Մատչելիության հղումներ

Հունիսի 24-ի մամուլ


«Երկիր»-ը գրում է. - «Առաջին եւ երրորդ նախագահների միջեւ սկսվել է հետաքրքրական հեռակա մի երկխոսություն, որը բացահայտում է ներկա եւ նախկին իշխանությունների գաղափարական եւ աշխարհայացքային ընդհանրությունները: Այն կարող է հանգեցնել քաղաքական դաշտում նոր եւ լուրջ սրբագրումների: Խոսքը չի վերաբերվում միայն նրան, որ երկու նախագահներն էլ նախընտրում են բարդ, բազմաքայլ կոմբինացիաներով հագեցված տակտիկական պայքարը, որը Տեր-Պետրոսյանը պատկերավոր բնորոշեց որպես շախմատային պարտիա: Հունիսի 22-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը փաստացի առաջին անգամ հրապարակավ, թերեւս նաեւ ի լուր ընդդիմության, արտահայտեց իր ակնածանքն ու համակրանքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ: ՀԱԿ առաջնորդը գուցե տեղյակ չէր, թե Ստրասբուրգում ինչպիսի ռեւերանս է անելու իր «քաղաքական հակառակորդը»: Փաստն այն է, սակայն, որ դրա հաջորդ օրը «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը բացահայտ կերպով արդարացնում է գործող նախագահի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին բոլոր ձեռնարկումները»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթում կարդում ենք. - «Այնպես է ստացվել, որ Հայաստանի քաղաքական դաշտը իսկապես էլ ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ «երեք նախագահների շրջանակից»: Դրա պատճառը այն է, որ Հայաստանի համար կարեւորագույն հարցերում (օրինակ` Ղարաբաղի հարցում) կան երեք տարբեր մոտեցումներ, եւ երեք նախագահներից յուրաքանչյուրը (անկախ նրանց լեգիտիմության աստիճանից, անձնական որակներից եւ այլն) այդ մոտեցումներից մեկի կրողն է, իսկ չորրորդ մոտեցում պարզապես չկա: Լեւոն Տեր-Պետրոսյան. «Պետք է անպայման կարգավորել ղարաբաղյան խնդիրը` գիտակցելով հանդերձ, որ ընտրություն ենք կատարելու վատի եւ վատթարագույնի միջեւ, որովհետեւ առանց այդ կարգավորման Հայաստանը զարգացման հեռանկար չունի: Ռոբերտ Քոչարյան. «Տո լավ է, ի՞նչ կարգավորում, ի՞նչ բան, ոչ մի բան էլ պետք չէ անել, հազիվ առիթ ա` մի երկու կոպեկ փող ենք աշխատում, պետք ա կյանքը վայելել, մինչեւ տեսնենք գլուխներիս ինչ ա գալիս»: Սերժ Սարգսյան. «Այսպես երկար շարունակվել չի կարող, ինչ-որ բան պետք է անել, բայց թե ինչ է պետք անել` ես էլ չգիտեմ: Երեւի էլի ժամանակ ձգենք` հալբաթ մի տեղից մի դուռ կբացվի: Համ էլ` Քոչարյանը ճիշտ ա մտածում, հազիվ առիթը կա` մի երկու կոպեկ փող ենք աշխատում»:

«Ժամանակ»-ին տված հարցազրույցում Երեւանի պետական համալսարանի քաղաքականության եւ մշակութային ուսումնասիրություններին կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը ասում է. - «Այս պայմաններում սպասել որեւէ լուրջ առաջխաղացման` պատրանք է, հատկապես, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես այնպիսի հայտարարություններ է անում, որոնք հիմք չեն տալիս վստահության: Սակայն ամեն դեպքում չեմ էլ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարության համար այս կոնֆլիկտը սառեցված վիճակից հանելը ձեռնտու է… Լեռնային Ղարաբաղի նման հարցերը հնարավոր է լուծել միայն երկու ճանապարհով: Առաջին ճանապարհը ժողովրդավարական հասարակության մեջ ընդունված ուղիներն են, որի վերջին շրջանի ամենահայտնի օրինակը Քվեբեկի ինքնորոշման շուրջ գործընթացն էր: Երկրորդ ճանապարհը կոնֆլիկտի տրանսֆորմացիան է, երբ սկսվում է համագործակցություն այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է, եւ աստիճանաբար իրավիճակը բերում է նրան, որ կոնֆլիկտի էությունը կորչում է»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը ղարաբաղյան խնդրի հետ կապված որեւէ լուծման: Երբ հետեւում ես հասարակության մեջ շրջանառվող կարծիքներին, թվում է` ոչ մի լուծում այսօր չի կարող բավարարել: Չէ, անշուշտ կա մի տարբերակ, որը կբավարարի բոլորիս` եթե Լեռնային Ղարաբաղը հռչակվի անկախ` նրան հարակից տարածքների ու Լաչինի հետ միասին: Դրան գումարած` ոչ մի խաղաղապահ չժամանի տարածաշրջան, եւ Լեռնային Սարաբաղի կարգավիճակը սահմանող հանրաքվեի մասին մոռանան կամ կազմակերպեն հենց այսօր` Լեռնային Ղարաբաղի այսօրվա տարածքում: Մյուս բոլոր լուծումներից ցանկացածը մեզանում եւ Ղարաբաղում ընդունվելու է սվիններով»: Եթե անվտանգության գոտուց մի թիզ անգամ ետ վերադարձվի Ադրբեջանին, աղմուկ են բարձրացնելու կռված տղերքն ու հայտարարելու են, որ արյունով գրավված հողերը չի կարելի վերադարձնել: Մի խոսքով՝ ծանր վիճակում է հայտնվել Հայաստանի իշխանությունը եւ հատկապես Սերժ Սարգսյանը, որը ստիպված է լինելու վավերացնել այն, ինչից խուսափեցին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»:

«Առավոտ»-ի թղթակիցը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցնում է. - «Մինչ նախագահի այցելությունը` ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կայացել էր Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ ելույթ էր ունեցել նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Նրա գնահատականներն ու շեշտադրումները համահո՞ւնչ էին նախագահի հետ հանդիպման ժամանակ արված շեշտադրումներին»: Պատասխան. - «Սկզբունքորեն շեշտադրումները գրեթե նույնն էին, ինչ հնչեցին նախագահի հետ հանդիպման ժամանակ` ներկա փուլի գնահատականը դրական է: Խնդիրը, որն այս պահին շատ կարեւորում է ե'ւ հանրապետության նախագահը, ե'ւ համազեկուցող Պրեսկոտը, մարտի 1-ի հետ կապված` նախագահի հանձնարարականի պատշաճ կատարումն է եւ հնարավոր ուղիները, թե լրացուցիչ ինչ է անհրաժեշտ կատարել: Մասնավորապես ոստիկանության բարեփոխման հետ կապված մի շարք հարցադրումներ ներկայացվեցին, եւ նախագահը նշեց, որ դրանք կլինեն իր ուշադրության ներքո»:
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG