Մատչելիության հղումներ

Հունիսի 29-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Արտակ Դավթյանը (ՀՀԿ) ասում է. - « Այն, ինչ տեղի ունեցավ Կազանում, միանգամայն կանխատեսելի էր, եւ պատահական չէ, որ հանդիպումից առաջ Հայաստանի ղեկավարությունը, նաեւ շատ վերլուծաբաններ, հայտարարում էին, որ առաջընթացը մեծապես կախված է լինելու Ադրբեջանի նախագահի դիրքորոշումից։ Նույնիսկ դժվար չէր կանխատեսել, որ Ալիեւն այս անգամ էլ կներկայանա ինչ-ինչ նոր առաջարկություններով, ինչի մասին հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Կազանի եռակողմ հանդիպումը։ Սա արդեն գործելաոճ է դառնում ադրբեջանական կողմի համար. յուրաքանչյուր հանդիպումից առաջ ներկայացնել անիրականանալի պահանջներ, հետո սադրանքներ հրահրել սահմանում կամ ուժի ցուցադրություն կազմակերպել… Մինչեւ Ադրբեջանում համապատասխան մթնոլորտ չստեղծվի, հասարակական գիտակցության մեջ փոփոխություն տեղի չունենա, Ադրբեջանի նախագահից այլ գործելաոճ դժվար է ակնկալել»։

Նույն խնդրի մասին «Չորրորդ ինքիշխանության» մեկնաբանը գրում է. - «Մի քանի օր առաջ Բաքվում ռազմական շքերթ էր: Ադրբեջանցիները ինչ ունեին-չունեին` ցույց էին տալիս եւ հետն էլ սպառնում, թե «հեսա-հեսա» պատերազմ են սկսելու: Հայաստանում էլ դա սկզբից մինչեւ վերջ եթեր հեռարձակվեց, ու որեւէ մեկի մտքով չանցավ պարզապես ընդհատել եթերը: Սրանք այդ հնարքները կիրառում են միայն այն ժամանակ, երբ միջազգային լրատվամիջոցները ընդդիմության հանրահավաքներին են անդրադառնում, իսկ ադրբեջանական բանակի գովազդը սրանց չի մտահոգում: Երեւի դեռ մի բան էլ ոգեւորում է, որովհետեւ սրանք իրենց խելքով մտածում են, թե թշնամու հզորությունը ցուցադրելը ժողովրդին կստիպի հրաժարվել հեղափոխական տրամադրություններից եւ «համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը»: Նրանք, ովքեր տեսել էին այդ շքերթը, իսկույն իրենց պարտքը համարեցին հայտարարել, որ միեւնույն է` մեր բանակը ամենամարտունակն է, եւ սեպտեմբերին մենք նույնպես ցույց տալու բաներ կունենանք: Սա, իհարկե, բացարձակ ճշմարտություն է: Ավելին` ադրբեջանցիները իրենք էլ են հասկանում, որ այս պահին դեռ ի վիճակի չեն պատերազմ սկսել: Եթե ի վիճակի լինեին` կսկսեին»:

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցը, որի Հայաստանին վերաբերող բաժնում գույները, կարելի է ասել, բավական խտացված են: Մասնավորապես, այստեղ մենք կարող ենք նկատել ԱՄՆ-ի դժգոհությունը Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքից: Բանն այն է, որ Միացյալ Նահանգները արդեն մի քանի տարի է, որ թրաֆիքինգի համար ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն են ցուցաբերում Գլխավոր դատախազությանը: Եվ այս պարագայում գնահատականը, որ թրաֆիքինգի դեմ պայքարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը դժգոհ է Գլխավոր դատախազության աշխատանքից: Այսինքն` համարում է, որ ամերիկյան օժանդակությունը օգտագործվում է ոչ արդյունավետ: Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանության համար բավական բարդ է լինելու իրավիճակը երկար ձգել, եւ անհրաժեշտություն է առաջանալու վերանայել կա'մ գլխավոր դատախազի աշխատանքի արդյունավետությունը, կա'մ էլ պաշտոնավարման նպատակահարմարությունը»:

«Երկիր»-ը գրում է. - «Արարատի քաղաքապետի այս կիրակի կայանալիք քաղաքապետի ընտրություններում կրկին այդ պաշտոնին հավակնող Աբրահամ Բաբայանը երեկ ուշագրավ խոստովանություն է արել: «Այս անգամ ընտրակաշառք չի լինելու, բայց կարծում եմ, որ ընտրությունները ակտիվ են լինելու», - «Քվեն ուժ է» ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է հանրապետական քաղաքապետը: Հարցին, թե ինչ քայլեր է կատարել, որ ընտրակաշառք չլինի, պատասխանել է. - «Քայլեր անելու բան չկա: Շտաբին ընդամենը ասել եմ` չի լինելու դա, եւ վերջ: Ի՞նչ քայլեր, եթե գումարը չես տալիս, քայլ է արդեն»: Ինչո՞ւ է Աբրահամ Բաբայանը որոշել այս անգամ ընտրակաշառք չբաժանել եւ կամ ինչու նույն բանը շտաբին չէր ասել նախորդ տարիներին, չի պարզաբանել»:

«Հրապարակ»-ի խմբագիրը ասում է. - «Մինչ քաղաքական ուժերը ասում-խոսում-քննարկում են արտահերթ-հերթական ընտրությունների հարցը, իշխանությունը մանր-մանր, տակից իր սեւ գործն է անում. հիմնահատակ քանդում է ընտրական համակարգը, իսպառ վերացնում այն, ինչը կապ ունի ազատ-արդար-թափանցիկի հետ, անգամ դրա հետ կապված հին հիշողություններն ու աղոտ պատկերացումներն է արմատախիլ անում: Եթե առաջ ընտրություն չկար բարձր մակարդակի պետական ընտրություններում, ապա վերջին տարիներին ընտրական համակարգը հետեւողականորեն վերացվում է նաեւ մյուս բոլոր ընտրություններում՝ լինի թաղապետ-քաղաքապետի, թե ռեկտոր-քաղծառայողի: Ամենասարսափելին այն է, որ ընտրություն կոչվող հասկացությունը վերանում է մարդկանց գիտակցության մեջ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG