Մատչելիության հղումներ

Ղարաբաղում քննարկում են քարածխի արդյունահանման հնարավորությունները


Լեռնային Ղարաբաղի տարածքում բավականին մեծ քանակությամբ քարածխի պաշարներ կան, եւ այնտեղ այժմ քարածխի արդյունահանման աշխատանքներին ուղղված քննարկումներ են սկսվել:

Օրերս Ղարաբաղ այցելեց Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով հայտարարեց, թե այժմ քննարկվում է, թե ինչ տեխնոլոգիաներով եւ ինչ եղանակով կարելի է «քարածխի այդ պաշարներն արտահանել»:

«Քարածխի պաշարները բավականին հետաքրքիր են ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի էներգետիկ տնտեսությունների համար: Դա հնարավորություն կտա ազդեցություն ունենալ միջազգային շուկայում էներգակիրների այս աննախադեպ գների աճի տենդենցի վրա եւ փորձել գոնե մեր տարածաշրջանում զսպել էներգետիկ ցնցումները», - ասաց նախարար Մովսիսյանը:

Քարածխի պաշարները գտնվում են Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի տարածքում: Պաշարների առկայությունը հաստատվել է դեռեւս 1980-ական թվականների վերջերին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում:

ԼՂ վարչապետ Արա Հարությունյանի հավաստմամբ` սա լինելու է Ղարաբաղի եւ Հայաստանի էներգետիկ անկախության լուրջ ծրագրերից մեկը. - «Որովհետեւ այսօր գազից հետո երեւի հիմնական վառելիքը համարվում է քարածուխը: Ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի ստացման համար դա եւս լուրջ հարստություն է Արցախի համար, եւ էներգակիրների այսօրվա միջազգային գները թույլ են տալիս այդ հանքի շահագործումը Արցախում», - հայտարարարեց Հարությունյանը:

Վարչապետը վստահեցնում է, որ ընդամենը 2-3 տարիների ընթացքում Ղարաբաղը էներգետիկ առումով ոչ միայն անկախ կդառնա, այլ նաեւ արտահանման հնարավորություն կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG