Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը պատրաստ է Հայ ազգային կոնգրեսի հետ քննարկումների


Հեղինե Բիշարյան
Հեղինե Բիշարյան
Հայաստանի իշխող կոալիցիայում ընդգրկված «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստ է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ քննարկումների: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նշելով, որ ի տարբերություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` «Օրինաց երկիր»-ը չի պատրաստվում նախապես քննարկել ՀԱԿ-ի հետ երկխոսության հարցը, Հեղինե Բիշարյանը հայտարարեց. - «Մենք պատրաստ ենք այդպիսի ձեւաչափ ընտրել եւ սեղանի շուրջ քննարկումներ կատարել: Շատ կարեւոր մոտեցում է դա, եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը խնդիր չի տեսնում սեղանի շուրջ անձերով, անհատներով հանդես գալու եւ քննարկումները կատարելու: Եվ կարծում եմ, որ այստեղ որեւէ քննարկման թեմա էլ չկա: Եթե կգա այդ օրը, որ արդեն անհրաժեշտ է, որպեսզի մենք սկսենք այդ քննարկումները, «Օրինաց երկիր» կուսակցությունը կտա իր թեկնածուներին, որը ընդամենը տեխնիկական խնդիր է, եւ կմասնակցի»:

Հեղինե Բիշարյանը կարծում է, որ երկխոսությանը «Օրինաց երկիր»-ը առաջին դեմքով չի մասնակցի:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հարցին, ապա Բիշարյանի մոտեցումը հետեւյալն է. - «Քննարկման սեղանին դնելու առաջնային խնդիր չեմ համարում արտահերթ ընտրությունների հարցը, որովհետեւ այսօր որեւէ հող ստեղծված չէ արտահերթ ընտրությունների համար: Ավելին, որպես վերջին տարիներին քաղաքական դաշտում, այսպես ասած, ակտիվ քաղաքական գործիչներից մեկը լինելով` ես գտնում եմ, որ արտահերթ ընտրությունների համար որեւէ վիճակ չկա եւ չի էլ կարող լինել»:

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության վերաբերյալ իր հայտարարության մեջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, առաջարկել էր. - «Եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ»:

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության հարցը քննարկելու է երեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG