Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը չի բացառում, որ «որոշ ուժեր փորձում են վիժեցնել երկխոսությունը»


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր դատապարտել է իր ակտիվիստների հետ նախօրեին տեղի ունեցածը` դա որակելով սադրանք եւ դիտարկելով որպես «իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը»:

«Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին եւ նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը: Բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը», - ասված է հայտարարությունում:

ՀԱԿ-ը պահանջում է «անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին եւ օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ»:

Անցած գիշեր ձերբակալվել են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի 7 ներկայացուցիչներ: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

ՀԱԿ-ը իր հայտարարությունում պնդում է, որ ինչպես երեկվա միջադեպի ժամանակ, այնպես էլ ընդդիմադիր երիտասարդներին բերման ենթարկելուց հետո իրավապահները բազմաթիվ ապօրինություններ են գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG