Մատչելիության հղումներ

Նախկին օդաչուները պահանջում են իրենց փոխհատուցումները


Հաշմանդամ օդաչուները բողոքում են նախագահի նստավայրի դիմաց, 28 հունիս, 2011
Հաշմանդամ օդաչուները բողոքում են նախագահի նստավայրի դիմաց, 28 հունիս, 2011
«Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության մոտ երկու տասնյակ անդամներ երեքշաբթի բողոքի ակցիա անցկացրին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք փոխհատուցումը:

«Մենք 5 տարի պայքարում ենք, որ փոխհատուցումը ստանանք, մեզ ոչ մի կոպեկ չեն փոխհատուցում, իսկ կառավարության կողմից քար լռություն: Մենք օդաչու հաշմանդամներ ենք, մեր հաշմանդամությունը ստացել ենք օդում, աշխատանքի ժամանակ: Մեզ փոխհատուցել են Խորհրդային միության օրոք: Մեզ պարտք են արդեն 570 միլիոն, ընդամենը 1.5 միլիոն դոլար», - իրենց խնդիրը ներկայացրեց միության անդամ, նախկին օդաչու Գագիկ Միրզոյան:

Նրա խոսքով՝ իրենց պետք է փոխհատուցի այն ընկերությունը, որը «փոխարինել է «Հայկական ավիաուղիներին»:

«Դա «Արմավիա»-ն է, նա իր վրա չվերցրեց այդ գործառույթը, իսկ դրանից հետո պետք է փոխհատուցի պետությունը», - ասաց Միրզոյանը:

Հաշմանդամ օդաչուները նախագահական նստավայրի դիմաց էին հավաքվել նաեւ մոտ մեկ ամիս առաջ եւ հանդիպում էին պահանջել նախագահի հետ: Նրանց խոստացել էին, որ հանդիպում կկազմակերպեն նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Հանդիպումը նրանց խոսքով, մինչ օրս չի կայացել:

Այսօր արդեն հաշմանդամ օդաչուներին ընդունեցին նախագահի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում: Ընդունելությունից հետո Գագիկ Միրզոյանը ասաց հետեւյալը. - «Մենք պահանջեցինք, որ հանդիպենք աշխատակազմի ղեկավարի հետ, ուրիշ ոչ մեկի հետ ցանկություն չհայտնեցինք հանդիպելու: Խոսք տվեցին, որ կփոխանցեն: Զանգեցին, հետո ասացին, որ [նախագահի աշխատակազմի ղեկավարը] տեղում չէ»:

Նախագահականի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում նախկին օդաչուներին խոստացել էին նրանց բողոքի մասին զեկուցել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Սակայն նախկին օդաչուները այնքան էլ չեն հավատում, որ իրենց հարցը կարող է լուծում ստանալ:

«Սրանից հետո մենք մեր պայքարի ձեւը պետք է փոխենք, պետք է դիմենք Ռուսաստանի նախագահին, ասենք, որ մեր կյանքի մեծ մասը «Աերոֆլոտ»-ում ենք աշխատել, թող օգնեն՝ փոխհատուցեն: Իրենք գումար չունեն, թող Ռուսաստանը օգնի», - ասաց Միրզոյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը այս խնդրի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախարարությունը «այս առումով անելիք չունի»:

«Նախկինում՝ մինչեւ 2004 թվականը լուծարվող կազմակերպությունների դեպքում, երբ իրավահաջորդը չէր լինում, կազմակերպությունը չկար, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: 2004 թվականից հետո փոփոխություն կատարվեց օրենսդրության մեջ, եւ պետությունը այդ դեպքում արդեն որեւէ պարտավորություն չունի քաղաքացիների հանդեպ», - ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերության սնանկության գործընթացը դեռ չի ավարտվել, եւ Արայիկ Պետրոսյանի փոխանցմամբ, հենց դա է պատճառը, որ գումարները չեն փոխհատուցվում:
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG