Մատչելիության հղումներ

Գերմանական ընկերությունը հետաքրքրված է «Նաիրիտ»-ով


Գերմանական SHD ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկա «Նաիրիտ»-ով:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջերս Կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ «Նաիրիտ»-ում կա շուրջ 500 մլն դոլարի չափով ներդրումների անհրաժեշտություն: Ընկերության նկատմամբ հետաքրքրությունների հայտ ներկայացնելու համար Կառավարության սահմանած ժամկետը լրացել է երեկ:

«Հետաքրքրությունների հայտ է ներկայացրել գերմանական SHD ընկերությունը, որը մասնագիտացած է քիմիայի ոլորտում: Առաջիկայում նախարարության մասնագետները եւ այդ ընկերության ներկայացուցիչները միջեւ հանդիպում կկայանա, որից հետո, ըստ ընթացակարգի, արդեն պարզ կլինի հետագա անելիքը»:, - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը փոխանցեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Միաժամանակ, հրաժարական է ներկայացրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը:

«Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովը, որն ընդունել եւ հաստատել է ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ արտահերթ ժողով, որի ժամանակ բավարարվել է ընկերության գլխավոր տնօրենի` Վահան Մելքոնյանի հրաժարականի դիմումը: Այսօր գլխավոր տնօրենի պարտականությունները դրված են Հովիկ Հախինյանի վրա, որը Վահան Մելքոնյանի առաջին տեղակալն էր եւ գործարանի գլխավոր ինժեները», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց «Նաիրիտ»-ի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք գլխավոր տնօրերի հրաժարականը պայմանավորված է գործարանում ստեղծված իրավիճակով, Հարությունյանը արձագանքեց. - «Որոշումը կայացրել է պարոն Մելքոնյանը եւ այդ որոշումն էլ ընդունել են բաժնետերերը: Բաժնետերերի խորհրդի ժողովին եւ չեմ մասնակցում եւ, բնականաբար, չեմ կարող մեկնաբանել»:

Գործարանի 3 հազարից ավելի աշխատակիցներից մոտ 2.5 հազարը այսօր հարկադիր արձակուրդում են: Անուշ Հարությունյանը փոխանցեց, որ վերջերս վճարվել է աշխատավարձերի պարտքերի մի մասը. - «Աշխատակազմին պարտք էին երեք ամսվա աշխատավարձ, վճարվել է մեկ ամսվա աշխատավարձը ամբողջությամբ: Հույս ունենք, որ առաջիկայում կվճարվի մնացածը: Մնացել է ապրիլ եւ մայիս ամիսների աշխատավարձը: Այս պահի դրությամբ մենք համարում ենք, որ երկու ամսվա աշխատավարձի պարտք կա»:

Անցած ամսվա դրությամբ աշխատավարձերի մասով գործարանի պարտքը կազմել է 1 միլիարդ 364 միլիոն դրամ, իսկ պարապուրդի արդյունքում գործարանն ամսական ծախսում է շուրջ 33 միլիոն դրամ:
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG