Մատչելիության հղումներ

Հուլիսի 22-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Տեր-Պետրոսյան - Սարգսյան հանդիպումը ժամանակի ընթացքում թերեւս դառնալու է անհրաժեշտություն: Իհարկե իշխանությունը պետք է իջնի այդ վերամբարձ տոնից եւ հրաժարվի «որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ» ձեւակերպումից, քանի որ խոսքը հանրապետության առաջին նախագահի մասին է, եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանում խոշորագույն քաղաքական միավորման առաջնորդն է՝ ընդդիմադիր բեւեռի ղեկավարը: Տեր-Պետրոսյան - Սարգսյան հանդիպումն աստիճանաբար դառնում է ժամանակի հրամայական, ձեռք բերելով ներքաղաքական գործընթացի ինդիկատորի նշանակություն: Հայաստանյան իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, կարծրատիպերից զերծ մեխանիզմների կիրառում, ավելորդ վերամբարձություններից ազատագրում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Եվ այսպես, իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք դեմ են արտահերթ ընտրություններին, բայց պատրաստ են Կոնգրեսի հետ քննարկել նաեւ այդ հարցը: Սա, իհարկե, առաջընթաց է. ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանք հայտարարում էին, որ այդ թեմայի քննարկումը բացառված է: Բայց մյուս կողմից էլ կտրուկ ուժգնացել է Կոնգրեսի դեմ իրականացվող քարոզչությունը, եւ ակնհայտ է, որ դա արվում է ոչ առանց իշխանությունների խրախուսման: Ինչո՞ւ ենք վստահ դրանում: Որովհետեւ Կոնգրեսի դեմ իրականացվող քարողչության «մեխն» այն է, որ ընդդիմությունը իբր «ժողովրդի թիկունքում» գաղտնի բանակցություններ է վարում իշխանությունների հետ, ընդ որում` իշխանությունները շատ հանգիստ կարող են վերջ տալ այդ խոսակցություններին եւ հարցը փակել, բայց չեն անում: Կոալիցիոն պատվիրակության անդամները, օրինակ, հայտարարում են, որ դեմ են բանակցությունները ուղիղ եթերով հեռարձակելուն: Եվ գիտե՞ք, թե ինչով են պատճառաբանում դա. իբր` բանակցող կողմերը ուղիղ եթերը կարող են օգտագործել այլ նպատակներով: Սրա մեջ, իհարկե, որոշակի տրամաբանություն կա, բայց դա ավելի շատ վերաբերում է ոչ թե Կոնգրեսին, այլ իշխանություններին: Ինչո՞ւ: Որովհետեւ իշխանական համակարգը շատ փխրուն կառույց է, եւ եթե բազմաթիվ մեծ ու փոքր չինովնիկներ տեսնեն, որ իսկապես ուղիղ եթերով արտահերթ ընտրությունների հարց է քննարկվում (այսինքն` Սերժ Սարգսյանի դիրքերը այնքան էլ ամուր չեն), իսկույն խուճապի կմատնվեն, եւ կսկսվի այն, ինչ սովորաբար տեղի է ունենում խորտակվող նավերում»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Հայաստանի հասարակությունը երկընտրանքի առջեւ է` գնալ համակերպվել իմիտացիոն զարգացումների հեռանկարի հետ կամ, նախաձեռնողականություն ցուցաբերելով, կենսական փոփոխությունների հասարակական պահանջներ ձեւակերպել: Սա ընտրություն է դեպի հետագա դեգրադացիա տանող կայունության եւ հասարակության պահանջով պարտադրված համակարգային փոփոխությունների միջեւ: Ներկայումս իշխանությունը եւ «արմատական» ընդդիմությունը համերաշխորեն բանակցում են հետագա զարգացումներն առաջին տարբերակով առաջ մղելու համար: Սա նման է մանիպուլյացիայի, որն ընդամենը բացառում է իրական փոփոխություններին ուղղված նախաձեռնությունների թեկուզ տեսական հնարավորությունները: Մինչդեռ երկրորդ ռացիոնալ տարբերակի կենսագործման միջոցները մնում են անորոշ՝ մի կողմից դաշտում գործող մնացած ուժերի գերպասիվության, մյուս կողմից՝ հասարակական պահանջների չբանաձեւման եւ դրանց հիման վրա նոր, գոյություն ունեցող մարտահրավերներից բխող քաղաքական օրակարգ չձեւավորելու պատճառով»:

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը մասնակցել էր Ակսել Ֆիշերի հետ հանդիպմանը: Սրա վերաբերյալ «Առավոտ»-ի թղթակիցը հարցնում է. - «ԵԽԽՎ համազեկուցողի հետ զրույցի ընթացքում, ըստ հաղորդագրության, խոսել եք միջազգային դիտորդական 2000 հոգանոց առաքելության ուղարկման մասին: Այդ առաջարկին ի՞նչ արձագանք է եղել հանդիպման ժամանակ»: Պատասխան. - «Նրանք չեն ասել, թե մենք դա կանենք կամ չենք անի: Կարծիք է հնչեց, որ արդեն իրենց դարն ապրել են ընտրությունների վերահսկման եւ դիտորդական առաքելությունների առկա մեխանիզմներն ու պրակտիկան: Հայաստանի նման վարչակարգերը արդեն ադապտացվել են այդ մեխանիզմներին, եւ այդ կիսատ մոնիտորինգը, կիսատ-պռատ դիտորդական առաքելությունները նույնիսկ ավելի մեծ վնաս են տալիս, քան եթե ընդհանրապես չլիներ որեւէ մոնիտորինգ, որովհետեւ լեգիտիմության կնիք են դնում շատ վատ ընտրությունների վրա` միաժամանակ ի վիճակի չլինելով արտահայտելով իրական խախտումները»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին «Իրավունք»-ի թղթակիցը հարցնում է. - «Չնայած նրան, որ Հայաստանի իշխանությունները շարունակում էին պնդել, որ պատվիրակություն չեն կազմի եւ ՀԱԿ-ի հետ էլ կոմպրոմիսների դաշտ չեն տեղափոխվի, այնուամենայնիվ, ստացվեց այնպես, որ կոալիցիայի ներկայացուցիչները նստեցին երկխոսության սեղանի շուրջ»: Պատասխան. - «Վստահ եմ, չեք կարող մեջբերել ԲՀԿ-ի որեւէ ներկայացուցչի խոսք, որը ասած լինի, թե երկխոսության նման ֆորմատ չի ձեւավորվելու: Ավելին` «Բարգավաճ Հայաստան»-ը մշտապես հայտարարել է, եւ դա արձանագրված է մեր կուսակցության դեռեւս 2009-ի փետրվարյան համագումարի ընդունած հայտարարության մեջ, որ մենք կողմ ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը, բոլոր ողջախոհ խնդիրները անգամ ամենաարմատական ընդդիմախոսների միջեւ քննարկմանը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG