Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստի կալանքի տակ մնալը «խոչընդոտում է երկխոսությանը»


ՀԱԿ-իշխանություն պատվիրակությունների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
ՀԱԿ-իշխանություն պատվիրակությունների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ` ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքը շարունակում է խոչընդոտ մնալ երկխոսության ճանապարհին:

Վերաքննիչ դատարանը այսօր անփոփոխ թողեց ոստիկանության հետ միջադեպի առնչությամբ կալանավորված Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Երկխոսության ճանապարհին խոչընդոտը դեռեւս մնում է: Խնդիրը հետեւյալն է` Հայաստանում քաղբանտարկյալ կա՞, թե՞ չկա: Ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն, ըստ այդմ էլ մենք կկողմնորոշվենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մուսինյանը:

Հարցին, թե օգոստոսի 23-ին տեղի կունենա՞ ՀԱԿ-իշխանություն հերթական հանդիպումը, Մուսինյանը պատասխանեց. - «Մինչեւ երեքշաբթի ժամանակ կա, եկեք այդ պահին հանդիպման վերաբերյալ կոնկրետ որեւէ բան չասենք»:

Հիշեցնենք, որ այսօր հետաձգվեց ՀԱԿ-իշխանություն հերթական հանդիպումը: Նախատեսված հանդիպումից մոտ մեկ ժամ առաջ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց այն մասին, որ իշխանական պատվիրակության հետ հանդիպումը հետաձգվում է հաջորդ երեքշաբթի: ՀԱԿ-ը որեւէ պատճառաբանություն չի ներկայացնում` ասելով միայն, որ այսօրվա հանդիպման մասին պայմանավորվածությունը սկզբնական էր, իսկ հիմա արդեն վերջնական պայմանավորվել են հանդիպել երեքշաբթի:

Մինչդեռ ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ՀԱԿ-իշխանություն հանդիպումն ամենայն հավանականությամբ հետաձգվեց ՀԱԿ-ի կալանավորված ակտիվիստների խափանման միջոցը փոխելու խնդրի պատճառով:

Վարդան Բոստանջյանի փոխանցմամբ` հանդիպումը հետաձգելու համար հիմնավոր պատճառներ չկային, եւ եթե դա տեղի է ունեցել, ապա այն կապված է հենց այդ երիտասարդների խնդրի հետ: Ամեն դեպքում, Վարդան Բոստանջյանի պնդմամբ, այսօրվա հանդիպումը հետաձգվել է ոչ իշխանական կողմի նախաձեռնությամբ:

Իսկ այն հարցին, թե ՀԱԿ-ը իշխանության առջեւ կալանավորված ակտիվիստների խափանման միջոցը փոխելու խնդիր դրե՞լ է երկխոսությունը շարունակելու համար, Բոստանջյանը արձագանքեց. - «ՀԱԿ-ի պատվիրակության անդամները անմիջապես նիստի ժամանակ նման բան չեն ասել, որ հակառակ դեպքում չենք շարունակի»:

Վարդան Բոստանջյանը նաեւ նշեց, թե իրենք կալանավորված ակտիվիստների խափանման միջոցը փոխելու որեւէ խոստում ՀԱԿ-ին չեն տվել:

«Բացարձակապե'ս: Եթե մենք անգամ խոստում տայինք, բոլոր հասկացող, գրագետ մարդիկ կծիծաղեին դրա վրա: Ո՞նց էինք խոստում տալու մի երեւույթի վերաբերյալ, որը մեր իրավասության տակ չի գտնվում: Հիմա եթե հանկարծ իսկապես դրանով պայմանավորված դադարեցնեն [երկխոսությունը], ես մտածում եմ, որ ողբերգություն չենք ապրի ամբողջ ազգով», - ասաց իշխանական պատվիրակության անդամը:

Բոստանջյանը ընդգծեց, որ ցանկացած կարգի խախտում կատարող (ով ուզում է լինի) պետք է օրենքով սահմանված ընթացակարգերով անցնի` կլինի դա կալանավորում, թե` դատաքննություն: Նա հարցադրում արեց` եթե կատարվել է անօրինական մի բան, ապա արդյո՞ք հանուն երկխոսության պետք է դրա վրա աչք փակել:

«Իշխանական կողմն էլ ոչ հեշտ խնդրի առաջ է կանգնած: Այսինքն հանուն երկխոսության, որը չգիտեմ` իշխանությանն ինչքանով է պետք, պետք է ներողամիտ լինե՞լ ամեն ինչի նկատմամբ: Այդպիսի բան չի լինի», - ասաց Բոստանջյանը:

Նրա փոխանցմամբ` հասարակությունը «դժգոհ է, տխուր է նայում այս երկխոսությանը», որովհետեւ մարդիկ մտածում են, որ դրանից իրենք ավելի նպաստավոր վիճակում չեն հայտնվելու:

«Եթե այս երկխոսության գործընթացը վիժեցվի, ապա միգուցե շատ էլ լավ կլինի», - ասաց իշխանական պատվիրակության անդամը:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG