Մատչելիության հղումներ

Լեռնագնացություն՝ ավելին, քան սպորտաձեւ


Լեռնագնացները խոստովանում են, որ լեռնագնացությունը «հիվանդություն» է:

«Լեռնագնացությունը իմ կյանքի իմաստն է: [Բոլորս] հիվանդացել ու չենք կարողանում բուժվել այս «լավ» հիվանդությունից», - խոստովանում է լեռնագնաց Գարիկ Ունուսյանը:

Գարիկը լեռնագնացությամբ զբաղվում է 17 տարեկանից: Լեռնագնացությունը վաղուց դադարել է նրա համար ուղղակի զբաղմունք լինելուց: Իր բնորոշմամբ` արդեն կենսակերպ է:

Ծնողները, անհանգստանալով որդու առողջության եւ անվտանգության համար, այդքան էլ չէին ողջունում նրա նոր զբաղմունքը, բայց աստիճանաբար ընտելացան:

Մեկ այլ լեռնագնաց` Հասմիկը, մասնագիտությամբ լեռնաբան է, սարերի նկատմամբ սերը նրան է փոխանցվել ծնողներից: Խոստովանում է, որ սիրահարված է սարերին. - «Չսիրած սար չունեմ, բայց կան սարեր, որոնք շատ եմ սիրում՝ Արագածը, Աժդահակը»:

Լեռնագնացները սովորաբար անձնավորում են սարերին՝ զրուցում են նրանց հետ ու լսում նրանց, հաշվի նստում նրանց տրամադրության հետ:

«Իրոք սարերը կենդանի են, ապրում են, հոգի ունեն ու տրամադրություն. սարը կուզենա, քեզ կընդունի, չի ուզենա, թույլ չի տա, որ դու բարձրանաս իր վրա», - ասաց Հասմիկը:

Զրուցակիցներս նշեցին, որ սարերում ամենագեղեցիկը բացվող տեսարանն է. - «Մեկ անգամ գագաթին կանգնելը այնքան գեղեցիկ զգացմունք է, որ ոչ ոք չի կարող բառերով ուրիշին նկարագրել, մինչեւ ամեն մարդ իր մաշկի վրա չզգա», - նշեց Լեռնագնացության եւ ժայռամագլցման ֆեդերացիայի վարչության անդամ Սուրեն Ստեփանյանը:

Շատերիս թվում է, որ լեռնագնացությամբ զբաղվում են ռոմանտիկները: Զրուցակիցներիս կարծիքները այս հարցի վերաբերյալ տարբեր էին. - «Ռոմանտիզմ չի լեռնագնացությունը, այն շատ բարդ է ու դրա հետ մեկտեղ` շատ գեղեցիկ», - ասաց Գարիկը:

«Երեւվի ռոմանտիկների զբաղմունք է, որովհետեւ դա մեծ սիրահարվածություն է բնությանը, լեռներին, մեծ երկնքին, կյանքին», - ասաց Հասմիկը:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG