Մատչելիության հղումներ

Աշոտյանի պնդմամբ` բուհերում եւ դպրոցներում կոռուպցիան նվազել է


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացնում է, որ կառավարության հավանությանն արժանացած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների շնորհիվ կոռուպցիոն դրսեւորումները բոլոր ուսումնական հաստատություններում կտրուկ նվազել են:

Ուրբաթ օրը կայացած ասուլիսում, վկայակոչելով սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, նախարար Արմեն Աշոտյանը ասաց, թե դրամահավաքը դպրոցներում պահպանվել է, սակայն ոչ նախկին չափերով, նույնը կարելի է ասել նաեւ բուհերի կիսամյակային եւ ավարտական քննությունների մասին:

Խոսելով ավագ դպրոցների մասին` Արմեն Աշոտյանն ասաց, թե արդեն գործող 91 ավագ դպրոցների ցանկին այս տարի կավելանա եւս 15-ը, եւ այս գործընթացը Հայաստանում կավարտվի:

Նախարարը կարծում է, որ դեռ շուտ է խոսել դպրոցների արդյունավետության մասին. - «Այս տարի սեպտեմբերին կունենանք առաջին 12-րդ դասարանը, նոր են ստեղծվել դասագրքերն ու ծրագրերը: Ասել, որ դպրոցը կայացել է կամ հակառակը, սուտ եւ ժամանակավրպեպ կլինի:Դրա համար պետք է առնվազն 3-5 տարի սպասել»:

Անցած կիսամյակը ամփոփելով` նախարարն ասաց, թե միջազգային ներդրումների շնորհիվ շարունակվում է 12 քոլեջների վերանորոգումը, լաբորատորիաների, համակարգչային լսարանների վերազինումը: 4 մարզերի 70 համայնքներում ստեղծվել են, այսպես կոչված, դպրոցահեն նախադպրոցական հաստատություններ, 230 դպրոցների տրամադրվել են նոր համակարգիչներ: 2011-ի վերջին ինտերնետ կունենա դպրոցների 98 տոկոսը:

ԿԳ նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այսօրվանից Բոլոնյան գործընթացը համանախագահում են Հայաստանն ու Լեհաստանը: Տարվա ընթացքում անցկացվելու են տարբեր միջոցառումներ:

Աշոտյանի խոսքով` արդեն ավարտված ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները բավականին ցածր են, եւ դրանք բացասական ազդեցություն կունենան կրթության որակի վրա:

«Ակնհայտ է, որ փորձում են բուհ ընդունվել մարդիկ, ովքեր ցանկանում են պատեհ պահը օգտագործել», - ասաց նախարարը:

Աշոտյանը նաեւ հայտնեց, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերը թեթեւացնելու նպատակով Երեւանի քաղաքապետը դիմել է նախարարությանը` առաջարկելով փոխել նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների, ինչպես նաեւ բուհերի դասերի մեկնարկի ժամերը: Այսպիսով, դպրոցները իրենց աշխատանքը կսկսեն 8:30-ին, իսկ բուհերը` 9:30-ին:
XS
SM
MD
LG