Մատչելիության հղումներ

Թուրքիան վերադարձնում է ազգային փոքրամասնությունների ունեցվածքը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվային լուսանկար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվային լուսանկար
Կիրակի երեկոյան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հյուրասիրության էր հրավիրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ռամադանի տոնակատարության ավարտին հրավիրված ընթրիքի` «իֆթարի» ավելի քան 160 մասնակիցների մեջ եղել են նաեւ հայ համայնքի ու հոգեւոր դասի առաջնորդներ ու ներկայացուցիչներ:

Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել վերադարձնել ազգային հիմնադրամներից բռնագրավված ամբողջ ունեցվածքը: Շաբաթ օրը երկրի պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն` ազգային փոքրամասնությունները հնարավորություն են ստանում հետ պահանջելու 1936 թվականին հայտարարագրված իրենց ունեցվածքը: Անշարժ գույքը, հիմնադրամները, դպրոցների, հիվանդանոցների շենքերը, գերեզմանոցները պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին: Երրորդ կողմին անցած, վաճառված ունեցվածքը եւս պետք է փոխհատուցվի: Առաջիկա 12 ամիսների ընթացքում ազգային փոքրամասնությունները կարող են դիմել Թուրքիայի իշխանություններին` վերադարձնելու համար իրենց ունեցվածքը:

Կառավարության որոշումը ազգային փոքրամասնությունները մեծ ուրախությամբ են ընդունել: Հայկական ծագումով լրագրող Մարգար Եսայանը ասել է, որ որոշումը հատուկ նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս պետության վերաբերմունքի փոփոխություն, փոխվում է ոչ մահմեդականների նկատմամբ անարդար գործելաոճը, որը պետության կողմից կիրառվում էր երկար ժամանակ:

«Որոշումը ավելին է նշանակում, քան ազգային փոքրամասնությունների խմբերի նկատմամբ անարդար վերաբերմունքի վերացում: Պետական մտածելակերպն է փոխվում` հույն, հայ կամ հրեա քաղաքացիներին պետությունը արդեն ուրիշ չի համարում, կամ սպառնալիք չի համարում», - ասել է Եսայանը:

Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու մեջ մասնագիտացած փաստաբան Քեզբան Հաթեմին Sunday’s Zaman պարբերականին ասել է, թե Թուրքիայի հանրապետության պատմության մեջ սա առաջին եւ շատ նշանակալից շարժումն է:

«Սա իրավունքների վերականգնում է: Սա Լոզանի համաձայնագրի պահանջների կատարում է, որը մեր երկրի ոչ մահմեդական քաղաքացիներին թույլ է տալիս իրենց իրավահավասար քաղաքացիներ զգալ Թուրքիայում», - ասել է կին փաստաբանը:

Պրոֆեսոր Այհան Աքթարը, որը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մասին մի շարք գրքերի հեղինակ է, կառավարության որոշումը հեղափոխական է համարել` ասելով, որ այն արժանի է ծափահարությունների:

«Ամենակարեւորը` Թուրքիան դա կատարեց սեփական կամքով, մինչեւ արտաքին ճնշումներին հանդիպելը: Եթե կառավարությունը որեւէ նախաձեռնություն չցուցաբերեր, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընթացող գործերի կապակցությամբ Թուրքիան կենթարկվեր մի շարք պատժամիջոցների», - հայտարարել է Աքթարը:

Թուրքական եւ միջազգային լրատվամիջոցները նշում են, որ հիմնականում մահմեդականներով բնակեցված 74 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի քաղաքացիներից 65 հազարը հայ քրիստանյաներ են, 23 հազարը` հրեաներ, 2 հազար 500-ը` հույներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG