Մատչելիության հղումներ

Երեւանում կբացվի Սեւակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» ցուցահանդեսը


Քանդակագործ Սեւակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» խորագրով ցուցահանդեսում տեղ են գտել հեղինակի գրաֆիկական աշխատանքները:

Իր Երեւանյան ցուցահանդեսի անվանումը հեղինակը բացատրում է միայն աշխատանքների ոճի եւ դրանց ստեղծման տեխնիկայի նույնությամբ, իսկ թեմաները տարբեր են՝ շարժման մեջ գտնվող կենդանիներից մինչեւ Եղեռնն անցած երեխաները:

«Տասից տասնհինգ հատ մի օրինակից տպվող աշխատանքներ են: Ճիշտն ասած, անվանումներ էլ չեմ դրել աշխատանքներին: Երբեմն, երբ աշխատում ես, անվանումը հետո ես մտածում», - խոստովանեց Սեւակ Գրիգորյանը:

Հեղինակի խոսքերով, այս ստեղծագործությունների վրա ինքը դեռ աշխատելու է. - «Այս աշխատանքները կարծես գրառումներ լինեն մեծ աշխատանքի համար: Իրենք վերջնական են, բայց կարծես նախատիպերն են: Կան էսքիզներ Եղեռնի համար, որոնք հետո դառնալու են ավելի ամբողջական ցուցահանդես հենց այդ թեմատիկայով», - ասաց Սեւվակ Գրիգորյանը:

Նա նշեց, որ ավելի շատ ցանկանում է ոչ թե փաստերը, այլ թեմայի զգացմունքային կողմը շեշտել:

Սեւակ Գրիգորյանը Հայաստանի Նկարիչների միության եւ Իտալիայի Մեդալի ասոցիացիայի անդամ է: Վերջին 6 տարիներին բնակվում է Իտալիայում: Հռոմում ունեցել է երկու անհատական ցուցահանդես: Իր աշխատանքները ներկայացնելիս նա կարեւորում է մթնոլորտը, որը ստեղծվում է սրահում ցուցահանդեսի ժամանակ:
XS
SM
MD
LG