Մատչելիության հղումներ

Այս տարին ճգնաժամային է լինելու նաեւ քոլեջների համար


Տարեսկզբին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունները դիմորդների կընդունեն առանց քննությունների` ուսանելու համար բավարար են դպրոցի գնահատականները: Որոշումը, ըստ նախարարի, հնարավորություն կտա ոչ միայն նվազեցնել կոռուպցիոն դրսեւորումները, այլեւ օգնել քոլեջներին ավելի շատ դիմորդների ներգրավել:

Քոլեջների, արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն, սակայն ոլորտի ներկայացուցիչները մշտապես դժգոհում են դիմորդների պակասից:

«Տարիներ շարունակ նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունները խորթ զավակի դերում էին հանրակրթության եւ բարձրագույն կրթության կողքին: Վերջին տարիների ընթացքում հսկայական ներդրումներ են կատարվում` կարգի բերելու մի շարք ուսումնարաններ եւ քոլեջներ: Այս գործում ներգրավել ենք նաեւ գործատուների», - վերջերս «Մաքսլիբերթի»-ին տված հարցազրույցում ասաց Աշոտյանը:

Այս տարին, բացի բուհերից, ճգնաժամային է լինելու նաեւ քոլեջների համար, որոնք ծախսերը մեծապես հոգում են ուսանողների վարձավճարների շնորհիվ:

Սեւանի պետական քոլեջի տնօրեն Ռուբեն Գեւորգյանը նշեց, որ դիմորդները հիմնական դպրոցի շրջանավարտներ են: Քննությունների բացակայությունը, ըստ նրա, դիմորդների թվի աճ չի ապահովի:

Քոլեջի տարեկան վարձավճարը անցյալ տարի 70 հազար դրամ էր, այս տարի դարձել է 100 հազար:

«Բարձրացումը ամեն ինչի հետ է կապված, պետության տված գումարներով մենք չենք կարողանում աշխատավարձ տալ աշխատակիցներին», - ասաց տնօրենը:

Տարիներ շարունակ նույնն է քոլեջներում դասավանդող դասախոսների աշխատավարձը, այն ցածր է դպրոցների ուսուցիչներին տրվող գումարից: Մեկ դրույքով աշխատողները ստանում են 30-40 հազար դրամ: Գեւորգյանն ասաց, որ դիմել են նախարարություն, որտեղ հերթական անգամ խոստացել են վերանայել այն:

Տնօրենը նշում է, որ քոլեջն ավարտողներից շատ քչերն են աշխատանք գտնում. - «Ուսանողների եւ աշխատաշուկայի պահանջարկը իրար չեն համապատասխանում, երիտասարդները ցանկանում են դառնալ տնտեսագետ, ծրագրավորող, սակայն շուկային այս պահին անհրաժեշտ են հյուրանոցային մասնագետներ»:

Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի տնօրեն Արշակ Թումանյանի խոսքով` իրենց մոտ էլ դիմորդների թիվը զգալիորեն նվազել է: Ուսման վարձավճարն այստեղ տարեկան 60 հազար դրամ է, սակայն սա էլ խթան չի հանդիսանում: Այսօր քոլեջը նոր տեխնիկայով վերազինման կարիք ունի, սեփական միջոցներով խնդիրը չեն կարողանում լուծել:

«Ես կարծում եմ, որ վերադասը պետք է մտածի այդ խնդիրների լուծման մասին», - ասաց նա:

Մարզի գյուղերում կա մանկավարժների կարիք: Քոլեջի շրջանավարտները շատ հաճախ աշխատանքի բացակայության պատճառով գնում են գյուղեր` համալրելու թափուր տեղերը:

Շիրակի տարածաշրջանային քոլեջը վերանորոգվել է Եվրամիության ֆինանսավորման շնորհիվ, համալրվել է նյութատեխնիկական բազան:

Քոլեջի տնօրեն Էմմա Պետրոսյանը նշեց, որ դեռ 30 դիմորդ է ցանկություն հայտնել իրենց մոտ սովորելու: Այստեղ էլ սովորելուց հետո հիմնական խնդիրը զբաղվածության հարցն է. - «Շիրակը գործազրկության բարձր ցուցանիշներով մարզ է, շատերը մեկնում են Ռուսաստան` աշխատելու»:

Ավելի վատ վիճակում են երաժշտական քոլեջները:

Գավառի պետական երաժշտական քոլեջը դեռեւս ոչ մի դիմորդ չունի:

Քոլեջի տնօրեն Էլեոնորա Մալխասյանը ասաց. - «Երաժշտական դպրոցները այժմ գտնվում են տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ, դրանցից շատերը փակվում են, երեխաները չեն հաճախում, եւ այդպիսով պակասում է նաեւ մեր դիմորդների թիվը, որոնք այդ դպրոցներն ավարտելուց հետո են գալիս քոլեջ»:
XS
SM
MD
LG