք գիտեք, եւ բնությունը դուք գիտեք, եւ կերպը: Սիրում են խոսել երկուսով, երեքով, հետո հրաժարվել իրենց խոսակցությունից»: Լրագրողը հարցնում է. - «Հիմա ի՞նչ է պատրաստվում ՀԱԿ-ը անել, եւ ընդհանրապես, բանակցությունների վերսկսումը ե՞րբ հնարավոր կլինի»: Պատասխան. - «Իշխանությունից է կախված. երբ ազատեն Տիգրան Առաքելյանին, հաջորդ օրը բանակցությունները… բայց դա կլինի մինչեւ սեպտեմբերի 9-ը: Այդ օրը հանրահավաք է լինելու, խոսք ենք ասելու, ժողովրդին ենք դիմելու, ահագին երկար խոսակցություններ են գնալու… Մենք ամեն ինչի պատրաստ ենք` ե'ւ երկխոսել, ե'ւ խոսել, ե'ւ հասարակությանը հանել ոտքի, գիտես մեր խասյաթը: Մենք արդարամիտ, ըմբոստ ժողովուրդ ենք, չենք սիրում, որ ասում են, հետո սուտ են խոսում: Պայմանավորվել ենք սեպտեմբերի 9-ին, սեպտեմբերի 9-ին հանրահավաք ունենք»:

Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչ տպավորություն թողեց իշխանություն - Կոնգրես բանակցությունների ընթացքը իր վրա` ՀԱԿ-ի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ասել է. - «Երկխոսության ընթացքն ինձ վրա ոչ մի տպավորություն չթողեց: Ընդհանրապես, չեմ կարծում, որ այդ երկխոսությունը որեւէ օգուտ կարող է բերել հայ հասարակությանը եւ, մասնավորապես, դրա մի մասնիկ Կարապետ Ռուբինյանին: Դրա համար առանձնապես ոչ մի հետաքրքրություն չունեի էլ երկխոսության ընթացքի վերաբերյալ: Որ հիմա ընդհատվել է, ես կարծում եմ` ինչ-որ ձեւեր կգտնեն վերսկսելու համար: Արդեն ինչ-որ նախանշաններ կան, ինչ-որ պատգամավորներ ինչ-որ այլ ուղիներ են մատնանշում, չգիտեմ` ոնց կլինի, բայց դա ամենեւին սկզբունքային չէ ինձ համար»: «Երկխոսության հետագա ընթացքը կուլիսայի՞ն կլինի, թե՞ հրապարակային»: Ռուբինյանը դարձյալ անկարեւոր է համարում. - «Խոսքը նրա մասին է, որ հասարակությանը մեթոդական թյուրիմացության մեջ են գցում, թե երկխոսության արդյունքում կարող են իրական փոփոխություններ լինել Հայաստանում, կամ այլ խոսքով ասած` որ Սերժ Սարգսյանը կարող է երկխոսության արդյունքում, առանց որեւէ պարտադրանքի, հրաժարական տալ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG