Մատչելիության հղումներ

Հուլիսի 27-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը բացատրում է Կոնգրես – կոալիցիա երկխոսության ձեւավորված օրակարգը. - «Կոնգրեսն առաջարկում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել հոկտեմբերի կեսերին, այսինքն` հստակորեն ցույց է տալիս, որ որոշումը պետք է ընդունվի մինչեւ սեպտեմբեր: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանի սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն, նախագահը իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին, եւ եթե 10-օրյա ժամկետը լրանալուց հետո հրաժարականը կրկին ներկայացնում է, այն համարվում է ընդունված: Եվ 40 օր անց անց են կացվում նոր ընտրություններ: Պարզ ասած` եթե նախագահը հրաժարականի դիմումը ներկայացնում է, ասենք, սեպտեմբերի առաջին օրերին, ապա արտահերթ ընտրությունները անց են կացվում 50 օր անց` մոտավորապես հոկտեմբերի վերջերին: Ահա եւ ստացվում է, որ նման ժամկետ նշելով` Կոնգրեսը հասկացրել է, որ բանակցությունները պիտի ավարտեն մինչեւ սեպտեմբեր: Այսինքն` իշխանություններին հազիվ թե հաջողվի ժամանակ ձգել: Ներկայացված օրակարգը այնպիսին է, որ բանակցելու հսկայական դաշտ կա, բայց, միեւնույն է «այո» կամ «ոչ» պատասխանից հնարավոր չէ խուսափել»:

Կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ին տված մեկնաբանությունում նախ նկատել է, որ երկրորդ հանդիպումից առաջ ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել. - ««Եթե երկխոսությունն սկսված է, ապա երկխոսող կողմերը միմյանց հետ չպետք է խոսեն գրավոր հայտարարությունների լեզվով: Այս հանգամանքը կասկածի տակ է դնում երկխոսությանը մասնակցող ՀԱԿ ներկայացուցիչների լիազորությունները: Կարծում եմ, այս խնդրի շուրջ մենք հանգեցինք ընդհանուր եզրակացության, որ այսուհետ կողմերը բոլոր հարցերը ներկայացնելու են երկխոսության սեղանի շուրջ»: Այնուհետեւ նա ավելացրել է. - «Մենք չկարողացանք ընդհանուր եզրակացության հանգել երկխոսող կողմերի հավասար քարոզչական հնարավորությունների շուրջ: Մեր կողմը համարում է, որ առաջին հանդիպումից հետո որեւէ սահմանափակում չի եղել, եւ ՀԱԿ պատվիրակները իրենց տեսակետները զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը ներկայացնելու համար որեւէ ձեւով ավելի պակաս հնարավորություններ ոչ միայն չեն ունեցել, այլեւ այդ հնարավորություններից նաեւ մասամբ օգտվել են»:
«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Իշխանություն – ՀԱԿ պատվիրակների միայն երկրորդ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ իշխանությունը եւս ունի բանակցությունների օրակարգի կոնկրետ առաջարկ` «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում»: Այսինքն` երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներից միայն այս մեկն է իշխանությունը հարմար գտել քննարկել Կոնգրեսի հետ: Եվ դա այն դեպքում, երբ հանրապետության նախագահը հայտարարում էր, թե կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ, եթե «անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսը իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը` երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանը առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում…»: Մինչդեռ օրակարգում ընդգրկված Կոնգրեսի առաջարկությունը շատ հստակ է` արտահերթ ընտրությունների անցկացում: Այս փաստը խոսում է այն պարզ իրողության մասին, որ ամբողջ երկխոսությունն ուղղված է բացառապես ընտրությունների անցկացմանը, եւ իշխանությունն ու ընդդիմությունը որեւէ այլ բան չունեն քննարկելու: Հետեւաբար գլխավոր ինտրիգը մնացել է այն, թե խոսքը կոնկրետ որ ընտրությունների մասին է` արտահե՞րթ, թե՞ հերթական»:

Lragir.am-ը գրում է. - «32-ամյա ոճրագործ, Նորվեգիայում մեկ օրում մոտ 100 մարդու կյանք խլած Անդերս Բրեյվիկը դարձել է հայրենական հեռուստաեթերի հերոս: Ընդ որում, հերոսը տվյալ պարագայում առանց ավելորդ չակերտների, քանի որ այն լուսաբանումը, որին ենթարկվում է Բրեյվիկը, ավելի շատ հենց անչակերտ հերոսության է ձգում, քան չակերտավորի: Բրեյվիկն իրականում չակերտավոր հերոս է, քանի որ ավելի քան 90 մարդ գնդակահարած անձը իսկապես հայտնվում է լրահոսի հերոսի կարգավիճակում, բայց առավելապես բացասական իմաստով: Բայց հայկական հեռուստաեթերում նա հերոս է խոհափիլիսոփայական, գաղափարական իմաստով: Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչու պետք է հեռուստաընկերության երկու մեկնաբան եթերում նստեն եւ քննարկեն Բրեյվիկի հակաթուրքական նոթերը, իսկ վերջում էլ հայտարարվի, թե ճիշտ է, նա մարդասպան է եւ նրա մեթոդները ընդունելի չեն, բայց դա չպետք է խանգարի մտածել նրա արարքի մոտիվների մասին»:

«Առավոտ»-ը գրում է. - «Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` ուկրաինական օղիներին շփոթության աստիճան նմանեցված արտադրանքին բոլորն են ծանոթ: Ասում են` ինչ ցանես` այն էլ կհնձես: Հիմա պարոն Ալեքսանյանը «շանս» ունի իր սեփական մաշկի վրա զգալու, թե անբարեխիղճ մրցակցությունը ինչ է ու ինչու էին այդքան զայրացել իր վրա ուկրաինական արտադրողները: Երեկ «Առավոտ»-ը հայտնաբերեց, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ինչ-որ մեկի մտքով անցել է «կեղծել» Սամվել Ալեքսանյանի հայտնի սուպերմարկետների ցանցի` «Երեւան սիթիի» նույնքան հայտնի ապրանքանիշը. Օգոստոսի 23-ի փողոցում կա նույնատիպ լոգոյով, նույն գույներով «Երեւան Սեթ» սուպերմարկետ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG