Մատչելիության հղումներ

Սփյուռքի երիտասարդները կսովորեն առաջնորդների դպրոցում


Այս տարի առաջին անգամ սփյուռքահայերի համար կիրականացվի «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիր, որին մասնակցելու համար Հայաստանում են 21-30 տարեկան 24 երիտասարդներ:

Սփյուռքահայերի համար ամառային դպրոցը պարբերական է դառնալու: 2012 թվականին այս տարվա մասնակիցները Հայաստանում ներկայացնելու են 1 տարվա ընթացքում իրենց կյանքի կոչած ծրագրերը:

«Մասնակիցներին ընտրելիս փորձել ենք ընդգրկել հավասար թվով աղջիկների ու տղաների: Հաշվի ենք առել դիմողների տարիքը եւ փորձը», - նշեց Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

Դասընթացները տեւելու են 2 շաբաթ` առանց հանգստյան օրերի: Հանգստյան օրերը օգտագործվելու են ոչ ֆորմալ հանդիպումներ կազմակերպելու համար` լրագրողների, բլոգերների հետ:

Արսեն Նիկողոսյանը, ով ներկայացնում է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցացիան, ասաց, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռնում տարբեր համայնքների ու երկրների երիտասարդներին միավորվել մի գաղափարի շուրջ: Արսենը իրեն պատկերացնում է առաջնորդի դերում, թեեւ դեռ չունի կոնկրետ ծրագրեր: «Եթե առաջնորդ չլինեինք, չէինք գա: Կարծում եմ, որ այստեղ բոլորն էլ իրենց համայնքներում մեծ աշխատանք են իրականացնում: Ապագայում հնարավոր է, որ դառնանք մեր համայնքում առաջնորդներ, նախագահներ»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անձամբ դիմավորեց հայրենիք ժամանած երիտասարդներին: «Դուք եք այս ծրագրի առաջին մասնակիցները: Ծրագիրը լավ կազմակերպելու դեպքում այն կդառնա հիմք, որպեսզի հետագայում ավելի շատ երիտասարդների փորձենք ընդգրկել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման եւ զարգացման գործին»:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG