Մատչելիության հղումներ

«Կինոաշուն»-ը կմեկնարկի սեպտեմբերի վերջին


Սեպտեմբերի վերջին կմեկնարկի Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն» ծրագիրը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Այն անցկացվելու է Հայաստանի նախագահի հովանու ներքո:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը շեշտեց, որ այս տարվա «Կինոաշուն»-ը առավել ընդգրկուն եւ ընդարձակ է լինելու հատկապես մարզերում, որտեղ կներկայացվեն տարբեր տարիներին, այդ թվում նաեւ` անկախության տարիներին նկարահանված տարբեր ժանրի ֆիլմեր: Մի շարք վայրերում նախատեսված է նաեւ ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ:

«Ամեն մի մարզում առաջարկված է մինչեւ հինգ ցուցադրում: Ընդ որում ցուցադրումները պետք է լինեն մարզերի տարբեր բնակավայրերում», - ասաց Գեւորգ Գեւորգյանը:

Մայրաքաղաքում ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կկազմակերպվեն Կասկադի տարածքում, Սիրահարների այգում եւ այլուր: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա «Կինոաշնան» բացումը կինոկենտրոնը վճռել է իրականացնել մարզերում` մասնավորապես Գորիս քաղաքում:

«Կինոաշուն»-ը նան անակնակալ է պատրաստել. արխիվային ֆոնդերից հանդիսատեսին կներկայացվեն տասնամյակներ առաջ նկարահանված եւ այս կամ այն համայնքին` գյուղին կամ քաղաքին նվիրված վավերագրական ֆիլմեր, որոնք ցույց կտան տվյալ բնակավայրի ստեղծման կամ զարգացման պատմությունը: Տեղի կունենա նաեւ հայ կինոյի պատմությանն ու հայ կինոգործիչներին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը:

«Այս ծրագիրը, իմ խորին համոզմամբ, կինոցանցը վերականգնելու ծրագիր է, որովհետեւ եթե խորհրդային միության տարիներին 5-6 հարյուր կինոթատրոն կար Հայաստանում, ապա այսօր ընդամենը 1-2-ը: Պետությունը կինոցանցը չի կարող վերականգնել, բայց մենք արդեն պայմանավորվել ենք պարզպետների հետ, որ ամեն մարզում գոնե մեկ կինոթատրոնի հնարավորություն ստեղծեն` այսինքն դահլիճ, պրոյեկտոր, էկրան: Մենք բացի այս օրերից պատրաստ ենք ամբողջ տարին մարզերին սպասարկել ֆիլմերով, մեր մասնագետներով», - ասաց Գեւորգյանը:

Ի դեպ, Ազգային կինոկենտրոնը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել «Նաիրի» կինոթատրոնի սեփականատերերի հետ` կրկին վերագործարկելու կինոթատրոնի դահլիճը:

«Կինոդահլիճը վարձակալել ենք: Համոզված եմ, որ այս շաբաթվա մեջ մենք կսորագրենք վարձակալության պայմանագիրը: Մենք փորձում ենք այդ դահլիճը դարձնել կինոմշակութային կենտրոն տարբեր ծրագրերի իրականացման համար», - ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG