Մատչելիության հղումներ

Ստյոպա Սաֆարյանը ՀԱԿ-ին մեղադրում է ընդդիմադիր դաշտը կազմաքանդելու մեջ


Ստյոպա Սաֆարյան
Ստյոպա Սաֆարյան
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ինքն իրեն այսօր դրել է վտանգավոր փակուղու մեջ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` Կոնգրեսը պատահական չէ իր հանրահավաքը նշանակել հունիսի 30-ին: Դա, ըստ նրա, ուներ մի նպատակ` տեսնել, թե ինչպես է ավարտվում կազանյան հանդիպումը:

Սակայն, Սաֆարյանի համոզմամբ, Կոնգրեսի սպասումները չարդարացան, քանի որ ՀԱԿ-ը հաշվարկել էր, որ Կազանում Սերժ Սարգսյանը պարտադրված կլինի ստորագրել փաստաթուղթ կամ ժամանակ շահելու համար ստիպված կլինի վերադառնալ Հայաստան եւ կազմակերպել արտահերթ ընտրություններ:

«Եվ այս պարագայում Հայ ազգային կոնգրեսը ինքը իրեն դրել է բավականին վտանգավոր փակուղու մեջ, երբ, ըստ էության, ետքայլ անել չի կարող, որովհետեւ կստացվի, որ ինքն է, որ դավաճանում է երկխոսության սկզբունքներին, իսկ առաջ քայլ անելու տեղ չկա, որովհետեւ իշխանությունը զրկել է նրան այդ հնարավորությունից եւ չի ընդունում նրա կազմավորած պատվիրակությունը եւ ընդհանրապես չի ընդունում նրա կողմից առաջարկվող խաղի կանոնը», - ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայ ազգային կոնգրեսի հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքից, եւ արդյո՞ք Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կխստացնի իր դիրքորոշումը` հաշվի առնելով, որ պատվիրակությունների մակարդակով արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսելու ՀԱԿ-ի առաջարկը մերժվեց, Ստյոպա Սաֆարյանը արձագանքեց, թե բացառում է, որ Կոնգրեսը դիմի արմատական քայլերի` հաշվի առնելով այն հայտարարությունները, որ Տեր-Պետրոսյանը արեց իր վերջին ելույթներում` մերժեց հեղափոխությունը:

Բացի այդ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքերով, ՀԱԿ-ը ներկայիս իրավիճակը վտանգավոր է համարել արտաքին մարտահրավերների առումով, եւ եթե Կոնգրեսը որոշի գնալ արմատական քայլերի, ապա հարց կառաջանա, թե ինչո՞ւ են նրանք այսօր վտանգում ազգային անվտանգության շահերը:

«Այսինքն, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը իր հակասական ելույթներով, ըստ էության, փակուղի է մտցրել ՀԱԿ-ին», - ասաց Սաֆարյանը:

Անդրադառնալով Կոնգրեսի վերջին տարիների գործունեությանը` ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ Կոնգրեսը, ըստ էության, կազմաքանդել է ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմադիր շարժումը:

«Որեւէ հաղթանակ չապահովելով ընդդիմադիր շարժման համար, որեւէ բան չանելով` այդ ընդդիմադիր շարժումը ավելի հզորացնելու, այլ հակառակը` նույն դաշտում գործող ուժերին զուտ ուղղակի քաղաքական մենաշնորհ ունենալու դրդապատճառներով քարկոծելով, ՀԱԿ-ը ինքը կազմաքանդեց ոչ թե ավազակապետությունը, այլ ընդդիմադիր դաշտը», - հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG