Մատչելիության հղումներ

Տարեվերջին Սեւրում նախատեսվում է անցկացնել արեւմտահայերի համագումար


Փարիզը Էյֆելյան աշտարակից
Փարիզը Էյֆելյան աշտարակից
Օրերս Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ Արեւմտահայերի երրորդ միջազգային համագումարի կազմակերպչական հանձնախմբի խորհրդաժողովը:

Հանձնախմբի ֆրանսիական մասնաճյուղը կազմվել եւ պաշտոնապես գրանցվել է 2007 թվականի օգոստոսին:

Մոսկվայից հատուկ ժամանել էր Արեւմտահայերի երրորդ միջազգային համագումարի կազմակերպչական հանձնախմբի գլխավոր նախաձեռնող եւ պատասխանատու Կարեն Միքայելյանը: Նրան ընկերակցում էր Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով Հայաստանի բանակի հիմնադիրներից է, Ղարաբաղյան պատերազմում հաղթանակներ արձանագրած հրամանատար:

Ֆրանսահայերի կողմից խորհրդաժողովին մասնակցում էին կազմակերպության ֆրանսիական ճյուղի անդամները, մի շարք ազդեցիկ գործիչներ` ինչպես, օրինակ, Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ժան Կլոդ Քեբաբջյանը, նախկին ռազմիկների եւ Դիմադրության շարժման անդամների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը եւ ուրիշներ:

Ինչպես ներկայացրեցին բանախոսները, կազմակերպությունը նպատակ ունի մինչեւ այս տարվա վերջը` դեկտեմբերի առաջին օրերին Փարիզի Սեւր արվարձանում կազմակերպել Արեւմտահայերի երրորդ համագումարը. երկու նման համագումարներ եղել են արդեն 1917 եւ 1919 թվականներին: Համագումարի համար ընտրվել է Սեւրը, քանի որ այստեղ է կնքվել հայտնի դաշնագիրը, որը թեեւ չիրականացվեց, այդուհանդերձ, պատմական մեծ նշանակություն ունի հայության համար:

Համագումարում պետք է ստեղծվի մի մարմին` միջազգային ազգային խորհուրդ, որն իր մնայուն գրասենյակն ունենա Փարիզում, ունենա իր քարտուղարը, գուցե նաեւ` թերթը:

Ազգային խորհրդի նպատակը կլինի միջազգային իրավաբանների օգնությամբ պարզաբանել արեւմտահայերի ժառանգների իրավունքները եւ պահանջներն ու դրանք ներկայացնել Թուրքիային:

«Սա շատ լուրջ խնդիր է, եւ, ցավոք սրտի, ոչ ոք չի զբաղվել դրանով մինչ այսօր, տարին մեկ անգամ նշվել է ապրիլի 24-ը իբրեւ սգո օր, եւ հայկական իրավունքներին տեր չկա», - ասաց Կարեն Միքայելյանը` նշելով նաեւ, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը պետությունների կողմից ինքնին չէր բերում ոչ մի կարեւոր հետեւանք Հայ դատի պաշտպանության համար:

Միքայելյանի խոսքերով, հայտնի է, որ «Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն խոսել արեւմտահայության անունից, Հայաստանի Հանրապետությունը փորձում է իր հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների, եւ սա հասկանալի է եւ ներելի, բայց Սփյուռքը պետք է արեւմտահայերի ժառանգների մի մարմին ստեղծի` լիազոր մարմին, որը կներկայացնի Սփյուռքի իրավունքները միջազգային դատարաններ` Թուրքիայից բարոյական, նյութական եւ տարածքային հատուցում պահանջելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG