«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանում է Հայաստանի վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը։ Զրույցը վարում են Աննա Իսրայելյանը եւ Տիգրան Ավետիսյանը։
Պարոն Սարգսյան, վերջերս դուք նշեցիք, որ ներկայումս գնաճը կազմում է 3.5 տոկոս, մենք մտել ենք դեֆլյացիոն փուլ եւ հուլիսին ու օգոստոսին նույնպես լինելու է գնանկում։ Ձեր այս խոստումը արդեն իսկ վիճարկվում է տնտեսագետների կողմից։ Մասնավորապես՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ նշեց, որ տարիներ շարունակ, անգամ ամենավատ տարիներին, ամռան այս ամիսներին միշտ էլ գնանկում է արձանագրվել, ինչը հիմնականում պայմանավորված է հայաստանյան շուկայի սեզոնայնությամբ։ Հիմա դուք կարո՞ղ եք վերստին խոստանալ, որ առաջիկայում մենք իրոք գնանկման ականատես կլինենք։
Առաջինը՝ ես խոստումներ չեմ տալիս գնանկման մասին, այլ տալիս եմ այն գնահատականները, որ հնչեցնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Եվ երկրորդը՝ ես ասել եմ բառացիորեն նույնը, ինչ որ ասել է Բագրատ Ասատրյանը։
Պարոն վարչապետ, շատ փորձագետներ, տնտեսագետներ պնդում են, որ հայաստանյան գնաճը մեծ չափով պայմանավորված է մեր տնտեսության մոնոպոլ կառուցվածքով։ Կիսո՞ւմ եք այդ գնահատականները, եւ եթե այո՝ ապա ի՞նչ է արվում այդ կառուցվածքը կազմաքանդելու, դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։
Գների վարքագիծը, էլաստիկությունը Հայաստանում շատ կոշտ է։ Այսինքն՝ գները առաջարկի եւ պահանջարկի փոփոխության ժամանակ արագորեն չեն նվազում եւ արագորեն չեն բարձրանում։ Դրա հիմնական պատճառը կայանում է նրանում, որ մրցակցության մակարդակը մեզ չի բավարարում։ Դրա համար մեկ պրոբլեմը օլիգոպոլիաների երեւույթներն են. կան շուկաներ, որտեղ գերիշխում են մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարողանում են թելադրել իրենց կանոնները շուկային։ Դրա համար մենք ընդունեցինք նոր օրենքներ, եւ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի իրավասությունները ավելացրեցինք, որպեսզի այն ավելի արդյունավետ կարողանա պայքարել այդ չարիքի դեմ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ համար մեկ խնդիրը, իհարկե, հավասար հարկային դաշտի ստեղծումն է, մրցակցության ստեղծումն է, որը կկարողանա այս խնդիրը լուծել։
Վերջին շրջանում մի շարք ծառայությունների եւ ապրանքների գները բարձրացան, այդ թվում՝ աղբի տեղափոխման վարձը, մետրոյի ուղեւորավարձը եւ այլն։ Այս պայմաններում կարո՞ղ ենք խոսել գնանկման մասին։
Հայաստանի Հանրապետությունում գնաճը հաշվարկվում է սպառողական զամբյուղով։ Հաշվի առնելով այն, որ մեր առջեւ կանգնած համար մեկ խնդիրը աղքատության հաղթահարումն է, դա նշանակում է, որ սպառողական զամբյուղում էական տեսակարար կշիռ ունի սննդամթերքը, առաջին անհրաժեշտության ապրանքների գինը, եւ հենց այս ապրանքների գներն են, որ հիմնականում ազդում են գնաճի ցուցանիշի վրա։ Այդ տեսակետից գնաճի ցուցանիշի վրա էական ազդեցություն է թողնելու իրավիճակը գյուղատնտեսությունում։ Եթե մենք այս տարի գյուղատնտեսությունում ունենանք աճ, ինչը որ մենք այսօր ունենք, դա բնականաբար կբերի գների նվազմանը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ կան նաեւ ծառայություններ, տարբեր տիպի գներ, որոնց ազդեցությունը գնաճի մակարդակի վրա էական չէ։
Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս հրապարակած տվյալներով աղքատության ցուցանիշի աճ է գրանցվել Հայաստանում՝ մոտ 24 տոկոսից վերջին երկու տարվա կտրվածքով հասնելով 30 տոկոսի։ Սա մտահոգիչ համարո՞ւմ եք։
Մենք բազմիցս հրապարակային հայտարարել ենք, որ ճգնաժամը առաջին հերթին հարվածում է անապահով խավերին։ Բնականաբար՝ դա մեզ մտահոգում է, եւ հենց դա է պատճառը, որ մենք առաջին հերթին, ունենալով ֆինանսական հնարավորություններ, բարձրացնում ենք թոշակները եւ սոցիալական նպաստները, ինչը մենք արեցինք 2009 թվականի ընթացքում, երբ ստիպված եղանք կրճատել բազմաթիվ ծախսեր, ավելացնել բյուջեի դեֆիցիտը, վերցնել աննախադեպ ծավալի արտաքին պարտքեր, եւ այդ միջոցները առաջին հերթին ուղղեցինք նրան, որ պետությունը չկրճատի իր սոցիալական ծախսերը, ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք աշխատավարձ էին կրճատում, թոշակ էին կրճատում։ Մենք ոչ միայն չկրճատեցինք մեր սոցիալական ծախսերը, այլ ավելացրեցինք թոշակները եւ սոցիալական նպաստները 10–14 տոկոսով։
Վերջերս սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը դժգոհություններ էր հայտնել հայաստանյան բիզնես միջավայրի վերաբերյալ, մասնավորապես ասել էր, որ իրեն խորհուրդ են տվել չզբաղվել ցորենի ներկրման գործով։ Այսօրինակ մեկնաբանությունները, վկայությունները ի՞նչ են ասում Հայաստանի տնտեսության վիճակի մասին։
Դուք գիտեք, որ ես ամեն շաբաթ այցելում եմ մարզեր, հանդիպում եմ բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ շատ լավ տեղյակ եմ այն պրոբլեմներից, որոնք առկա են մեր տնտեսական համակարգում։ Իհարկե, բազմաթիվ են այն բացասական երեւույթները, որոնք այսօր առկա են մեր տնտեսական համակարգում։ Բայց միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ երբ մենք կոնկրետ, առարկայական քննում ենք այս կամ այն բողոքը, տեսնում ենք, որ իրականությունը միշտ չէ, որ համընկնում է։ Կոնկրետ այս դեպքում՝ ցորենի ներմուծման հետ կապված, ես կարող եմ հավաստիացնել, որ բացարձակապես խնդիր չկա Հայաստան ցորեն ներկրելու գործում։ Ուղղակի շատ հաճախ մարդիկ կողմնորոշվում են ոչ թե կոնկրետ փաստերով, այլ ասեկոսներով։
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների տվյալներով 2011 թվականի առաջին կիսամյակին Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավելին է եղել 63 հազար 437–ով, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 22 հազար 172–ով։ Սրանք միայն օդանավակայաններից ստացված տվյալներն են։ Ինչո՞վ եք պատճառաբանում արտագաղթի ծավալների այսպիսի ավելացումը։
Ցանկացած ցուցանիշ, որը հնչեցվում է, պետք է ճշգրիտ ձեւով ներկայացվի։ Եթե դուք վերցնեք առաջին 6 ամսվա ընթացքում ինչքան մարդ է մեկնել Հայաստանից, եւ հետո վերցնեք տարեկան կտրվածքով, կտեսնեք էական տարբերություն։ Տարվա կտրվածքով այդ տարբերությունը այնքան մեծ չէ, ինչքան առաջին վեց ամսվա ընթացքում։ Գաղտնիք չէ, որ դեռեւս Սովետական Միության տարիներից Հայաստանից միշտ արտագնա աշխատանքի էին մեկնում։ Այսօր այդ ցուցանիշը գնահատվում է տարեկան 50–ից 60 հազար։ Սեզոնային աշխատանքի մեկնում են գարնանը, վերադառնում են ուշ աշնանը, եւ բնականաբար, եթե դուք տարբեր ամիսներ վերցնեք, այս 50–ից 60 հազարը էապես կազդեն ձեր ցուցանիշների վրա եւ սխալ պատկերացում կթողնեն։ Դրա համար կոռեկտ կլինի այդ համեմատությունը իրականացնել տարվա կտրվածքով։ Այդ վիճակագրությանը մենք տիրապետում ենք, Հայաստանի միգրացիոն ծառայությունը մշտապես մոնիտորինգի է ենթարկում այդ բոլոր ցուցանիշները, եւ տալիս է իր գնահատականները։ [Միգրացիոն ծառայության պետ] Գագիկ Եգանյանը նաեւ մայիսին անց է կացրել ասուլիս, որի ժամանակ մանրակրկիտ ներկայացրել է այդ ցուցանիշները։ Նախորդ տարիների հետ համեմատած, եթե վերցնենք հիմնական արտագաղթի տարիները՝ 92–ի 95 թվականները, երբ տարեկան բացասական սալդոն կազմում էր 200 հազար, տեսնում ենք, որ տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու հետ զուգահեռաբար արտագաղթի տեմպերը փուլ առ փուլ նվազում են։ Նույնիսկ կարող ենք ասել, որ մինչեւ [2008-2009–ի] ճգնաժամի տարիները մենք ունեցանք դրական սալդո։ Բնականաբար ճգնաժամը իր հարվածը հասցնում է, որովհետեւ սոցիալական վիճակը վատանում է, եւ դա խթանում է արտագաղթը։ Բայց ցուցանիշները, որոնք դուք հնչեցնում եք, չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեկնողների եւ վերադարձողների թիվը տարբեր ցուցանիշներ են։ Ինչ վերաբերում է մտահոգությանը՝ ցանկացած հայ քաղաքացու մեկնումը մեզ մտահոգում է։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է համալիր ծրագիր, որտեղ մենք հստակ մատնանշում ենք, թե մենք ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի այս բացասական երեւույթը Հայաստանում իսպառ վերացնենք։ Հասկանալի է, որ առաջին հերթին դա աշխատատեղերի ստեղծումն է, այդ են ցույց տալիս մեր բոլոր հարցումները։ Դա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք իսպառ վերացնել արտագաղթը, մենք պետք է խթանենք տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները։
Նախագահի եւ կառավարության կողմից գյուղը, գյուղատնտեսությունը հռչակվել է առանջահերթություն։ Երեկ «Զվարթնոց» օդանավակայանին կից ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիր ստորագրվեց։ Շատերը ասում են, որ թերեւս լավ կլիներ, որ ազատ տնտեսական գոտի հռչակվեր ծայրամասային, սահմանամերձ գյուղերում, դրանից բխող դրական արդյունքով։ Այս համապատկերում ի՞նչ է արվել, եւ այդ ազատ տնտեսական գոտու գաղափարը տարածելի՞ է արդյոք գյուղի վրա։
«Զվարթնոցի» տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը առաջին հերթին նպատակ ունի օժանդակել գյուղատնտեսությանը, որովհետեւ մենք «Զվարթնոցում» ստեղծում ենք մի միջավայր, որը օգնելու է կազմակերպել գյուղապրանքների իրացումը։ Եթե մենք ստեղծենք մեր գյուղացիների համար հնարավորություն, որպեսզի նրանք իրենց ապրանքները բարձր գնով իրացնեն, դա նշանակում է, որ մենք կխթանենք նոր ներդրումները, գյուղատնտեսության զարգացումը։
Ձեր եւ Ազգային ժողովի նախագահի, գուցե նաեւ կոալիցիոն գործընկերների միջեւ «ներքին խուլ ընդդիմության» առնչությամբ նշել էիք, թե մամուլում տարբեր տիպի վերլուծություններն ու ենթատեքստերը հեղինակների երեւակայության արդյունք են։ Բայց արդյոք չե՞ք համաձայնի, որ ոչ միայն ընդդիմության, այլեւ հենց կոալիցիայի վերնախավում դուք բավական լուրջ ընդդիմախոսներ ունեք։
Ցանկացած քաղաքական ուժ պետք է ձեւավորի իր ծրագրերը, իր լիդերներին առաջ պետք է մղի ազնիվ, արդար մրցակցության շնորհիվ։ Դա նորմալ է, որ պետք է լինի մրցակցություն, եւ ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Պետք է լինի մրցակցություն ոչ միայն կուսակցությունների մեջ, այլ նաեւ կուսակցության ներսում։
Եվ այդ մրցակցությունը որքանո՞վ է օգնում կառավարությանը իր ծրագրերը եւ քաղաքականությունը իրականացնելիս։ Այսինքն, երբ դուք նախագիծ եք ներկայացնում խորհրդարան եւ այն լուրջ դժվարությամբ է անցնում, երբեմն նաեւ ընդհանրապես չի անցնում, դուք այդ դեպքում ե՞ւս շարունակում եք գնահատել մրցակցությունը։
Դա նորմալ երեւույթ է։ Եթե նախագծերում կան խոցելի կետեր, դրանք պետք է դառնան քննարկման առարկա։ Հակառակ դեպքում՝ դուք մեզ կքննադատեիք, որ մենք ստեղծել ենք տոտալիտար համակարգ, չկա քննադատություն, չկան ներքին քննարկումներ, չկան տարբեր տեսակետներ։ Երկու ծայրահեղություններն էլ, կարծում եմ, վատ են։
Այս օրերին հաճախ են տեղեկություններ հայտնվում, որ դուք այցելում եք այս կամ այն մարզ, որոշակի քանակությամբ մարդկանց ՀՀԿ անդամատոմսեր եք բաժանում եւ այլն։ Եղան մեկնաբանություններ, որ սա պետական դիրքի չարաշահում է։ Ի՞նչ կպատասխանեք ընդդիմախոսներին։
Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը կուսակցության անդամ է, եւ նաեւ զբաղվում է կուսակցական գործունեությամբ, դա պետք է դիտարկվի որպես պաշտոնեական դիրքի չարաշահո՞ւմ։ Համաձայն չեմ այդպիսի գնահատականների հետ։