Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Մեդվեդեւը վերջնագիր է ներկայացրել հայ եւ ադրբեջանցի գործընկերներին»


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.

«Նախագահ Մեդվեդեւը վերջնագիր է ներկայացրել իր հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցներին` սպառնալով, որ այլեւս չի զբաղվի ղարաբաղյան կարգավորմամբ», - պնդում է «Կոմերսանտ»-ը:

Մոսկովյան պարբերականը զրուցել է Կազանի բանակցություններին մասնակցած ռուս դիվանագետներից մեկի հետ, որի ինքնությունը, սակայն, թերթը չի բացահայտում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը «Կոմերսանտ»-ին փոխանցել է. - «Կազանի հանդիպման ժամանակ բավական անսպասելիորեն ի հայտ եկան այնպիսի տարաձայնություններ, որոնք կողմերը վաղուց հաղթահարված էին համարում: Խոսքը ոչ միայն զուտ տեխնիկական խնդիրների մասին է, այլեւ շատ ավելի էական հարցերի, օրինակ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագա հստակեցման»:

«Խնդիրը նույնիսկ տարաձայնությունները չեն, այլ այլն իրողությունն է, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները: Նման բան չեն անում», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` Կազանի հանդիպման տապալումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Դմիտրի Մեդվեդեւի խաղաղարար առաքելության ճակատագրի վրա:

Թերթի բարձրաստիճան կրեմլյան աղբյուրը փոխանցել է. - «Նախագահ Մեդվեդեւն այն աստիճան է հիասթափված Կազանի հանդիպման արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել ղարաբաղյան ուղղությամբ բոլոր խաղաղարար ջանքերը»:

«Կոմերսանտ»-ի կրեմյան աղբյուրը նաեւ ասել է. - «Եթե մոտ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն չհայտնեն լուծել կուտակված խնդիրները, ապա մենք կհամարենք, որ միջնորդական այս առաքելությունը մոտեցել է ավարտին»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին փաստացի վերջնագիր է ներկայացրել` նշելով. - «Հաջորդ եռակողմ գագաթնաժողովի անցկացումը հնարավոր է միայն մի դեպքում, եթե դրա ընթացքում ստորագրվի ղարաբաղյան կարգավորման պատրաստված պլանը»:

«Հանդիպումը կկայանա միայն մի դեպքում` երբ կողմերը հստակորեն հայտարարեն, որ պատրաստ են ստորագրել կարգավորման հիմնարար սկզբունքները», - «Կոմերսանտ»-ին փոխանցել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG