Մատչելիության հղումներ

Հունիսի 22-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Երբ փորձում ենք հետեւել Հայաստանի Հանրապետության վարքագծին, որպես պետություն, անկախության 20 տարիների պրիզմայով, ապա կանգնում ենք ահռելի մի գահավիժման փաստի առաջ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտից վերածվել է համաշխարհային քաղաքականության օբյեկտի: Բանն այն է, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտ էր դեռ այն ժամանակ, երբ անկախություն ձեռք չէր էլ բերել: 1988-89, նաեւ 90 թվականներին Հայաստանն արդեն սուբյեկտ էր, որն իհարկե համաշխարհային առումով ոչինչ չէր որոշում, բայց որոշում էր իր ճակատագիրը, որը երբ տեղավորում ենք համաշխարհային քաղաքական այդ ժամանակի սցենարների մեջ, ստանում է բավական լուրջ միջազգային նշանակություն: Եվ քանի որ այդ ճակատագիրը տնօրինողը հայ ժողովուրդն էր, Հայաստանի հասարակությունը, գոնե մի ահագին մասով, ուրեմն եւ Հայաստանը դեռ անգամ միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ չլինելով, այդուհանդերձ դե ֆակտո հանդիսանում էր համաշխարհային քաղաքականության սուբյեկտ»:

«Երկիր»-ի մեկնաբանը գրում է. - «Ադրբեջանում ակնկալում են, որ ՀԱԿ-ը կօգնի Հայաստանի իշխանություններին գնալ զիջումների Բաքվում շունչները պահած հետեւում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ իշխանությունների եւ ՀԱԿ-ի փոխհարաբերություններին: Սկզբում Ադրբեջանում հույս ունեին, որ ՀԱԿ-ը կդիմի հեղափոխական քայլերի, որոնց կհաջորդի իրավիճակի ապակայունացումը, բայց հետո հիասթափված նշեցին, որ «հայերը, ի տարբերություն ադրբեջանցիների, հասկացան, որ ապակայունացումը բարդություններ կառաջացնի ղարաբաղյան ճակատում»:Այսօր ադրբեջանցի քաղաքագետները հույս են փայփայում, որ կձեւավորվի ՀՀԿ-ՀԱԿ տանդեմ` ենթադրելով, որ Կոնգրեսը հանրապետականներին կօգնի Ադրբեջանի հետ գնալ կոնկրետ պայմանավորվածությունների Ղարաբաղի հարցում… Ճիշտ է, կա մի թույլ մխիթարություն. մինչ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը (հունիսի 24-ին) նրանք հազիվ թե որեւէ բանի շուրջ համաձայնության գան: Նշանակում է կարելի է հուսալ, որ այնտեղ ոչ մի լուրջ բան չի ստորագրվի: Բայց Կազանով կյանքը չի ավարտվում: Եվ փաստը մնում է փաստ, որ Հայաստանը պետք է արմատապես փոխի իր մոտեցումները Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:

«Հրապարակ»-ում կարդում ենք. - «Անսպասելի չէր, որ Սերժ Սարգսյանը մերժեց Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկած բանակցային ձեւաչափով երկխոսությունը, քանի որ հակառակ պարագայում կնշանակեր ընդունել, որ երկրում կա երկու իրավահավասար ուժ` իշխանություն եւ Հայ ազգային կոնգրես: Հայտնի ելույթում գործող նախագահը քաղաքացիական հասարակությանը խոստովանեց նաեւ, որ Կոնգրեսի հետ արդեն մի քանի ամիս է` երկխոսում են, ինչն այս ընթացքում մերժում էր ՀԱԿ-ը: Սերժ Սարգսյանի ելույթից պարզ է դառնում, որ երկխոսությունը փոխշահավետ է` գործընթացն իրականացնում ենք, եւ երկուսս էլ շահ ենք ստանում դրանից, հետեւաբար ի՞նչ իմաստ ունի ֆորմալիզացնել այն: Չէ՞ որ եթե իշխանությունը ընդունի երկխոսության ՀԱԿ-ի ձեւաչափը, կհամաձայնի, որ երկրում կա իրեն դոմինանտ իշխանություն, եւ դրանով գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ին կընձեռնի դիրքային առավելություն»:

«Հայոց Աշխարհ»-ի լրագրողը ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցնում է. - «Փորձեր են արվում յուրովի մեկնաբանել նախագահի ասածները. իբր Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին մատնացույց անելով` Սերժ Սարգսյանը «նշանակել է» իշխանության 3 պատվիրակներին, մնում է՝ երկու հոգի էլ կոալիցիոն մյուս կուսակցությունները առաջադրեն, եւ պատվիրակության կազմը կամբողջանա»։ Պատասխան. - «Պիտի այդպես ասեն, որովհետեւ, մի կողմից` ցայտնոտի մեջ են, մյուս կողմից` դաշտն այնպիսին է, որ ուղղակի չեն կարող մերժել, առավել եւս նախագահի հստակ շեշտադրումներից հետո։ Նաեւ կարեւոր բանաձեւումներ կային նախագահի խոսքի մեջ` երեք տարբեր սցենարներ, որոնք հնարավոր են դարձնում քաղաքական նոր մշակույթի ձեւավորումը, քաղաքակիրթ փոխհարաբերությունների հաստատումը մեր երկրում։ Դա է մեր թիմը` կոալիցիոն թիմը, որ պատրաստ է լսել բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները եւ առաջարկությունները։ Իսկ ՀԱԿ-ը առաջարկում է նշանակել ինչ-որ բազմապրոֆիլ, երկնքից իջած մարդկանց, որոնք ամեն ինչ գիտեն եւ ամեն ինչից կարող են խոսել»։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը «Կապիտալ»-ին ասում է. - « Կարելի է փաստել, որ երկրի կառավարման համար պատասխանատու մարդիկ սխալվում են: Սակայն այդ դեպքում հասարակության մոտ պետք է հնարավորություն լինի շտկել այդ սխալն ընտրությունների միջոցով: Եթե հասարակությանն այդպիսի հնարավորություն չեն տալիս եւ իրավիճակը ստիպողաբար կարծրացնում են, ապա հասարակությունը Հայաստանում դրան արձագանքում է արտագաղթով: Չարտագաղթած հասարակությունը սկսում է քայքայվել: Մենք մեղադրում ենք գործող իշխանությանը հենց վատորակ կառավարման մեջ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG