Մատչելիության հղումներ

Օգոստոսի 12-ի մամուլ


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետը lragir.am-ում գրում է. - «Փորձենք հասկանալ, թե իշխանությունների ինչի՞ն է պետք մոլեռանդ բարեփոխիչի կերպարը: Հնարավոր է, որ իշխանավորներից ոմանք հանգել են այն համոզման, որ իրենց հին կերպարով այլեւս հնարավոր չէ պահպանել իշխանությունը: Նրանք հասկացել են կամ նրանց հասկացրել են, որ առաջինը` հիմնականում «արաբական գարնան» հետեւանքով, փոխվել է միջազգային հանրության պահվածքը: Երկրորդը եւ, թերեւս, ամենակարեւորը` հասարակությունում առաջացել է բռնապետական կարգերը չհանդուրժող անհատների մի ստվար հատված, որն ինքնակազմակերպվելու եւ պայքար մղելու որոշակի հմտություններ ու կարողություններ է ձեռք բերել: Իհարկե, եթե հասարակության այդ շերտը կազմեր բնակչության գերակշռող մեծամասնությունը, ապա բարեփոխիչի ոչ մի կերպար ի վիճակի չէր լինի լռեցնել հասարակությանը, եւ վերջինս արդեն վաղուց հաստատած կլիներ իր ուզած կարգերը: Կազմակերպված եւ պայքարող բացարձակ մեծամասնության դեմ բռնապետությունն ի վիճակի չէ երկար պայքարել: Հայաստանում չկա այդպիսի բացարձակ մեծամասնություն։ Ուրեմն տրամաբանական է սպասել, որ բարեփոխիչի իմիջ ստեղծելը պիտանի է միայն հասարակության համեմատաբար իներտ հատվածի հավանական ակտիվությունը կանխելու համար»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, չգիտես ինչու, ավելի հակված ենք կարծելու, որ մեղքը ոչ թե երիտասարդներինն է, այլ ոստիկաններինը, որոնք, իրենց սովորույթի համաձայն, ապօրինի են գործել՝ ծեծել են, վիրավորել, հրահրել միջադեպը: Ես փորձեցի «Յութուբում» տեղադրված ու ոստիկանության ցուցադրած կադրերից հասկանալ, թե ինչ է իրականում կատարվել, եւ ամենակարեւորը՝ ով է մեղավոր: Ցավոք, այդ կադրերից միայն հասկացվում է, որ դրանք 1. կիսատ են կամ մոնտաժված, 2. ցույց են տալիս տղաների սարսափելի ջղագրգիռ ու հուզված վիճակը, ինչը կարող է դրան նախորդած դեպքերի արդյունք լինել, 3. անգամ այդքան նյարդային վիճակում տղաներն առանձնապես սարսափելի բան չեն անում, հակառակը՝ փորձում են կառավարել իրենց: Հետեւություն՝ այսքան տարի տեսանկարահանումներ անող ոստիկանները ոչ կարողանում են նորմալ տեսագրել, ոչ էլ իրենց ծառայողական պարտականություններն են լիարժեք կատարում»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում, խոսելով Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների մասին, հայտարարել է. - «Ես չեմ ուզում ծայրահեղ միջոցների դիմեմ»: Որեւէ երկրի որեւէ ոստիկանապետ չէր կարող իրեն նման հայտարարություն թույլ տալ: Եթե այդպես խոսեր հանցավոր խմբավորման ղեկավար, ես կհասկանայի: Բայց ՀՀ ոստիկանության ղեկավա՞րը… Թամամյան Հովիկին չմոռանանք եւ փորձենք հասկանալ, թե ինչ ծայրահեղ միջոցների մասին է խոսում ՀՀ ոստիկանության պետը: Գուցե Գեւորգ Մհերյանի սպանությո՞ւնն է ուզում կախել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների վզին: Այսպիսով նա գուցե կարողանա փրկել Հայաստանի ոստիկանության պատիվը. ինքն է չէ՞ ասել, որ Մհերյանի սպանության բացահայտումը ՀՀ ոստիկանության պատվի հարցն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթի հիման վրա զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի հետ: Նա ասում է. - «Ոչ օրինական ճանապարհով ես անձամբ արել եմ բաներ, որոնք կարող եմ թվարկել. 1989 թվականին նետվել եմ ազգային գոյամաքառման, անօրինական ճանապարհով եղել եմ եղբորս հետ «Սասնա ծռեր» հզոր ու թուրքերի սարսափը տածող կամավորական ջոկատի հրամանատար: Անձիս նկատմամբ խնամքի եւ ունեցած կյանքի պատասխանատվությունը խախտել եմ` վիրավորվել եմ: Իսկ եղբայս զոհվել է հայրենիքի եւ հայ ժողովրդի թշնամու ոտնձգությունների դեմ պայքարի ժամանակ: Այդ թվականներին օրինական կարգով ընտրվել եմ Դավիթաշենի թաղապետ` դավիթաշենցիների ձայների բացարձակ քվեն շահելով, եւ օրենքին հակասող կարգով իմ սեփական բյուջեի հաշվին, որը իրոք խախտում է, ծաղկացրել եմ զրո կոպեկ բյուջե ունեցող այդ կիսակառույց թաղամասը»:

Իշխանություններ - Կոնգրես բանակցությունների թեմայով «Իրավունք»-ը զրուցել է Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ: Նա ասում է. - «Նախ` երկխոսությունը այն է, որ երկուստեք հրաժարվում են պոտենցիալ ռեսուրսների պայքարից: Երկրորդ` մեր պետության, հասարակության մեջ կան խնդիրներ, որոնք ընդդիմությունը հնչեցնում է, եւ ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ այն մոտեցումները, որոնք համապատասխանում են իշխանության մոտեցումներին, իրագործվեն: Չէ՞ որ ընդդիմությունը հասարակության մի հատվածի տեսակետն է արտահայտում: Ես կարծում եմ, որ երկխոսությունը ներքաղաքական մթնոլորտում հանդուրժողականության առումով արդեն իսկ իր դրական արդյունքները տվել է»:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG