Մատչելիության հղումներ

Երեւանյան հեծանվորդը պետք է համարձակ լինի


Iran -- Women on bicycle in a park Iran, Apr2011
Iran -- Women on bicycle in a park Iran, Apr2011

Հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներից է: Վերջին մի քանի տարում Երեւանում երիտասարդները սկսել են հեծանիվը գործածել որպես հիմնական փոխադրամիջոց` չնայած փողոցների անհարմարություններին ու վարորդների վերաբերմունքին:

Վահե Վարդումյանը քաղաքի ակտիվ հեծանվորդներից է արդեն երեք տարի, որից մեկեւկես տարին հեծանիվը օգտագործում է որպես հիմնական փոխադրամիջոց: «Վարորդների համար շատ անսովոր է իրենց հետ զուգահեռ երթեւեկող հեծանվորդների հանդիպելը», - նշում է նա:

Վահեն այն կարծիքին է, որ հեծանիվ վարելու կամ հեծանվի քարոզչությամբ զբաղվելու համար պետք է ունենալ բարձր էկո-գիտակցություն:

Նա նշում է հեծանվորդներին հանդիպող խոչընդոտներից մի քանիսը. - «Մեր քաղաքում չկան հեծանվային արահետներ, չկան տեղադրված համապատասխան նշաններ եւ կայանատեղեր, ինչը դժվարեցնում է հեծանիվ վարելը: Կարծես բոլոր պայմանները ստեղծված լինեն, որ հեծանիվ չվարենք»:

Վահեն լավատեսորեն է տրամադրված եւ նկատում է, որ վերջին տարիներին քաղաքում ավելացել է հեծանվորդների թիվը: Նա պատմում է, որ Թբիլիսիում, օրինակ, վարձակալության համար հատուկ կայանատեղեր կան, արահետներ են կառուցում հեծանիվների համար` չնայած քաղաքը գտնվում է թեք հարթության վրա, իսկ Երեւանի փողոցները համեմատաբար ավելի հարթ մակերես ունեն:

Խաչիկը պատմում է, որ մեկ տարի է ինչ իր հեծանիվը փոխարինել է երթուղայիններին. նա հեծանվով աշխատանքի է գնում, այցելում է ընկերներին:

«Հիմա Օպերայից Կոմիտաս հանգիստ կարողանում եմ բարձրանալ հեծանվով, չեմ էլ հոգնում», - ասում է Խաչիկը: Նա նշում է, որ վարորդների արած արտահայտություններին ուշադրություն չի դարձնում` հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում կփոխվեն մարդիկ:

Հեծանվորդների մասին Հայաստանում օրենք չկա: Նրանցից չեն պահանջում վարորդական իրավունք, եւ սա պատահարների առիթ է հանդիսանում: Տղաները հիշում են դեպքեր, որ վարորդները, լինելով անուշադիր, չեն նկատում հեծանվորդին, ու բախումներ են լինում:

Ի տարբերություն տղամարդկանց, կանանց համար ավելի դժվար է հեծանվով երթեւեկելը: Նազիկ Մանուկյանը քաղաքում առաջին հեծանվորդներից է եղել: «1998 թվականին, երբ ես հեծանիվ էի վարում, շատ մեծ բարդությունների էի հանդիպում, որովհետեւ այն ժամանակ շատ չկային հեծանվորդներ: Հարեւանների, տղաների համար անսովոր էր: Ծաղրում էին, անմիտ արտահայտություններ էին անում. ես ականջներիս ականջակալներ էի դնում ու վարում էի», - պատմում է նա:

Նազիկը նշում է, որ ավելի շատ սիրում է հեծանվարշավներ կազմակերպել քաղաքից դուրս, բարդ ճանապարհներով: Երեւանում երթեւեկելիս հաճախ հանդիպել է վարորդների բացասական վերաբերմունքին: «Երբեմն վեճեր են եղել: Հայաստանում հեծանվով երթեւեկողների համար ամենակարեւոր գործոնը համարձակությունը ու ֆիզիկական պատրաստվածությունն է», - ասում է նա:

please wait

No media source currently available

0:00 0:07:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG