Մատչելիության հղումներ

Ադրբեջանին մտահոգում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում


Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմով
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմով
Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի տարածքում ռուսական զինված ուժերի եւ ռազմաբազայի առկայությամբ. Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության համար քիչ հիմքեր կան, եւ ավելի լավ կլիներ, որ Ռուսաստանը ընդլայներ իր ոչ թե ռազմական, այլ տնտեսական ներկայությունը:

«Ցավոք, Ռուսաստանը Հայաստանի տարածքում զինված ուժեր պահելու անհրաժեշտություն տեսնում է: Ցավոք, Ռուսաստանը համարում է, որ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը բխում է իր շահերից: Բայց հաշվի առնելով վերջին շրջանում ռուս - թուրքական հարաբերությունների սերտացումը՝ Հարավային Կովկասում ռազմական ներկայության այսպիսի հայեցակարգի համար մենք ավելի ու ավելի քիչ հիմքեր ենք տեսնում։ Կարծում եմ, ժամանակն է «տանկերը փոխարինել տանկերներով», այսինքն` ռազմական ներկայությունը փոխարինել տնտեսական ներկայությամբ», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Ազիմովը նաեւ ընդգծել է, որ այս պահին տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի հետ «ամենասերտ հարաբերությունների մեջ է»:

«Էխո Մոսկվի»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե «Ադրբեջանի արտգործնախարարը «Ինտերֆաքս»-ի հարցազրույցներից մեկում Հայաստանը բնորոշել էր որպես «Ռուսաստանի ֆորպոստ». արդյոք տպավորություն չի՞ ստեղծվում, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում Մոսկվան բացահայտ սատարում է իր ֆորպոստին, այսինքն՝ Հայաստանին», Ադրբեջանի փոխարտգործնախարարը պատասխանել է. - «Կան գործոններ, որ հնարավոր չէ թաքցնել որեւէ դիվանագիտական ժեստով կամ ֆրազով: Այդ գործոններից են Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները՝ ռազմական համագործակցությունը, Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքում, այդ ներկայության ժամկետը 50 տարով երկարաձգելը: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը սերտ, կասեի նույնիսկ՝ ամենասերտ կապերն ունի Ռուսաստանի հետ: Ավելի սերտ երեւի թե չի լինում»:

«Այսօրվա դրությամբ, Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում ցավոտ կետ է այդ հակամարտության վիճակը: Եվ մենք, այդուհանդերձ, ակնկալում ենք, որ Ռուսաստանը Ադրբեջանը կդիտարկի իր տարածաշրջանային հայեցակարգերի եւ հայացքների մյուս համալիրից առանձին», - հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG