Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Սպայակազմը պետության ողնաշարն է»


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենում երիտասարդ սպաների համաբանակային համաժողովում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենում երիտասարդ սպաների համաբանակային համաժողովում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովին:

«Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որեւէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապահ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտավորականության այն թեւն եք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, եւ մենք` իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք եւ ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը», - դիմելով երիտասարդ սպաներին` ասաց երկրի նախագահը:

«Մենք հաղթել ենք տեւական ծանրագույն ու անհավասար պատերազմում», - խոսելով արցախյան պատերազմի մասին` ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Ոմանք «անհավասար պատերազմ» ասելով նկատի ունեին այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, ավելի շատ տեխնիկա եւ կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետեւ ուժեղը կռվում էր թույլի դեմ, եւ ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, եւ ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, եւ արդարության մարմնավորումը մենք էինք»:

Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային համաժողովում:

«Այսօր էլ մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց եթե զավթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի, վայրկյան անգամ չեմ կասկածում` նորից անհավասարություն կլինի, ու մենք էլի կլինենք ուժեղը, որովհետեւ հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է ու անկասելի», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

Համաժողովից հետո պատասխանելով երիտասարդ սպաներից մեկի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցին` Սերժ Սարգսյանը նախ շեշտեց, որ Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, ու շարունակեց. - «Գործընթացը շարունակվում է, եւ այդ գործընթացում մենք կառուցողական ենք: Համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները, բոլոր՝ ես նկատի ունեմ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի դիրքորոշումները: Այդ գործընթացը դժվարությամբ է ընթանում, բայց այդպես էլ պետք է լիներ: Մենք երբեք էլ չենք ակնկալել հեշտ լուծում: Մեր դիրքորոշումը հայտնի է, եւ այդ դիրքորոշումը հեշտությամբ չի ընդունվում մյուս կողմում: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացի լուծում լինի: Որքան դուք ուժեղ լինեք, որքան մեր բանակը մարտունակ լինի, այնքան մենք ավելի լավ բանակցային դիրք ենք ունենալու»:
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG