Մատչելիության հղումներ

Հայաստանը ամենաարագ անապատացող երկրներից է


«Հայաստանի հողատարածքների շուրջ 80%-ը ենթարկված է անապատացման գործընթացի ազդեցությանը, որից 30%-ը առավել խիստ անապատացված տարածքներն են», - ասում է Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը:

Մասնագետը նշեց, որ անապատացման պատճառներից են հողերի գերարածեցումը, ոչ ճիշտ մշակումը, գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պակասը, հասարակ գյուղացիների անտեղյակությունը եւ ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը:

«Մինչեւ 1950-60-ական թվականները Արարատյան դաշտի հողերի մեծ մասը անօգտագործելի հողեր էին: Բայց Սեւանա լճի հաշվին, ինչպես նաեւ մարդու տիտանական աշխատանքի շնորհիվ Արարատյան դաշտը վերածվեց այգեստանների: Բայց դրա հետ մեկտեղ հողի նկատմամբ ոչ գիտական մոտեցման պայմաններում ձեւավորվեցին բազմաթիվ խնդիրներ՝ հողերի աղակալում, էրոզիա, դեգրադացիա», - նշեց Խոյեցյանը:

Ամեն տարի միայն անապատացման հետեւանքով մարդկությունը շուրջ 50 մլրդ դոլարի վնաս է կրում: Հայաստանում ամենաշատը անապատացման ենթակա են Արմավիրի եւ Արարատի մարզերի հողատարածքները:

«Մարդու՝ շրջակա միջավայրի նկատմամբ անհաշվենկատ վերաբերմունքի հետեւանքով, տարեցտարի ավելանում են անապատացող հողատարածքները», - նշեց ակադեմիկոսը:

Նա հավելեց, որ էկոհամակարգերի աղքատացումը բերում է նաեւ տվյալ տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական լարվածությանը:

«Աֆրիկյան երկրների բնակչությունը, առանց այն էլ նոսր բուսականության անընդհատ աղքատացման պայմաններում, հասավ չքավորության այնպիսի աստիճանի, որ բնակչությունը սկսեց հեռանալ սեփական աղքատացող երկրներից դեպի հարակից երկրներ, եւ սահմաններին առաջացան սոված, աղքատ, ոչինչ չունեցող բնակչության կուտակումներ», - ասում է Ա. Խոյեցյանը:

Բանախոսը համոզված է, որ այս ամենի արդյունքում զարգացած երկրների ուշադրությունը սեւեռվել է էկոլոգիայի վրա, եւ 1970-ական թվականներից սկսած միջոցներ են ձեռնարկվել անապատացման դեմ պայքարելու համար: 1994 թվականին աշխարհի շուրջ 100 երկրներ ստորագրել են անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը, որին Հայաստանը միացել է 1997-ին:

Ըստ Խոյեցյանի` պետք է կապ ստեղծվի գիտության եւ տնտեսության միջեւ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ գյուղատնտեսության բնագավառում լուրջ ուսումնասիրություններ կատարվեն, բայց իր համոզմամբ` պետությունը դրան «մատների արանքով է նայում»:

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG