Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան-2011»-ի գլխավոր մրցանակը շնորհվեց իրանցի ռեժիսորին


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությունը, 16-ը հուլիսի, 2011թ.
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությունը, 16-ը հուլիսի, 2011թ.
Անցած շաբաթավերջին Երեւանում ավարտվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակակիրը («Միջազգային խաղարկային ֆիլմեր» անվանակարգում) դարձավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆահրադին` «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմի համար:

Այդ անվանակարգում Արծաթե ծիրանը հասավ «Մուսանյան նոթեր» կինոնկարի հեղինակ Փարկ Չուն-բումը, իսկ ժյուրիի Հատուկ մրցանակը հանձնվեց Պաոլա Մարկովիչին` «Պարգեւ» ֆիլմի համար, որը Մեքսիկայի, Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի համատեղ արտադրություն է:

Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ «Լաթար» հյուրանոցային համալիրում` բաց երկնքի տակ: Անսպասելիորեն փոխված եղանակը` տեղատարափ անձրեւը, փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի ձեւակերպմամբ, արարողությունը վերածեց «սյուրռեալիստական ֆիլմի»` փակելով «Ոսկե ծիրան»-ի տարեգրություն հերթական էջը:

«Եթե մինչեւ վերջ անկեղծ լինեմ, ապա հենց այս փառատոնն է արժանի մրցանակի», - փակման արարողության ժամանակ հայտարարեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը:

Կինոակադեմիայի մրցանակը` «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» խորագրով, Մուրադյանը հանձնեց Պաոլա Մարկովիչին` «Պարգեւ» ֆիլմի համար:

Երկու մրցանակի արժանացավ նաեւ հայ երիտասարդ ռեժիսորներից Հարություն Շատյանը. նրա «Բեռնելով կյանքս» ֆիլմը Ոսկե ծիրան ստացավ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում` որպես լավագույն հայկական ֆիլմ, եւ արժանացավ Բրիտանական խորհրդի մրցանակին` որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ:

Մեկ այլ հայ երիտասարդ ռեժիսոր` Էմիլ Մկրտչյանը իր «Տիեզերանավը» ֆիլմի համար ստացավ երկու մրցանակ` Արծաթե ծիրանը «Հայկական համայնապատկեր»-ում եւ Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակը:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեց 156 ֆիլմ, որոնք ընտրվել էին 631 հայտերից, աշխատեցին 6 միջազգային ժյուրիներ:

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, բրիտանացի հանրահայտ կինոքննադառ Դերեք Մալքոլմը իր ելույթում ժյուրիի բոլոր անդամների անունից նշեց. - «Սա ամենաուժեղ մրցույթն է եղել, որը երբեւէ դատել ենք»:

Փառատոնի փակման արարողությունը վարում էր ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:

«Փառատոնը այսօր հասել է միջազգային ստանդարտների ամենաբարձր որակին: Նա գտել է իր յուրահատկությունը, որը չի նմանվում մի ուրիշ փառատոնի: Եվ սա է ամենակարեւորը», - նշեց Ավետիքյանը` շարունակելով. - «Յուրահատկությունն այն է, որ փառատոնը պաշտպանում է միայն արվեստի կինոն: Շատ քիչ փառատոններ կան աշխարհում, որոնք պաշտպանում են արվեստի կինոն»:
please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG