Մատչելիության հղումներ

ՀԱԿ-իշխանություն երկխոսության շարունակության հարցը կախված է կալանավորված ակտիվիստների կարգավիճակից


ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյան
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյան
Հայ ազգային կոնգրեսը երեքշաբթի օրը որոշում կկայացնի շարունակել երկխոսությունը իշխանության հետ, թե` դադարեցնել:

Այդ որոշումը կախված կլինի այն բանից, թե մինչեւ երեքշաբթի ինչ կարգավիճակ կունենան անցած ուրբաթ կալանավորված ՀԱԿ ակտիվիստները: Այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը` պահանջելով անհապաղ ազատ արձակել երիտասարդներին: Հիշեցնենք, որ երիտասարդների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

«Քաղբանտարկյալների առկայությունը մեզ համար երեք տարի շարունակ եղել է այն հիմնական նախապայմանը, որը խանգարել է երկխոսությանը, եւ այս պարագայում, բնականաբար, դա լրջագույն խոչընդոտ է: Իշխանություն - ՀԱԿ երկխոսության հաջորդ ռաունդը նշանակված է վաղը, առավոտյան ժամը 10-ին: Դեռ 24 ժամ կա, եւ կախված նրանից, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը մինչեւ վաղը` երկխոսության հաջորդ ռաունդի սկիզբը, մենք կկայացնենք համապատասխան որոշում: Մենք նույնպես ժամանակ ունենք, ակտիվ քննարկումների փուլում ենք, եւ վաղը արդեն այս հարցում հստակություն կունենաք», - հայտարարեց Մուսինյանը:

Մինչդեռ երկխոսության համար ձեւավորված իշխանական պատվիրակության անդամ, հանրապետական Գագիկ Մինասյանի համոզմամբ, եթե ՀԱԿ-ը երկխոսությունը դադարեցնելու պատրվակ չի փնտրում, ապա գործընթացը կշարունակվի:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մտավախություն չունի՞, որ երկխոսությունը կարող է դադարեցվել, Գագիկ Մինասյանը պատասխանեց. - «Մեր գործընկերների մոտ պետք է գերակայի ողջամտությունը, եւ իրենք կարողանան ճիշտ որոշում կայացնել: Խնդիրը նրանում է, որ եթե որեւէ մեկը օրենքով սահմանված կարգով գտնվում է իրավապահ մարմինների մոտ, ապա իրենք չեն կարող փորձել ճնշումներ գործադրել եւ դրանով խափանել արդարադատության կայացմանը: Դա ուղղակի բացառվում է: Եթե մեր գործընկերները լուրջ են, իսկ ես մինչեւ հիմա այդպես եմ մտածել, ապա գործընթացը կշարունակվի: Իսկ եթե նրանք ընդամենը պատրվակ են ման գալիս, ապա դա նրանց գործն է»:

Ասուլիսում ՀԱԿ խոսնակը նաեւ ներկայացրեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ: Մուսինյանը նշեց, որ ոստիկանության ապօրինություններն ու բռնություններն աննախադեպ են եղել. բերման ենթարկված յոթ երիտասարդներին ծեծի են ենթարկել ե'ւ Կարապի լճի մոտ, ե'ւ ոստիկանական մեքենաներում, ե'ւ ոստիկանության Կենտրոնի բաժնում: Նրա խոսքով` բերման ենթարկելիս կարմիր բերետավորներից մեկը անգամ փորձել է խեղդել Տիգրան Առաքելյանին: Մուսինյանն ասաց, թե այս միջադեպը սկսվել է ոչ թե շան դնչակալի պատմությունից, ինչպես ներկայացնում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այլ այն պահից, երբ կարմիր բերետավորները ապօրինի փորձել են խուզարկել մի քաղաքացու: Այդ պահին կարմիր բերետավորներին է մոտեցել ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը եւ առաջարկել, որ այդ խուզարկության ընթացքում իրեն ներգրավեն որպես ընթերակա: Նրանց միջեւ խոսակցությունը ընթացել է քաղաքակիրթ ձեւով, բայց երբ ոստիկաններին է մոտեցել Տիգրան Առաքելյանը, այդ ժամանակ նրան ճանաչել են իբրեւ «լեւոնական»:

«Երբ Տիգրան Առաքելյանը մոտեցել է եւ բարեւել ոստիկաններին, նրանցից մեկի կողմից հնչել է հետեւյալ ռեպլիկը` «Արա, սրան ես ճանաչում եմ, սրանք լեւոնականներ են», որից հետո սկսվել է վիճաբանություն», - ասաց Մուսինյանը:

ՀԱԿ անդամ մյուս հինգ երիտասարդները այդ պահին զբոսնելիս են եղել Ազատության հրապարակում եւ երբ տեսել են ոստիկանության ուժերի կուտակում, մոտեցել են տեսնելու, թե ինչ է կատարվում:

«Նրանք ականատես են եղել հետեւյալ տեսարանին` Տիգրան Առաքելյանը տապալված գետնին, կարմիր բերետավորներից մեկը ոտքը դրած նրա գլխին, մի ձեռքով բարձրացրած Առաքելյանի ոտքը, եւ երկու բերետավորներ հարվածում են Տիգրան Առաքելյանին` ընկած վիճակում: Տղաները փորձել են հանդարտեցնել, սակայն ոստիկաններին հանդարտեցնելու ջանքերը ոչ միայն արդյունք չեն տվել, այլեւ սկսվել է բռնության կիրառումը մեր հինգ երիտասարդների նկատմամբ», - ասաց Մուսինյանը:

Այն, որ բռնություններ եղել են նաեւ բերման ենթարկելիս, փաստեցին հենց իրենք` անցած ուրբաթ արձակված չորս երիտասարդները: Ընդ որում նրանք բռնությունների են ենթարկվել շղթայված վիճակում: Նշենք, որ յոթ ՀԱԿ ակտիվիստներին բերման են ենթարկել չորս մեքենաներով: Տիգրան Առաքելյանի հետ միեւնույն մեքենայում գտնված 20-ամյա Վահագն Գեւորգյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, թե ինչպես է կարմիր բերետավորը շղթայված Տիգրան Առաքելյանին փորձել խեղդել: Մինչդեռ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պնդում էր, որ Առաքելյանն է դաժանաբար ջարդել ոստիկանի քիթը:

«Տիգրանին մեքենա նստացնող կարմիր բերետավորը մեքենայի մեջ սկսեց խեղդել նրան ու բանը հասավ նրան, որ Տիգրան Առաքելյանը կիսաուշագնաց վիճակում հայտնվեց, իսկ ես փորձում էի ազատել նրան հատուկ ջոկատայինի ձեռքից: Վարորդն էլ նկատեց, որ Տիգրան Առաքելյանը շատ հնարավոր է մահանա, կանգնեցրեց մեքենան, ինքը ու իր կողքի ոստիկանը, ովքեր ոստիկանության սովորական աշխատակցի հագուստներով էին, թեքվեցին, օգնեցին ինձ, մի կերպ կարողացան Տիգրանին պոկել հատուկ ջոկատայինի ձեռքից: Երբ մեքենան նորից շարժվեց, նա նորից ուզում էր բռնել Առաքելյանի վիզը, եւ որպես ականատես ես կարող էի կասկածել, որ նա փորձում է խեղդամահ անել Առաքելյանին, եւ դա ակնհայտ էր վարորդի եւ մյուս ոստիկանի համար: Նա նորից ուզում էր բռնել Տիգրանի վիզը, Տիգրանը փորձեց վիզը փախցնել, որպեսզի սա չկարողանա բռնի, ու այդ ընթացքում գլխով հարվածեց ոստիկանի դեմքին», - պատմեց Գեւորգյանը` հավելելով, թե կարմիր բերետավորը գործով տուժող ճանաչված Տիգրան Ավետիսյանն է:

Գեւորգյանի խոսքով` իրենց նկատմամբ ամենադաժան վերաբերմունքը հենց Տիգրան Ավետիսյանն է ցուցաբերել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արեգ Գեւորգյանն էլ պատմեց, որ ծեծը շարունակվել է նաեւ ոստիկանության բաժնում: 24-ամյա երիտասարդը, ում մարմնի եւ դեմքի վրա դեռ պահպանվել են վնասվածքները, ասաց, թե իրենց նկատմամբ ուղղակի քաղաքական հաշվեհարդար է իրականացվել:

«Հենց սկզբից մենք մատնացույց ենք արվել որպես, այսպես ասած, «լեւոնականներ, դրանից հետո նոր սկսվել են բռնությունները: Այսինքն սա ուղղակի քաղաքական հաշվեհարդար էր», - ասաց Գեւորգյանը:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG