Մատչելիության հղումներ

Ֆիննախը խախտումներ է բացահայտել 51 տարածքային սոցապ բաժիններում


Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է տարաբնույթ ֆինանսական խախտումներ եւ թերություններ:

Մասնավորապես, ֆիննախից այսօր ստացված հաղորդագրության համաձայն, խախտելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի պահանջները, կենսաթոշակառուների մահվանից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու փոխարեն հաշվարկվել եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով 475 մահացած կենսաթոշակառուների գծով 2009-2010 թվականներին կատարվել են կենսաթոշակների անհիմն վճարումներ:

Առանձին դեպքերում, ըստ հաղորդագրության, խախտվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի եւ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի որոշմամբ հաստատված` կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի պահանջները, եւ կենսաթոշակառուների Հայաստանից բացակայելու եւ 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու դեպքերում կենսաթոշակի վճարումները դադարեցնելու փոխարեն կատարվել են կենսաթոշակի անհիմն վճարումներ` անհայտ անձանց: Բացի այդ, անհիմն վճարումներ են կատարվել նաեւ կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում:

Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու եւ պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ու վերականգնելու նպատակով ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղղարկվել են գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը իրականացվում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերի քննության վարչության կողմից:

«Յուրաքանչյուր կառույցում ֆինանսական խախտումների վերջնական (ճշտված) չափի վերաբերյալ եզրակացություն կարող է տրվել քննությունն իրականացնող մարմնի կողմից` քննության ավարտից հետո», - նշում է ֆիննախը իր հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG