Մատչելիության հղումներ

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Բնապահպանական գիտությունների քոլեջ


Քոլեջի բացումը նախատեսված է 2012 թվականին: Ուսումը տեւելու է երկու տարի: Ընդունվել կարող են ավագ դպրոցն ավարտած աշակերտները: Դասավանդումը տարվելու է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Քոլեջում կիրառվելու է կրեդիտային համակարգ, որը հնարավորություն կտա սովորող ուսանողներին ուսումը շարունակել Միացյալ Նահանգներում ու Եվրոպական ԲՈՒՀ-երում:

Քոլեջի ստեղծման շուրջ խմորումներն ընթանում են շուրջ երեք տարի, սակայն դրա գործունեության վայրն ու շենքը առայժմ որոշված չեն:

«Հայաստանում պետք է ունենաս տարածք, հնարավորություն, սարքավորումներ, հետո նոր հասկանաս` ինչ ես ուզում դասավանդել: Մենք սկսեցինք հակառակ կողմից», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասաց է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ինչպես նաեւ Բնապահպանական գիտությունների քոլեջի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, Բնապահպանական գիտությունների քոլեջը կհանդիսանա էկոլոգիական կրթություն եւ կենսաբազմազանության պահպանության ազգային կենտրոնի բաղկացուցիչ մասը:

Նախաձեռնողները նախ որոշել են ստեղծել քոլեջի կուրիկուլան` ուսումնական ծրագիրը, որը կազմելու համար ստեղծվել է հանձնախումբ:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագծերի ղեկավար տնօրեն Բարբարա Զիբերտն ասում է, որ քոլեջի ուսանողները տեսական գիտելիքները կհամալրեն պրակտիկ գիտելիքներով, որի համար լավագույն վայր կարող է հանդիսանալ նաև կենդանաբանական այգին:

«Հայաստանը միակն է լինելու տարածաշրջանում, որը հնարավորություն կունենա աշակերտներին զինել տեսական գիտելիքներով եւ իրական բնապահպանական խնդիրների շուրջ իրականացնել պրակտիկ դասընթացներ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ կրթությունը համապատասխանեցնենք միջազգային չափանիշներին: Ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ուսանողների համար կբացվեն աշխատանքային լայն հորիզոններ տարբեր ոլորտներում, եւ ես համոզված եմ, որ ուսուցման արդյունքում ի հայտ կգան նոր հմուտ կադրեր», - նշեց Բարբարա Զիբերտը:

Կենտրոնը սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում տարբեր կազմակերպություններում որոշելու` իրենք բնապահպանական ուղղվածության ինչ մասնագետների կարիք ունեն: Հարցումների հիման վրա կձեւավորվեն քոլեջի ֆակուլտետները:
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG